ԱՆՏԵՂԻ ՇԱՀԱՐԿՈՒՄ՝ ԲԱՆԿԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 19-ին «Ամերիաբանկ»-ն ու BOGG PLC-ն գրեթե միաժամանակ հայտարարություններ տարածեցին՝ հաստատելով վերջին օրերին ՀՀ ֆինանսաբանկային ոլորտի ամենաքննարկվող լուրը. «Ամերիաբանկ»-ը եւ Միացյալ Թագավորությունում գրանցված «ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական ընկերությունը համաձայանություն են ձեռք բերել այս միջազգային ֆինանսական խմբում «Ամերիաբանկ»-ի  լիիրավ ինքնուրույն անդամ դառնալու շուրջ:

 

Այս հայտարարությունը, սակայն, կրկին լայն քննարկումների տեղիք տվեց ու մի շարք հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում ուղարկեց «Ամերիաբանկ»-ին։

-Ռուբեն Վարդանյանն արդեն քանի ամիս է, ինչ գտնվում է Բաքվի բանտում։ Ինչպե՞ս կարող է իրականանալ բանկի սեփականատերերի փոփոխություն, առանց ամենախոշոր սեփականատիրոջ ներկայության։

-Նախ նշենք, որ բանակցությունները սկիզբ են առել դեռ երկու տարի առաջ։ Բացի այդ, պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում «Ամերիաբանկ»-ի բաժնետեր։  «Ամերիաբանկ»-ի 48.82% բաժնետեր է «Իմաստ Գրուպ»-ը, որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:

«Իմաստ Գրուպ»-ը «Ամերիաբանկ»-ի հինգ բաժնետերերից մեկն է։ Բանկի բաժնետերերի կազմում են նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, «Աֆեյան» հիմնադրամը։

-Արդյոք «Ամերիաբանկ»-ը կմնա՞ որպես հայկական բանկ իր նույն իրավակազմակերպական կարգավիճակով։

-Այս հնարավոր գործարքը ենթադրում է միայն բաժնետիրական կազմի փոփոխություն: Խմբի կազմում «Ամերիաբանկ»-ը՝ որպես ինքնուրույն լիիրավ եւ լիարժեք իրավունակությամբ անդամ, որպես հայկական բանկ, շարունակելու է իր բնականոն գործունեությունն իր բրենդի ներքո, իր ներկայիս ղեկավար կազմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած առաքելությանը, տեսլականին ու ռազմավարությանը:  «Ամերիաբանկ»-ը գործելու է նույն իրավակազմակերպական կարգավիճակով՝ որպես «Ամերիաբանկ» ՓԲԸ, որը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

-Ի՞նչ կլինի, եթե գործարքը չհաստատվի։ Ինչպիսի՞ն կլինեն «Ամերիաբանկ»-ի հետագա քայլերը դեպքերի նման զարգացման պարագայում։

-«Ամերիաբանկ»-ը՝ որպես ՀՀ առաջատար եւ լավագույն կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող բիզնես կառույց, մշտապես եղել է պոտենցիալ ներդրողների ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից՝ հետագա ընդլայնման, երկարաժամկետ զարգացման եւ միջազգային ասպարեզ դուրս գալու նպատակով բանկը պարբերաբար դիտարկել է համագործակցության առաջարկներ։ Բաժնետիրական կազմի փոփոխության մասով բանակցությունները սկսվել են դեռ երկու տարի առաջ:

Անկախ այս գործընթացի ելքից՝ «Ամերիաբանկ»-ը շարունակելու է դինամիկ զարգացմանն ու աճին միտված իր ծրագրերի իրագործումը։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀՍԿԵԼՈՒ ՄԱՍՇՏԱԲՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ

Լեհաստանի հատուկ ծառայությունները կարող են օգտագործած լինել իսրայելական Pegasus լրտեսական ծրագիրը երկրում ավելի քան 100 քաղաքական գործիչների խոսակցությունները գաղտնալսելու համար: Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» գործակալությունից։

