ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց 42/1, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեներում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները Շիրակի մարզկենտրոն Գյումրիում «Արմգազ Գրուպ» ՍՊԸ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում արձանագրել են, որ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործողի կողմից չեն կատարվել նախկինում ՏՄ կողմից արված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տրված կարգադրագրերի պահանջները, և ամբողջությամբ չեն վերացվել արձանագրված խախտումները։
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի թիվ 54 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ արված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ առկա են հրդեհային և տեխնիկական նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ավելին՝ արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործվել է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում գրանցման և առանց տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության։
Ուստի, հաշվի առնելով վերոնշյալ օբյեկտների կողմից թույլ տրված տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև նախկինում ՏՄ կողմից տրված կարգադրագրերի պահանջները չկատարելու փաստը, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը նշված հասցեներում շահագործվող գազալցակայանների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ գազալցակայանները կապարակնքվել են։