Հայաստանի պատմության թանգարանում կայացավ 2023 թվականին թանգարանի կողմից հրատարակված գրքերի շնորհանդես-վաճառքը։
Ներկայացվել էին հետեւյալ աշխատությունները՝ Ա. Իսրայելյան՝ «Աղ ու հաց», «Լճաշենի ամրոցն ու դամբանադաշտը» (կազմող՝ Բեն Վարդանյան), «Հայաստանի քարի դարը։ Կատալոգ-պատկերագիրք։ Հատոր I։ Ստորին պալեոլիթ», Հ. Հովհաննիսյան՝ «Sylloge Nummorum Byzantinorum Armenia IV. բյուզանդական դրամներ. Byzantine Coins (1028-1059)», «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 11-րդ եւ 12-րդ համարներ, Լ. Ավանեսյան՝ “The Etymology and Semantics of Ornaments in Armenian Carpets”։
Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը նշեց, որ 2021 թվականից արդեն ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի, գրքի տոնին ընդառաջ, թանգարանը կազմակերպում է նախորդ տարվա հրատարակությունների շնորհանդես։
«Նախ ներկայացնում ենք նոր հրատարակությունները, որովհետեւ տեսնում ենք, որ ընթերցողները, հետազոտողներն ու մասնագետներն ունեն անմիջական շփման կարիք։ Ընթերցողները գիրք ձեռք բերելուց զատ, ծանոթանում են հեղինակների հետ եւ միասին քննարկում բազմատեսակ հարցեր։ Միջոցառումն այդ տեսանկյունից բավականին հետաքրքիր է։ Այս անգամ ընթերցասեր հանրությանն ենք ներկայացրել վեց մենագրություն, կատալոգ եւ հետազոտական բնույթի տարբեր աշխատություններ, ինչպես նաեւ մեր թանգարանի աշխատությունների երկու նոր համարները։ Ներկայացված գրքերն, ինչ խոսք, բազմաբովանդակ են՝ հնագիտությունից մինչեւ դրամագիտություն եւ ազգագրություն»,- ասաց Երանյանը։
Նրա տեղեկացմամբ՝ օրինակ՝ Լճաշենի հնավայրից հայտնաբերված քարե դարի գործիքների մասին պատմող աշխատությունը Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն է եւ դեռ խորհրդային ժամանակաշրջանից սպասված գիրք է, քանի որ շքեղ գտածոները պեղվել են մասնագետների, մասնավորապես՝ Հարություն Մնացականյանի արշավախմբի անդամների կողմից։ Ներկայացրել ենք նաեւ թանգարանի զենքերի կատալոգը, որի երկամյա վաղեմության հրատարակումը հնարավոր եղավ հովանավորչության շնորհիվ։ Հովանավորի ցանկությամբ՝ տպագրված 200 օրինակներն ամբողջությամբ սպառվեցին նվիրատվության եղանակով։ Դրա վերահրատարակումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ Կարեւոր արժեք են ներկայացնում նաեւ բյուզանդական դրամներին եւ գորգագործությանը նվիրված աշխատությունները։ Վերջինը հրատարակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված օտարերկրյա գրականության հանրահռչակման դրամաշնորհի միջոցով։ Այն տպագրվել է 1000 օրինակով եւ բաժանվելու է աշխարհի տարբեր գրադարաններին ու համալսարաններին։
«Ներկայացված գրքերն իրենց գիտական արժեքով եւ գեղագիտական նշանակությամբ բարձորակ հրատարակություններ են, լուսանկարներով, ուղեկցող ընդարձակ ու հետաքրքիր տեքստերով։ Մեզ համար առանձնահատուկ կարեւոր են նաեւ Պատմության թանգարանի երկու հատորները, որոնց հրատարակման աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ դարի 40-ական թվականներից՝ Կարո Ղաֆադարյանի գլխավորությամբ։ Խորհրդային տարիներին հրատարակվել են որոշ համարներ (յոթերորդը՝ 1981 թվականին), տպագրական աշխատանքները վերսկսվել են 2021 թվականից։ Արդեն ունենք հինգ ձեռնարկ, որոնց վերաբերյալ ստացել ենք շատ դրական արձագանքներ։ Այնպես որ, մեր թանգարանի հատորները գեղագիտական ու գիտական առումով նույնպես ներկայանալի աշխատություններ են»,- ասաց Երանյանը։
Նա հավելեց, որ տարեկան փորձում են հրատարակել թանգարանի աշխատությունների առնվազն երկու հատոր՝ հետաքրքիր հոդվածներով, որոնց հեղինակները նաեւ արտասահմանից են։ Օրինակ՝ 2023 թվականի հրատարակությունն իր մեջ ամփոփել է քառասուն հոդված, որոնցից տասներեքն արտերկրից էին։
