Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ըստ նրա՝ Թուրքիան կարող է օգտակար լինել տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում:
«ԵՄ-ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը հնարավոր է։ Այն նաև պետք է ներառի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապի ապահովումը Նախիջևանի հետ»։
Կլաարի խոսքով՝ պատերազմի դադարեցումը դեռ խաղաղություն չի նշանակում, և Եվրոպայի անցած մեկդարյա պատմությունը ցույց է տվել, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ պատերազմում որևէ կողմի հաղթանակը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի կայունությանը:
Կլաարն անդրադարձել է նաև Հաջիևի բողոքներին՝ ուղղված ԵՄ քաղաքացիական առաքելությանը:
«Երբ խաղաղություն հաստատվի, ԵՄ դիտորդները կհեռանան Հայաստանի սահմանից»,- ասել է դիվանագետը և հույս հայտնել, որ այս տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիրը:
ԵՄ անունից նա նաև տեղեկացրել է, որ Եվրոպան Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ կապող ու Հարավային Կովկասն ընդգրկող «Միջին միջանցքը» շուտով կսկսի գործել, և կիրականացվի ապրանքների տեղափոխում այդ ճանապարհով: