«ՄԵՐ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի. Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը:

 

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների եւ սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որեւէ կերպ չի կարող կապ ունենալ որեւէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»:

Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, եւ նրանց քվեարկությունը 50 եւ ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի:

«Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել եւ չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե. ես ինքս պայքարելու եմ, որ որեւէ քվե չկեղծվի»,-ասաց Պապոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում:

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ԴԱ ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է»

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման նպատակը ԼՂ հայությանը պաշտպանելն էր: Այդ իմաստով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է համարում:

Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն այս մասին խոսել է՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի խոսույթին։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա որեւէ բան, որ միջանցք է անցնելու Հայաստանի տարածքով. հնարավոր չէ դա գտնել: Չկա այդպիսի բան, որ որեւէ այլ երկիր ՀՀ որեւէ տարածք վերահսկելու է: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների մասին:

Դուք գիտեք նաեւ, որ մեր դիրքորոշումը ամբողջական ներկայացնելու համար ստեղծել եւ առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Դա մեր տեսլականն է»,- ասել է Փաշինյանը։

Ինչ վերաբերում է վտանգներին, վարչապետը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարի օգտագործած խոսույթն արդեն ազդանշան է դրանց առկայության մասին:

«Ինչպե՞ս է պետք դիմակայել այդ վտանգներին: Առաջին հերթին դա (վտանգները-խմբ.)  նաեւ միջազգային հարաբերություններում պետք է կառավարել։ «Խաղաղության խաչմերուկի» ստեղծման պատճառներից մեկը ո՞րն է. Ադրբեջանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում ճանապարհ տալ որեւէ մեկին։

Այն, ինչ խոսվում է, թե Ռուսաստանը պետք է մեր տարածքում որեւէ բան վերահսկի, 9-րդ կետում չկա գրած, էլ չեմ ասում, որ եռակողմ հայտարարության այն մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը եւ ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետին հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետեւ ե՛ւ ՌԴ-ն, ե՛ւ Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են. այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա:

Դա նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- եզրափակեց  Փաշինյանը։

 

 

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի ստացել:

Պապոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քննարկումներին, թե նախարարի պաշտոնի համար քննարկվում է իր անունը:

Ըստ Պապոյանի տեղեկության՝ այս պահին նախարարի նշանակման մասով որոշում չկա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն էլ քննարկել հարցը, բայց կքննարկեն:

Անդրադառնալով իր նշանակման վերաբերյալ քննարկումներին՝ նա ասաց. «Նման առաջարկ ես չեմ ստացել: Ես ԱԺ-ում եմ, աշխատում եմ»:

Ըստ նրա՝ ԱԺ հանձնաժողովի աշխատանքը պակաս պատասխանատու չէ, քան նախարարի աշխատանքը:

 

 

 

ՉՈՐ ՀԱՇՎԱՐԿԸ՝ ՍԵՂԱՆԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հարցում չոր հաշվարկների եւ իր պատասխանատվության մասին։

Փաշինյանն այս մասին խոսեց Մյունխենի եւ հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ արձագանքելով այն հարցին, թե չի կարծում արդյոք, որ միջին վիճակագրական քաղաքացին, գուցե, ունի հարցերին իր պրիզմայով, իր տեսանկյունից նայելու հնարավորությունը, բայց նաեւ քաղաքական գործչի կարողությունն այն է, որ չոր հաշվարկներով եւ էմոցիոնալ դաշտից դուրս գտնվելով՝ կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։

Փաշինյանը պատասխանեց, որ կան իրավիճակներ, երբ չոր հաշվարկը սեղանին դրված է, եւ դու, դրան նայելով, բախվում ես անհնարինության զգացման։

«Մեր կուսակցական ժողովներից մեկում ասացի՝ մեզ հանցագործությունների մեջ մեղադրում են, բայց եթե ինձ հարցնեն, մեր հանցագործությունն ուրիշ բանի մեջ է. մեր հանցագործությունը Ձեր ասած չոր հաշվարկն է, որ մենք չեկանք, ժողովրդին չասացինք, որ ժողովո՛ւրդ, եկե՛ք խոստովանենք, թե ինքնորոշում (Լեռնային Ղարաբաղի-խմբ.) ինչ է նշանակում»,- ասաց Փաշինյանը։

Հարցին, թե անընդհատ խոսում է ժողովրդի մասին, բայց ինքը  պատասխանատու չի զգում արդյոք այդ հարցում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Բա ի՞նչ եմ անում, որ չեմ զգում պատասխանատու։ Բայց նաեւ նույն ժողովուրդն էր, որ 2018-ին արեց աննախադեպ մի բան, որն ամբողջ աշխարհին զարմացրեց։ Եվ, երեւի, մեր թիմի մեծ սխալն այն էր, որ մենք հեղափոխությունից հետո հեղափոխություն չարեցինք, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։ Չնայած հիմա էլ, որ քննարկում ենք, թիմի ներսում դիմադրության ենք հանդիպում։ Մեր թիմում շատ ենք խոսում այդ մասին. բոլորն ասում են՝ դա անհնար էր»։

 

 

 

ԵՐԹՈՒՂՈՒ ԴԻԼԵՄԱՆ

«Աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջեւան երթուղի բացելու ուղղությամբ, սակայն կա նաեւ այլընտրանքային տարբերակ Իրանի տարածքով»,- Hurriyet թերթին ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Հայաստանով անցնող երթուղու երկարությամբ աշխատանքներ են տարվում։ Նրա երկարությունը 43 կիլոմետր է։ Բայց եթե հայկական կողմում խնդիրներ կան, ապա Ադրբեջանը կապեր ունի նաեւ Իրանի հետ՝ Իրանի տարածքով միջանցքն անցնելու հնարավորության հետ կապված»,- նշել է Ուրալօղլուն։

Նրա խոսքով՝ այժմ դիտարկվում է երկու տարբերակն էլ։ Հարցին, թե ինչ փուլում է շինարարությունը, թուրք պաշտոնյան ասել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է շինարարական աշխատանքները իր տարածքում։ Մրցույթ է հայտարարվել նաեւ Թուրքիայից Նախիջեւան ճանապարհի կառուցման համար։

 

 




Լրահոս