Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան և 2022 թվականի աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Էքսեքյել Պալասիոսի կինը՝ Եսիկա Ֆարիասը, սպառնում է վաճառել նրա մեդալը։ Այս մասին հայտնում է TNT Sports-ը։
«Ես ուզում եմ, որ նա ստորագրի ամուսնալուծությունը: Ես միայն խնդրում եմ այն, ինչի իրավունքն ունեմ, և դա նույնիսկ այն ընդհանուր սեփականությունը չէ, որ նա ունի Գերմանիայում: Նա չի ուզում բնակարանի վարձ տալ, քանի որ չգիտի՝ կմնա այնտեղ, թե ոչ:
Ես պատրաստվում եմ վաճառել բոլոր մարզաշապիկները և Աշխարհի գավաթի հաղթողի մեդալը, որպեսզի վճարեմ տան վարձը: Նրա շահերից է բխում, որ ես լռեմ։ Կան բաներ, որոնք ես գիտեմ ազգային հավաքականի մասին, բայց ես դրանք չեմ ասել»,- ասել է Ֆարիասը։
Պալասիոսը Լևերկուզենի «Բայերում» հանդես է գալիս 2020 թվականից։ Մինչ այդ նա իր հայրենի երկրում խաղում էր «Ռիվեր Փլեյթի» կազմում։
2022 թվականին Արգենտինայի հավաքականի կազմում նա ոսկի է նվաճել Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում։ Մրցաշարում կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել՝ չխփելով ոչ մի գոլ։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Արգենտինան 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։