«Մեր օրերում գիրք հրատարակելը բավականին բարդ ու ծախսատար գործընթաց է։ 21-րդ դարում հնարավոր չէ հրատարակել ցածր տեխնիկական որակի գրքեր եւ ակնկալել, որ դրանք կունենան պահանջարկ։ Հրատարակչական աշխատանքը, սկսած պատրաստական փուլից, հսկայական գործընթաց է։ Չափազանց կարեւոր են նաեւ վերականգնողական աշխատանքները, եւ ես շնորհակալ եմ մեր ֆոնդապահներին ու վերականգնողներին՝ չերեւացող ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար։ Տեքստերի պատրաստումը նույնպես ժամանակատար պրոցես է, որին միանում է թանգարանի ամբողջ թիմը։ Մեր գրքերը հիմնականում հրատարակվում են մեր կարողություններով, այսինքն՝ թանգարանի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձեւավորված միջոցներով։ Դիմում ենք նաեւ մեկենասներին եւ հովանավորներին»,- ասաց Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրենը։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵՐԺԻ ՎԱՎԵՐԱԳՐՈՂՆԵՐԸ
Գյումրու համայնքային ցուցասրահում բացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին։
Թեեւ Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան 1863-1924 թթ.) անունը հիմնականում կապում են թատերական արվեստի հետ, սակայն բեմական եւ գրական գործունեությանը զուգընթաց շուրջ երեք տասնամյակ նա զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թթ. նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին, եւ հենց նրա անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները:
Ցուցադրությունում տեղ են գտել նաեւ Արամ Վրույրի որդիների՝ Արա եւ Արտաշես Վրույրների կողմից արված մի շարք արխիվային լուսանկարներ։ Լուսանկարչի որդիների շնորհիվ պահպանվել եւ մեզ են հասել Ադրբեջանի կողմից ոչնչացված Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի հետ համատեղ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգում Եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հարությունյանը 1/8 եզրափակչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող Կամիլ Կերյմովին` 10:0: Քանի որ այս քաշային կարգում մասնակիցները քիչ են, Արսեն Հարությունյանն այս հաղթանակից հետո միանգամից անցել է կիսաեզրափակիչ փուլ։
65 կգ քաշում Վազգեն Թեւանյանը 1/8 եզրափակիչում գերազանցեց լեհ Կրիստոֆ Բինկովսկուն:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1/8 եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասավ Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովի նկատմամբ:
79 կգ քաշային Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 6:6 հաշվով պարտության մատնեց (հաղթանակը տրվում է վերջին միավորը վաստակողին) Ռումինիան ներկայացնող Լակուբ Շիղզալամովին:
97 կգ քաշային կարգում Սերգեյ Սարգսյանը պարտվեց 1/8 եզրափակիչում` զիջելով Ահմեդ Բատաեւին:
ՀԱՄԱԼՐԵԼ Է ԿԱԶՄԸ
Երեւանի «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի մեկնարկից առաջ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը: Վերջինս հայրենիքում հանդես է եկել «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» եւ «Ռուխ» ակումբներում, ավելի քան 50 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի պրեմիեր լիգայում:
Պարամոնովը երեք մրցաշրջան է անցկացրել Երեւանի «Ուրարտու»-ի կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր:
«Ալաշկերտ»-ի նորեկը թիմի կազմում մասնակցել է Բելեկում կայացած ուսումնամարզական հավաքին:
ՆՈՐ ՏՐԱՆՍՖԵՐ
Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին է միացել Նոր Զելանդիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Լոգան Ռոջերսոնը։
Ռոջերսոնը կարիերայի սկզբնական փուլն անցկացրել է Նոր Զելանդիայի առաջնությունում։
2021 թ. Ռոջերսոնը միացել է ֆիննական ՀԻԿ-ին, այնուհետեւ տեղափոխվել է նույն առաջնությունում հանդես եկող «Հակա»։
Ֆինլանդիայի առաջնությունում մեր թիմի նորեկն անցկացրած 52 խաղում դարձել է 7 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նոր Զելանդիայի ազգային հավաքականում անցկացրած 9 խաղում Ռոջերսոնը դարձել է 1 գոլի հեղինակ։