Ուրվագծվում է կեղծ հեղափոխության սցենարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ի նախաձեռնած հանդիպումներից հատկապես վերջին` Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծառուկյանի հանդիպման բովանդակության մասին օրեցօր նոր վարկածներ են դրվում շրջանառության մեջ:

Հետաքրքիրն այն է, որ ըստ այդ բոլոր վարկածների` ԲՀԿ-ն բոլորին իր կանոններն է թելադրում, և այդ կանոններով շարժվելը չի կարող տանել դեպի երկրում իրավիճակի փոփոխություն: Օրինակ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` Ծառուկյանը մերժել է «Ժառանգության» առաջարկած` ամբողջական իշխանափոխության հարցը: Ժառանգականները լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել են, թե հանդիպման ժամանակ քննարկվել են երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները: Այս ամենն, իհարկե, ավելի շատ հանրապետականների խոսելաոճն է հիշեցնում, այսինքն` տալ ոչինչ չասող և խուսափողական պատասխաններ: Հետևաբար, ենթադրելի է, որ արդյունքները բնավ էլ ժառանգականների սրտով չեն:

Չորս ուժերի համագործակցության նման զարգացումն ամբողջովին սպասելի է, քանի որ նախ կա մի հստակ գոծող սկզբունք` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Իսկ այս պահին նյութական ռեսուրսները ԲՀԿ-ի ձեռքում են, հետևաբար, նրանք էլ երաժշտություն պատվիրողները պետք է լինեն: Կա նաև մյուս գործող սկզբունքը, այն, որ օլիգարխը ընդդիմադիր լինել չի կարող, այլ ընդամենը կարող է իշխանության կազմում որոշակի հավակնություններ ունենալ, օրինակ` վարչապետի և մի քանի նախարարների աթոռի: Բացի այդ` դժվար թե ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանը գնա Սերժ Սարգսյանի դեմ: Ավելին, նա նույնիսկ իշխանական ավելի մանր օղակների դեմ խուսափում է դուրս գալ: Նախ նման բան չի կարող արվել առանց Ռոբերտ Քոչարյանի համաձայնության, իսկ երկրորդը` կան բիզնես շահեր: Օրինակ` ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հետ Ծառուկյանի սրված հարաբերությունները երկար կյանք չունեցան, Ծառուկյանը հաշտության ձեռք մեկնեց, ավելին, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ԲՀԿ նախագահն օգնել է Արթուր Բաղդասարյանին` Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում:

Կարծես թե, արդեն ուրվագծվում է հերթական կեղծ հեղափոխության սցենարը, այս անգամ` ավելի պրոֆեսիոնալ մտածված: Ոգևորելով և հուսադրելով հասարակության որոշ հատվածին` երաժշտություն պատվիրողի դերում հայտնված կեղծ հեղափոխականներն իրենց համակիրներին կարող են ուղորդել իրականում հակառակ ուղղությամբ և աստիճանաբար դարձնել իշխանության համակիր: Այստեղ քողարկված կերպով զգացվում է նաև ՀՀԿ-ական ձեռագիր:

Ի՞նչ իմանանք, միգունե կոնսուլտացիաները միայն մեր իմացած 4-ի միջև չեն ընթանում:

Կարեն Վարդանյան




Լրահոս