Նոր հանգամանքներ՝ Սյունիքի նախկին մարզպետի անվտանգության պետի եղբորը կյանքից զրկելու գործով. ում են փնտրում իրավահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են 2024թ․ փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կտարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ, որից 2-ը մարտական փամփուշտի, 3-ը` գազային ատրճանակի:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գորիսի 40-ամյա բնակչի նկատմամբ առերևույթ սպանության փորձ է կատարել վերջինիս համաքաղաքացին, ով նույն միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել նաև 40-ամյա տղամարդու երկու եղբայրների ուղղությամբ։

Մասնավորապես պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող առնվազն 35՝ 5,45մմ և 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Դրանք, 2024թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքի Երևանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով, ժամը 12:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով փակել է 40-ամյա տղամարդու եղբոր վարած «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ընթացքը և իրական վտանգ ստեղծելով ինչպես «ՈւԱԶ»-ի, այնպես էլ դրա հետևից ընթացող «ՎԱԶ 21074» մակնիշի մեքենայի ուղևորների կյանքի ու առողջության համար, հատկապես «ՈւԱԶ»-ի վարորդին կյանքից զրկելու դիտավորությամբ, առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել նրա վարած մեքենայի ուղղությամբ` վնասելով այն:

Շարունակելով հանցավորարարքները՝ տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է «ՈւԱԶ»-ի վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։

«Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվելուց հետո, 38-ամյա տղամարդը հանցագործությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ, մեքենայի սրահից վերցրել է այնտեղ ապօրինի պահած «AK-74» տեսակի ինքնաձիգը։ Սակայն չի հասցրել դրանով կրակոցներ արձակել, քանի որ «ՎԱԶ 21074»-ի ուղևորները նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս, դեպքի վայրում թողնելով մեքենան, դիմել է փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` 3 դրվագ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Եվ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ բոլոր միջոցառումները տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր․ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն միմյանց դեմ, ինչի համար էլ հնչել են այդ կրակոցները։ Կրակոցից տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբարյն է՝ Ալիկ Աբրահամյանը, վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։




Լրահոս