Ահազանգ. նոր N13 ավտոբուսի դռները փակվում է մարդկանց վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի Սարի թաղ վարչական շրջանին սպասարկող՝ N9-ը և N13 ավտոբուսները փոխարինվել են ժամանակակից «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներով:

Նոր ավտոբուսը միաժամանակ փոխարինում է նախկին երկու ավտոբուսներին, ինչը հասցրել է առաջացնել բնակիչների բողոքը:
ArmLur.am-ի հետ զրույցում Սարի թաղի բնակիչ Լուսինեն ասաց. «Առավոտները շատ-շատ են մարդիկ, ովքեր օգտվում են ավտոբուսից, դե հասկանալի ա երեխեքը դասի են գնում, մարդիկ գործի: Վերջին անգամ առավոտյան եմ օգտվել N13 ավտոբուսից, մոտ կես ժամ սպասեցի: Ես սկզբի կանգառներից եմ նստում, բայց մեկ ա հազիվ նստեցի դուռը անգամ փակվեց մեկի վրա: Մի քանի կանգառ հետո անգամ ավտոբուսը չկանգնեց ու տենց մի խումբ մարդիկ մնացին դրսում ու հավանաբար ուշացան և՛ դասից, և՛ գործից»:

Բնակչի խոսքով՝ խնդիրը այն է, որ 2 ավտոբուսի փոխարեն 1-ն է աշխատում և ուշ-ուշ:
Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային ուղեցույցում նշված է, որ ավտոբուսի շարժման միջակայքը 10 րոպե է:

AmLur.am-ը կապ հաստատեց «Ավտոբուս» ՓԲ տնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ հասկանալու համար, ինչն է նման վիճակի պատճառը.

«Այն ժամանակ N13 ավտոբուսը «Հագեր» մակնիշի ավտոբուս էր սպասարկում ու թվով ավելի քիչ էին: Հիմա թվով ավելի շատ են N13 ու նոր ավտոբուսներ են, չգիտեմ ինչի է առավոտները այդպես, բայց ամեն դեպքում ամեն տեղ էլ առավոտները խցանումներ լինում են ավտոբուսի մեջ, դե ուսանողներ են, աշխատանքների են գնում, բայց, որ տեղ չի եղել, մարդիկ չեն նստել»:

Հովհաննես Մանուկյանը ասաց, որ երկուշաբթի առավոտ ինքը անձամբ կայցելի Սարի թաղ, որ հասկանա՝ ինչն է պատճառը:

«Կայցելենք, կտեսնենք՝ եթե հասկանանք խնդիրը այդպիսին է, ավտոբուսների քանակը կավելացնենք՝ թվով 2-ը»-ասաց նա:

Նա նշեց, որ հիմա երթուղում գործում է 11 ավտոբուս, որոնք ըստ օրենքի, պետք է աշխատեն 15 րոպեն մեկ, բայց քանի որ ավտոբուսը Կենտրոն համայնքով է գնում խցանման հետևանքով լինում են նաև ուշացումներ:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս