ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի արդեն 34 հայտ է ներկայացվել։

 

Այս մասին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ սուբվենցիոն ծրագրերով մանկապարտեզների կառուցման ծրագրերի համար կառավարությունը համաֆինանսավորման իր մասնաբաժինը հասցրել է 70 տոկոսի, իսկ սահմանամերձ համայնքների դեպքում՝ մինչեւ 85 տոկոսի։

Նրա խոսքով՝ ներկայում շինարարական տարբեր փուլերում են գտնվում 100-ից ավելի մանկապարտեզներ, որոնց մի մասն ավարտական փուլում է, մի մասը՝ գույքի ձեռք բերման, մյուսները՝ մրցութային կամ շինարարության։

Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարության վերահսկողության խնդիրներին՝ Սանոսյանը նշեց, որ այդ գործառույթը պատվիրատուն պատվիրակում է տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությանը. ընդ որում՝ պետք է իրականացվի շինարարության հեղինակային եւ տեխնիկական հսկողություն։

Առաջինի դեպքում նախագծողը պետք է հսկի, որ կառուցապատումն իրականացվի իր նախագծի համաձայն, իսկ երկրորդի դեպքում տեխնիկական վերահսկողություն իրականացնողն է հիմնական հսկողը։

«Այս պրոցեսում, իսկապես, տարբեր խնդիրներ ունենք։ Հաճախ մտածում են, որ պետք է համայնքապետարանը, մարզպետարանը, նախարարությունները, կոմիտեները, այլ գերատեսչություններն անընդհատ հսկեն, երբ իրականում հսկող մարմինը կամ կառույցը մրցույթով ընտրված կազմակերպություն է։ Ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ համայնքապետը, մարզպետը, նախարարը, մյուս գործընկերները հսկեն. որովհետեւ իրականության մեջ մենք խնդիր ունենք հսկող կազմակերպությունների հետ»,-պարզաբանեց գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հսկող կազմակերպությունների համար նախատեսված են տույժ-տուգանքներ՝ ընդհուպ պայմանագրի խզում կամ տվյալ ընկերությանը «սեւ ցուցակ» ուղարկելու գործընթաց։

Այդուհանդերձ, ըստ Սանոսյանի, խնդիրները դրանից չեն պակասում, քանի որ  դրանք լրացուցիչ իրավական, դատական գործընթացներ են։

«Դաշտի չկայացած լինելը, ընկերությունների պակասը բերում է նրան, որ պետական մարմինները հաճախ սկսում են շինարարության հսկողի դեր ստանձնել։ Այս խնդիրները հաշվի առնելով՝ եւ՛ շինարարության փուլում, եւ՛ ավարտի, ինչպես նաեւ երաշխիքային ժամկետի փուլում մշտադիտարկման գործընթաց են իրականացնում թե՛ նախարարության, թե՛ մարզպետարանի, թե՛ համայնքապետարանի եւ տեսչական մարմնի աշխատակիցները։ Նրանք միասին շրջայցեր են իրականացնում շինարարության տարբեր փուլերում, որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է կատարվում։ Եվ ցավով պետք է արձանագրել, որ, այո, հաճախ նաեւ թերություններ, խախտումներ են հայտնաբերվում, եւ հայտնաբերված խնդիրը պատճառ է դառնում, որ չվճարենք, որոշակի գործընթաց սկսենք ու զգուշացումներ կամ պահանջներ ներկայացնենք շինարարներին, ինչն առաջին հայացքից մեր ընդհանուր աշխատանքների մեջ պետք է չլիներ»,-հավելեց նախարարը՝ հայտնելով, որ

եթե հայտնաբերված թերությունները շտկելի են, ապա ժամանակ է տրվում այն վերացնելու համար, իսկ անշտկելի խնդիրները ենթադրում են իրավական այլ գործընթացներ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց հերթական երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, որոնք ժամանել էին Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից։

Մայր Աթոռից  հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց վերապատրաստման դասընթացների ընթացքի վերաբերյալ։

Այնուհետեւ Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունը բերելով հոգեւոր հայրերին, կարեւորեց վերապատրաստման այս դասընթացները, որոնք հնարավորություն են ընձեռում տարբեր թեմերից ժամանած հոգեւորականներին համախմբվելու Մայր Աթոռում, իրենց ուխտը վերանորոգելու, հոգեւոր փորձառությամբ փոխանակվելու, ինչպես նաեւ քննարկելու Եկեղեցու եւ հասարակության առջեւ ծառացած արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարմանն ուղիները:

Հայոց Հայրապետը հորդորեց եկեղեցականներին ամենայն ջանք ի գործ դնել ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայելու համար։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը պատգամեց քահանա հայրերին հավուր պատշաճի արձագանքել ազգային կյանքում տեղ գտնող անցանկալի երեւույթներին՝ նպաստելով առկա դժվարությունների հաղթահարմանը։

Անդրադառնալով սփյուռքի հայորդիների՝ Հայրենիքին բերած աջակցությանը՝ Նորին Սրբությունն ի մասնավորի սփյուռքում ծառայող եկեղեցականներին հորդորեց իրենց համայնքների միջոցով տեղի իշխանությունների առջեւ բարձրաձայնել Հայաստանի եւ տեղահանված արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերները։

Հայոց հովվապետը կարեւոր նկատեց նաեւ հոգեւորականների գործուն  մասնակցությունը հայորդիների կրթության եւ դաստիարակության գործում։

Հանդիպմանը վերապատրաստման դասընթացներին մասնակից հոգեւորականների անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը։  Տեր հայրն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին դասընթացների կազմակերպման համար՝ վստահեցնելով, որ դրանք  իրենց օգտակարությունն են բերում քահանա հայրերի հովվական ծառայությանն առավել արդյունավորման գործում։

 

 




Լրահոս