Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաք, որտեղ փետրվարի 29-ից մարտի 12-ը կմասնակցեն Օլիմպիական վարկանիշային մրցաշարի:
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Փարիզ-2024-ի ուղեգրերի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Նախապատրաստվելով Իտալիայում կայանալիք վարկանիշային մրցաշարին հայ բռնցքամարտիկները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում, ապա նաև Օլիմպավանում, որը Կարեն Աղամալյանի փոխանցմամբ շատ արդյունավետ է անցել. «Շատ գոհ եմ մեր թիմի անցկացրած հավաքներից և այն եռանդից, որով տղաներն աշխատում են: Սպասում եմ լավ արդյունքների: Եթե յուրաքանչյուրը ցույց տա այն, ինչին ունակ է, կհասնենք մեր նպատակին: Տղաները հոգեբանորեն պետք է շատ ուժեղ լինեն, և ես հավատում եմ նրանց»:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նշել է՝ գտնվում է գերազանց մարզավիճակում. «Լավ ենք պատրաստվել առաջիկա մրցաշարին: Մարտական ոգով գնում ենք վարկանիշի հետևից»:
Կանանց թիմի կազմում էլ ռինգ դուրս կգան և Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար կպայքարեն Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթև Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ)։
Եվրոպայի 2022 թվականի չեմպիոն Անի Հովսեփյանը փոխել է քաշային կարգն և ասում է՝ այժմ ավելի մեծ սպասելիքներ ունի. «Օլիմպիական քաշերի հետ կապված խնդիրներ եղան ու ստիպված եղա փոխել քաշային կարգս: Կարծում եմ՝ կհաստատվեմ այս քաշային կարգում: Հիմա զարգացրել եմ արագությունս ու նաև հարվածներիս ուժգնությունը: Շեշտը դնելու եմ հենց արագության և հուժկու հարվածների վրա: Նպատակս Փարիզի Օլիմպիական խաղերն են: Ինձ տեսնում եմ այնտեղ»:
Կանանց հավաքականի գլխավոր մարզչ Խաչիկ Խաչատրյանի խոսքով՝ Ծաղկաձորում և Օլիմպավանում անցկացրած ուսումնամարզական հավաքների ընթացքում մարզուհիները մեծ ջանք ու եռանդ են ներդրել. «Հիանալի մարզումներ ենք անցկացրել: Բոլորը շատ լավ պատրաստ են առաջիկա վարկանիշային մրցաշարին: Սպասելիքները շատ են, հույսեր ունենք»:
Նշենք՝ Իտալիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարում տղամարդկանց 28 և կանանց 21 ուղեգրեր կխաղարկվեն:
Մնացած 51 ուղեգրերը բռնցքամարտիկների համար կվիճարկվեն արդեն Թայիլանդում մայիսի 23-ից հունիսի 3-ը կայանալիք վարկանիշային մրցաշարում: