Ինչքան մեզ մոտ բենզին վաճառողները շատանան, այդքան մրցակցությունը կմեծանա․ տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 29-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արդեն նախագահ Գեղամ Գևորգյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող: Նա հայտնեց, որ առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով:

ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ, հասկանալու համար՝ ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նոր տնտեսվարողները բենզինի շուկայում.

«Մեր կազմակերպության կողմից կատարվել է բենզինի շուկայի հետազոտություն, մասնավորապես՝ համադրել ենք միջազգային շուկան ձևավորող գները, Հայաստանի Հանրապետության և ներքին շուկայի գները: ՀՀ-ում բենզինի գները որոշվում են ոչ թե ներքին որոշակի օլիգարխիկ համաձայնություններով, այլ՝ սահմանին, այսինքն եթե նայենք մեր շուկայի գները, համաշխարհային գները, ինչպես նաև սահմանին ձևավորվող գները համահունչ են ձևավորվում»:

Տնտեսագետի խոսքով՝ 2023 թվականի երկրորդ կեսին բենզինի գնի թանկացման պատճառը հիմնականում համաշխարհային բենզինի գների թանկացումն էր և դա ազդեց, որ թանկանա նաև Հայաստանում՝ ընդհուպ մինչ 580 դրամ:

«Ասեմ, որ արդեն իսկ մեզ մոտ բենզինի գները բավականին մրցակցային են, և այնպես չի, որ ներքին շուկայի վաճառողներն են գին թելադրողները, գինը թելադրում են սահմանին»-հավելեց նա:

Աղասի Թավադյանի կարծիքով՝ տնտեսվարողների ավելացումը կվերաֆիկացնի հայկական շուկան, դա չի ազդի գնի իջեցման վրա: Համաշխարհային բենզինի շուկայում գները կայունացել են:

«Կարելի է հետևություն անել, որ մրցակցությունը մեծանալու է, ինչքան մեզ մոտ բենզին վաճառողները շատանան: Քանի որ այս տարի ՌԴ-ի ներքին շուկայում կարգավորումներ են, ապա բենզինի գինը հնարավոր է, որ մեզ մոտ էլ փոփոխություններ կրի: Հիմա մեզ մոտ ռեգուլյարը 490 դրամ է, որը վերջին կետն է, առաջիկայում բենզինի գինը կամ կպահպանվի կամ կաճի՝ կախված համաշխարհային շուկայից»-հավելեց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս