Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի բարեփոխումներին՝ ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ժողովրդավարությանը: Մենք տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամության վերացման կողմնակից ենք:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը:
«Պետք է նշել Ռուսաստանի ցինիկ պահվածքը: Հայաստանը հույսը դրեց նրա հանձնառության վրա և խաբվեց: Տրամաբանորեն սա հանգեցրեց նրան, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը սառեցրեց իր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին:
Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար և միշտ հետևել է իր իմպերիալիստական ծրագրերին տարածաշրջանում ու աշխարհում: Մյուս կողմից՝ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում քաղաքական կայունության և տնտեսական բարգավաճման հարցում: Այս տեսանկյունից, ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը կենասկան է»,- ասել է Անդրեյ Կովաչևը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները խոչընդոտում են Հայաստանի սոցիալ- տնտեսական զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում:
Կովաչևն իր աջակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Փաշինյանի ջանքերին Ադրբեջանի հետ երկկողմ և բազմակողմ քննարկումներ անցկացնելու հարցում՝ հասնելու խաղաղության երկու հարևանների միջև:
«Մենք Հայաստանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները տնտեսական, ֆինանսական, սոցիալական, անվտանգության և պաշտպանության ոլորտներում: Հայաստանը մենակ չէ, մենք պետք է հնարավորինս շուտ տրամադրենք վիզայի ազատականացումն այդ հանրապետությանը:
Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է»,- նշել է ԵԽ պատգամավորը և ավարտել խոսքը հայերեն. «Աստված պահապան Հայաստանին»: