Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ատալանտայի» նկատմամբ վստահ հաղթանակը 4-0 հաշվով։
«Մենք խաղացինք շատ լավ։ Մեկնարկային 10 րոպեին «Ատալանտան» ուժեղ պրեսինգ էր կիրառում։ Սակայն մենք կարողացանք հաղթահարել դա ու խփել գոլեր։ Չի կարելի հերքել, որ «Ինտերը» շատ լավն է։ Սակայն ես այս խաղը վայելում եմ արդեն 2,5 տարի։ Մենք նվաճել ենք 5 տիտղոս ու հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Առջևում կան շատ խաղեր, և մենք պետք է պահպանենք կենտրոնացվածությունը։
Ես ունեմ թիմ, որի մեկնարկային կազմը փոխվում է, իսկ սկզբունքները մնում են նույնը։ Կարծում եմ՝ դա ամենամեծ բավականությունն է»,- նշել է գլխավոր մարզիչը։
Հիշեցնենք, որ «Ինտերը» բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը և արդեն 12 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսին»։ Նաև «Ինտերն» ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ գոլ խփած թիմն է՝ 67 գոլ։