2021 թվականից սկսած փորձել ենք զենք գնել Ռուսաստանից, պայմանագրեր ենք կնքել, նաև բանակի համապարփակ բարեփոխումների հայեցակարգ էինք մշակել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Համատեղ բարեփոխումներ պիտի իրականացնեինք, սակայն Հայաստանի վրա հարձակումներ տեղի ունեցան, ՌԴ-ն չմատակարարեց ոչ միայն մեզ անհրաժեշտ զենքը, այլև գնվածը։ Մենք սկսեցինք նոր գործընկերներ փնտրել՝ Հնդկաստան, Ֆրանսիա, ԵՄ երկրներ»,- նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ 2020թ․ Հայաստանի ռազմատեխնիկական ամբողջ համագործակցության 96 տոկոսը ՌԴ հետ էր։
«2021թ․ հունվարից մինչ այսօր մի քանի միլիարդ դոլարի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր ենք կնքել տարբեր երկրների հետ։ Այդ պայմանագրերի մեջ այս պահին ՌԴ ծավալը 96 տոկոսից դարձել է 10 տոկոսից ավելի քիչ։ Սա, կարող եմ ասել, եղել է հենց Ռուսաստանի ընտրությունը»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Գրիգորյանը նշել է, որ փորձում են աշխատել նաև տնտեսության դիվերսիֆիկացիայի ուղղությամբ։
«2023թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ առաջատար ներդրողն Էմիրաթներն է՝ մոտ 250 մլն, երկրորդը՝ Լյուքսեմբուրգը, երրորդը նոր Ռուսաստանը՝ 50 մլն դոլարից ավելի քիչ։ Այսինքն՝ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում, Ռուսաստանի ընտրությունն է, Ռուսաստանն է որոշել, որ Հայաստանում ներդրումներ չեն կատարում»,- նշել է նա։
Գրիգորյանը հավելել է, որ կա ևս մեկ տարբերակ՝ Հայաստանը «բացվել է աշխարհին», մեծ հնարավորություններ է ստեղծել, ապահովվում է մրցակցային դաշտ։
«Միևնույն ժամանակ՝ մեծ ծավալի արտահանում ունենք դեպի Ռուսաստան, հիմա աշխատում ենք նոր շուկաների փնտրտուքի ուղղությամբ»,- ասել է ԱԽ քարտուղարը։