ՀԵՏԵՎԵԼՈՎ ԱՐՄԱՏԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՈՒՅԹԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիրք նվիրելու օրվա առթիվ, որը նշվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանի գրողների միության անդամները, այլ գրողներ, հետեւելով արմատավորված ավանդույթին, միության պոեզիայի այգում իրենց լավագույն ստեղծագործությունները նվիրեցին դպրոցականներին, ուսանողներին, գրքի բարեկամներին:

 

Միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատեց, որ մի քանի տարի անց կլրանա Գիրք նվիրելու օրվա 20-ամյակը:

«Տարեցտարի տեսնում ենք, թե ինչպես է տոնն արմատավորվում, ինչպես են մարդիկ միմյանց սիրով գիրք նվիրում: Տոնը երբեմն հիշեցնում է երիտասարդությունը, երբ ժամերով սպասում էինք գրախանութների մոտ՝ բաժանորդագրվելու համար»,-ասաց նա:

Միլիտոնյանը կարծում է՝ գիրքը դեղի պես է: «Ժամանակին «Նարեկ»-ը դնում էին բարձի տակ ու հավատում, որ այն բուժիչ ազդեցություն ունի: Իսկապես այդպես էր»,-նշեց միության նախագահը:

Նա տեղեկացրեց, որ տոնի առթիվ միջոցառումներ են կազմակերպում ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում, Թբիլիսիում, Ջավախքում:  Նա հույս ունի, որ  գիրք նվիրելը, գրքի մասին խոսելը սովորական երեւույթ կդառնա ու չի սպասի հատուկ տոների:

Գրող Սամվել Կոսյանը, որը մի շարք ստեղծագործություններ նվիրեց ընթերցողներին, վստահեցրեց, որ Գիրք նվիրելու օրը հիանալի առիթ է գիրքն ընթերցողին հասցնելու համար: «Գրքեր հասնում են այն ընթերցողներին, ովքեր, վստահաբար, կարդալու  են դրանք: Այսօր ոչ բոլոր գրքերն են գնում ու կարդում»,-ասաց նա:

Ըստ հեղինակի՝ երիտասարդները պետք է բազմաժանր գրականություն կարդան, որովհետեւ ամեն գիրք իր աշխարհն ունի, հարուստ է գիտելիքներով, հուզական աշխարհով: «Ընտրություն են կատարում մեծահասակները, որոնք ավելին գիտեն, քան երիտասարդները»,-ընդգծեց Կոսյանը:

Լրագրող, գրող Մարիետա Խաչատրյանն ընթերցողներին նվիրեց իր «Դեպի կյանք», «Արտաժամանակ» գրքերը, իսկ իր ստացած նվերներից հատկապես արժեքավոր  համարեց Սամվել Կոսյանի պոեզիան:

«Կան բազմաթիվ հիանալի գրքեր, որոնք դժվար է գտնել, հեղինակների հետ հանդիպելը եւս հեշտ չէ, իսկ Գիրք նվիրելու օրվա առթիվ այդ հնարավորությունն ընձեռվում է: Գրքերը կարող են երբեմն հասնել պատահական ընթերցողների, որոնք գուցե դրամ չունեն, մարդկանց, որոնք հաճախ չեն այցելում գրախանութ, ուստի գիրքը հանրահռչակելու տեսանկյունից շատ եմ կարեւորում այս տոնը»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա տոնի առթիվ այցելել էր նաեւ Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան, «Զանգակ» գրատուն ու ուրախությամբ փաստել, որ ընթերցողները շատ են եւ ոգեւորված:

«Գրականությունը կարիք ունի հանրահռչակման. կան լավ գրողներ, որոնց քչերն են ճանաչում: Ինքս գրականության հանդեպ իմ նկատառումներն ունեմ ու կարծում եմ, որ Հայաստանի գրողների միությունը միայնակ չի կարող նպաստել լավ գրականության տարածմանը: Յուրաքանչյուրը պետք է ջանք թափի դրա համար»,-հավաստիացրեց Մարիետա Խաչատրյանը:

Գիրք նվիրելու օրը արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լեւոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից:

Տոնի շրջանակում մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ եւ գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ՆԱՅԵԼ, ԱՅԼ ՏԵՍՆԵԼ»

Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված «Ճամփորդ հոգին» խորագրով միջոցառումները փետրվարի 19-ին մեկնարկեցին Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանի բակից:

 

Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Մանե Խաչատրյանի խոսքով՝ Թումանյանի յուրաքանչյուր հոբելյան տոնական է բոլորի համար։

