Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բուսաբանական այգու շրջակայքում գտնվող Գոգոլի փողոցից կոյուղաջրերը լցվում է ներքևի փողոց, ինչը առաջացնում է գարշահոտ և տհաճություն տեղի բնակիչների համար։
Բնակիչները շատ անգամներ են դիմել քաղաքապետարան, թաղապետարան, սակայն խնդրին դեռևս լուծում չի տրվել։
Զեյթունի բնակիչ, բնապահպան Սիլվա Ադամյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «3 տարի է այդ կեղտաջուրը, այդ անօրինական խողովակները՝ 90-ականերից դրված, դրանցով կեղտաջուրը լցվում է դեպի ընդհանուր փողոց։ Այդ ճանապարհով անցնում են մեր երեխաները, թոռները։ Ամբողջ 3-4 թաղամասերի մարդիկ անցնում են այդ ճանապարհով, հնարավոր չի, շունչդ կտրվում է մինչև այդտեղից անցնում ես, բացի դա էլ կարող է առաջացնել առողջապահական խնդիրներ»։
Անցած տարի քաղաքապետարանի կոմունալ բաժնի տնօրինությունը կապ է հաստատել Սիլվա Ադամյանի հետ, նա ներկայացրել է իրավիճակը, սակայն ոչինչ չի արվել, միայն ասել են՝ «Վեոլիա ջուր»-ը պարտավոր է խողովակներ անցկացնել։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Վեոլիա ջուր» ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Սիլվա Ադամյանի խոսքով՝ այդտեղ կոյուղաջրերի խնդրից բացի կա աղբի, ինչպես նաև փողոցների լուսավորության խնդիր։
Էմմա Մարտիրոսյան