 

Ըստ հրապարակման՝ Super Express թերթին տված հարցազրույցում Լեհաստանի հետախուզական ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնիակը հայտնել է, որ Pegasus-ի օգտագործմամբ քաղաքական գործիչներին հսկելու մասշտաբներն «ավելի մեծ էին, քան նշվել էր ասեկոսեներում, որոնցում խոսվում էր մի քանի կամ մի քանի տասնյակ մարդու մասին»։

Նախարարը հայտնել է, որ Արդարադատության նախարարության ղեկավար Ադամ Բոդնարի հետ միասին կձգտի հասնել այն բանին, որ հրապարակի այն մարդկանց ցուցակը, որոնց գաղտնալսել են հատուկ ծառայությունները:

Ավելի վաղ Սեյմի (Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր եւ լրտեսական Pegasus ծրագրի կիրառումը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մարչին Բոսացկին հայտարարել էր, որ խոսք կարող է լինել հարյուրից ավելի անձանց մասին։

Փետրվարի 13-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախագահ Անջեյ Դուդայի հետ անցկացված նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ հաստատել էր Pegasus-ի լայն օգտագործումը երկրում։ Տուսկը նախագահին էր փոխանցել լրտեսական ծրագրի գնման, ինչպես նաեւ դրա օրինական եւ անօրինական օգտագործման մասին փաստաթուղթը։ Տուսկն ընդգծել էր, որ գաղտնալսումներից տուժած քաղաքական գործիչների ցուցակը շատ մեծ է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր RMF FM ռադիոկայանը, վկայակոչելով սեփական հետաքննությունը, լեհական հետախուզական ծառայությունները գաղտնալսել են «Իրավունք եւ արդարություն» կուսակցության անդամ Մատեուշ Մորավեցկիի հեռախոսազրույցները, երբ նա զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը (2017-2023 թթ.), ինչպես նաեւ իշխող կուսակցության եւս շուրջ 30 քաղաքական գործիչների: Գաղտնալսվել են նաեւ գործող կառավարության ներկայացուցիչները, որոնք այն ժամանակ ընդդիմադիր էին։

Ավելի վաղ Տուսկի կառավարությունը որոշում էր ընդունել նախորդ կառավարության օրոք լրտեսական ծրագրի ենթադրյալ օգտագործման շուրջ հետաքննություն անցկացնել։ Օրենսդիրները հաստատել են դրանով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսված էր փետրվարի 19-ին։

Ք.  ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ԴՆԹ-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ

Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են  կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։

«Ժողովուրդ» օրաթերթին ծնողները հայտնեցին, որ 4 զինվորի ծնողի ընդունել է կոմիտեի ղեկավարի տեղակալը ու լսել նրանց բողոքը։

Իսկ ինչի՞ց դրդված են ծնողները հասել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վերջիններս  մեզ հետ զրույցում հայտնեցին, որ  մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն  կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը  հարուցվել  է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների  ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ  բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:

Արդյունքում պատերազմի մասնակից զինվորների ծնողներին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը բացատրել է, որ իրենք քննություն են իրականացնում ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման նպատակով դեռեւս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի շուրջ եւ իրենց մատնանշած դեպքերով քննություն չեն իրականացնում։ Այսինքն՝ ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք:

«Ժողովուրդ» օրաթերթին  ծնողները հայտնեցին, որ կրկին հուսահատված լքել են Հակակոռուպցիոն կոմիտեն, քանի որ գործ է քննվում ոչ թե տարիներ շարունակ իրենց բարձրաձայնած դեպքերի շուրջ, այլ միանգամայն այլ գործընթացների հետ կապված։

Նշենք, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը, որը նախօրեին ձերբակալվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով, ԴՆԹ նույնականացման սարքերի ձեռք բերման գործով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:




Լրահոս