«Ամեն տարի թանգարանը, իհարկե, մեկ խորագրի ներքո փորձում է ամբողջ տարվա ընթացքում Թումանյանին մի այլ ձեւով բացահայտել։ Այս տարի մենք խոսելու ենք Թումանյանի մասին որպես ճամփորդ։ Երեկոյան նախատեսվում է ցուցահանդեսի բացում՝ «Ճամփորդ հոգի» խորագրով։ Կուզենայի, որ այս ցուցահանդեսից հետո յուրաքանչյուրն իր մեջ արթնացներ ճամփորդ Թումանյանին։ Նա ասում էր, որ պետք է ոչ թե նայել, այլ՝ տեսնել։ Շատ էր կարեւորում հայրենիքը ճանաչելն ու բացահայտելը, հատկապես՝ երեխաների համար, որպեսզի հայրենիքը սիրենք ոչ թե կուրորեն, այլ ազգասերի գիտակից սիրով»,-համոզմունք հայտնեց փոխտնօրենը։

Անդրադառնալով Թումանյանի թանգարանի շենքի վերանորոգման ընթացքին՝ նա հայտնեց, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026-2027 թվականներին, իսկ ներկայում գործունեությունը շարունակում են «Հ.Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։

Ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ անհնար է չճանաչել ու չսիրել Թումանյանին, որը հայ մարդու ուղեկիցն է դեռ մանկության օրերից։

«Մենք բոլորս ապրում ենք Թումանյանով, մեծանում ենք Թումանյանով, եւ նրա ծնունդը  մեր բոլորի ընտանիքներում մեր մեծի ծնունդը պետք է լինի. թանգարանում մենք ասում ենք՝ մեր պապիկի ծնունդը։ Կարելի է ասել՝ ծննդյան օրվանից անմիջապես հետո սկսում ենք նախապատրաստվել հաջորդին եւ ամեն ինչն անում ենք անչափ սիրով, ներդրումով, հոգով  եւ սրտով»,-հավելեց նա։

«Այբ» շրջանավարտների «Կամար» երգչախմբի անդամ Տաթեւ Մարգարյանն օրվա խորհուրդը կարեւորեց որպես Թումանյանին մեծարելու եւ հայ ժողովրդի համար թողած մեծ ազդեցությունը վերստին ընդգծելու հնարավորություն։

«Կարծում եմ, որ Թումանյանը փոքր տարիքից մինչեւ խոր ծերություն հայ մարդու կողքին է՝ որպես գրող, քանի որ շատ բազմաժանր է, եւ մենք բոլոր տարիքներում առնչվում ենք նրա հետ։ Փոքր տարիքում, բնականաբար, Թումանյանի հեքիաթներով ենք ծանոթացել նրա հետ, հետո արդեն մեծանալով՝ պոեմներին ենք ծանոթանում, քառյակներին։ Այդ ընթացքը շատ հետաքրքիր է, ու Թումանյանը, կարծես, բոլոր տարիքի մարդկանց ասելիք ունի»,-ասաց մեր զրուցակիցը։

 

 

 

 

ԳՈՀ ՉԷ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում իր գրանցած արդյունքից գոհ չէ:

«Ընդհանուր առմամբ, մրցաշարը շատ լավ ստացվեց, բայց ես գոհ չեմ իմ արդյունքից: Բայց ոչինչ, կարեւորը մեր ոսկիները նորից մեր երկրում են: Չեմ ընկճվում ընդհանրապես: Այս անգամ էլ կբավարարվեմ երկրորդ տեղով: Ժամանակի ընթացքում կուղղեմ սխալներս եւ կփորձեմ նորից դառնալ առաջինը»,- ասաց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` արդեն երրորդ տարին է, որ ԵԱ-ում մեդալների համար պայքարը ծավալվում է հենց իր ու Հակոբ Մկրտչյանի միջեւ, սակայն իր համար տարբերություն չկա, թե ով կնվաճի ոսկե մեդալը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը Պոկում վարժությունում երկու մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 166 եւ 169 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում ձեւում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 եւ 205 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը:

 

 

 

ԴԺՎԱՐ ՍՏԱՑՎԵՑ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի մեդալների համար մրցակցությունը դժվարներից մեկն է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը դժվար ստացվեց, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ցավեր ունեի ուսերիս հատվածում, արմունկի ցավ նույնպես կար: Բայց, այս ամենը հաղթահարելով, ունեցանք այն արդյունքը, որն ունենք: 96 կգ քաշային կարգում մրցակցությունն իսկապես դժվար էր»,- ասաց Հակոբ Մկրտչյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը Պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 161 եւ 166 կգ: Այս ձեւում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 եւ 209 կգ: Այս ձեւում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն  դարձավ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։

 




Լրահոս