ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ԱՐԵԼ. ՓԱՍՏԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու՞ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմի 4 զոհից հետո Պաշտպանության նախարարությունը ԳՇ պետի տեղակալների  նշանակման կամ նրանց փոփոխության մասին մտածեց, ինչո՞վ էին մինչ այս զբաղված ՊՆ-ում, երբ մեր երկիրը պատերազմի մեջ է: Ինչպես հայտնի է, փետրվարի 13-ին Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, 1 վիրավոր: Պարզվում է՝ դեպքից հետո ՊՆ-ում սկսվել են կադրային նշանակումներ ու փոփոխություններ։ Կամո Քոչունցը ազատվեց ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, եւ նրա փոխարեն ՊՆ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց Արթուր Երոյանը: Մինչ այդ պատերազմող երկրում ԳՇ պետի տեղակալի երկու պաշտոն տեւական ժամանակ  շարունակում էին թափուր մնալ, ու ՊՆ-ում սթափվեցին այն բանից հետո, երբ Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետեւանքով հայկական կողմը ունեցավ 4 զոհ, ու մեկը մյուսի հետեւից սկսեցին նշանակումներ կատարել: Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 14-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակվեց Կարեն Գրիգորյանը: Ստացվում է, որ մինչեւ դժբախտությունը մեր դուռը չի հասնում, գործուն քայլեր չեն իրականացնում կոռումպացված իշխանությունները:

 

 

 

Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունում խառն են. չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել ավագանու անդամի իրենց մանդատների հետ: «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը  վերջերս հայտարարել էր՝ պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ նա մտափոխվել է ու չի պատրաստվում դեռ վայր դնել մանդատը։ «Առաջիկայում չեմ պատրաստվում վայր դնել մանդատս, դեռ կպահեմ այն. երբ հարմար կգտնեմ, կդնեմ»,-ահա այսպես արձագանքեց նա «Ժողովուրդ» օրաթերթի հարցին: Նշենք, որ այս խմբակցությունը ավագանիում ամենափոքր ներկայացվածությունն ունեցող ֆրակցիան է, որն ունի ընդամենը  6 անդամ, որոնցից Արտակ Գալստյանը կալանավորված է, ուստի չի կարող մասնակցել նիստերին, Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հանրային քրեական հետախուզում է հարուցված, նա հետախուզման մեջ է, Անուշ Գինոսյանն էլ հայտարարել է, որ դուրս է գալիս «Հանրային ձայն»-ից ու շարունակելու է հանդես գալ որպես ավագանու անկախ անդամ: Փաստացի ստացվում է, որ այս պահի դրությամբ ֆրակցիան ավագանիում ներկայացված է ընդամենը 3 հոգով:

 

 

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պատրաստ է գնալ Ազգային ժողով եւ հանդիպել իշխանական պատգամավորների հետ, բայց դեռ հրավեր չունի: Ինչպես հայտնի է, Դատական դեպարտամենտի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավորները պատրաստվում են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կանչել ԱԺ՝ պարզաբանումների: Խոսքը «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտում դատական իշխանությունից» վերնագրով տեսանյութի մասին է, որտեղ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը մեղադրում է առանձին դատավորների եւ փաստաբանների՝ նախկին նախագահների եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունների ձգձգման համար: Տեսանյութում ակնհայտորեն թիրախավորելով դատավորներին ու փաստաբաններին՝ ԲԴԽ-ն փորձում է արդարանալ հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական մի շարք գործերի բացահայտման ձախողման համար: Հավանաբար, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ինքնագլուխ է գործել ու նման խայտառակ տեսանյութ պատրաստելու պատվեր է տվել, հիմա իշխանականները որոշել են փակ հանդիպման կանչել Անդրեասյանին՝ պարզաբանումներ ստանալու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ՝ հասկանալու համար,  թե Կարեն Անդրեասյանը ստացել է արդյոք Ազգային ժողովից հրավեր եւ պատրաստ է  արդյոք գնալ ԱԺ ու հանդիպել ՔՊ-ականներին։ Ի պատասխան՝ ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնեց, որ դեռեւս շատ վաղուց Ազգային ժողովի ամբիոնից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մինչ տեսանյութի հրապարակումը հայտնել էր, որ պատրաստ է Աժ բոլոր ֆրակցիաների  հետ թե՛ բաց, թե՛ փակ քննարկումերի, բայց դեռեւս հրավեր չի ստացել։

 

 

 

 

Այսօր՝ փետրվարի 20-ին, լրանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 36-րդ տարին: 1988 թվականի փետրվարի 20-ին արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով Հայաստանին: Արցախյան շարժումը հաղթանակի ու պայքարի մի նոր  էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այսօր՝ 36 տարի անց,  ունենք մի իրավիճակ, երբ Արցախը լքված է, հայաթափված ու թշնամու արյունարբու ձեռքերում: Երեւանում եւ Ստեփանակերտում արցախյան շարժման օրը տարբեր միջոցառումներ են մշտապես կազմակերպվել: Չնայած ցավոտ հանգամանքների բերումով ստեղծված իրավիճակին՝ այս տարի էլ որոշ միջոցառումներ կլինեն Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախի ԱԺ բոլոր  խմբակցությունները եւ կառավարությունը վաղ առավոտյան այցելելու են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին: Այնուհետեւ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում տեղի կունենա հանդիպում-քննարկում՝ Արցախի ներկա եւ նախկին պատգամավորների մասնակցությամբ. Արցախի խորհրդարանը նաեւ հայտարարությամբ հանդես կգա: Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, թերեւս զարմանալի չէ. նրանց օրակարգում արդեն վաղուց Արցախի հարց չկա, ուստի որեւէ հատուկ միջոցառում չեն նախատեսում: Փոխարենը երեկոյան մեծ հանրահավաք է նախաձեռնել «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը Ազատության հրապարակում` նվիրված արցախյան շարժման հերթական տարեդարձին: Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է գործող իշխանությունների հրաժարականը: Ինչպես մեզ փոխանցեցին, հանրահավաքին մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Արցախի ընդդիմադիր պատգամավորները, ինչպես նաեւ քաղաքական հայտնի գործիչներ:




Լրահոս