ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ժողովրդի պատմության ընթացքում բազմադարյա մի խնդիր է մեզ միշտ  ուղեկցել. պայքարի, դիմադրության համար գրեթե միշտ շատ դժվար է եղել ներսում նյութական ռեսուրսի հավաքագրումը, եւ այս գործոնը ծանրակշիռ է եղել պայքարի տարբեր փուլերում՝ հաճախ որոշիչ պատճառ դառնալով պարտության համար»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակած հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

 

Նա, մասնավոերապես, նշել է. «Եվ հակառակը. 90-ականներին ողջ ռեսուրսը դրվեց հաղթանակի վրա, ու հաղթանակը եղավ։

«Ռեսուրս չկա»

Այն, որ այս հանրային ռեսուրսի հաշվին ահռելի կապիտալի տեր դարձած շրջանակները «ռեսուրս չունեն» պայքարի համար, մենք արդեն անգիր գիտենք։

Այն, որ Արցախի շնորհիվ կապիտալի տեր դարձածները «ռեսուրս չունեն» սեփական հայրենիքի փրկության համար, դա արդեն նույնպես գիտենք։

Այն, որ հայկական խոշոր բիզնեսը մինչեւ վերջին պահը դուրս չի գալու իր կոմֆորտից, դա էլ գիտենք։

Ռուսահայ եւ արեւմտահայ կապիտալը կսկսի աշխատել միայն այն ժամանակ, երբ նրան «կասեն». սա արդեն բոլորին պարզ է։ Ովքե՞ր են ասողները, եւ ինչո՞վ են առաջնորդվելու «ասելիս». սա էլ մի առանձին խնդիր է։

Պետք է ընդունել, որ սա այսօրվա խնդիր չէ. այսպես եղել է 100, 200, 300 տարի առաջ եւ գուցե ավելի վաղ։ Կարդացե՛ք նախորդ դարերի մեր հայտնի գրողներին, ու պարզ կդառնա, որ նախորդ դարերում էլ հայ մեծահարուստները չէին սիրում փող տալ ինքնապաշտպանական ջոկատների, զենք առնելու, պայքարի եւ համախմբման համար։ Իհարկե, կա կարեւոր վերապահում. կամովին գուցե չէին տալիս, բայց պայքարը կար, եւ պայքարողները նրանցից այդ ռեսուրսը որեւէ մեթոդով ստանում էին։

21-րդ դարում նույնպես կապիտալը եւ պետականության զգացումը մեծ մասամբ չեն համագործակցում։

«Պծիչկա դնել» հայրենասերի  սյունակում

Հայ կապիտալը կարող է փող չտալ հայրենիք պահելու համար, բայց հայրենիքը կորցնելու հետո կարող է հայրենակցական միություններ, սոցիալական ճաշարաններ, օտար վայրերում կիրակնօրյա դպրոցներ ֆինանսավորել, մշակույթի տներ սարքել եւ այդպիսով «պծիչկա դնել» հայրենասերի իր սյունակում։

Սա է մեր պետական մտածողության պատմական դեֆեկտը, որը ձգվում է դարերի խորքից։

Վստահ են՝ շուտով կբացվեն նաեւ Արցախի հայրենակցական միություններ, գուցե անգամ մի քանի՝ իրար հետ մրցակցող-հակամարտող՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ, Ճարտար, Հադրութ եւ մեր շքեղ հայրենիքի շքեղ բնակավայրերի անուններով հայրենակցական ակումբներ եւ այլ հազար տեսակի գրող ու ցավ։ Ու մեծ քսակից մի փոքր գումար հատկացրած մեծահարուստները կհամարեն, որ հոգու պարտքը կատարեցին՝ ամեն ինչ հայրենիքի համար։

Այսօրվա Հայաստանում 100-ից ավել մարդ աճուրդային հայտ է ներկայացնում նախնական 50 հազար դոլարով «մաշնի համար» առնելու համար։ Մոտ 800 հոգի էլ՝ այլ գնային կատեգորիաներում։ Այսինքն՝ նման հիմար բաների համար միլիոնավոր դոլարների ազատ փող կա մի մեծ խումբ մարդկանց մոտ մի երկրում, որը գերիներ ունի Բաքվի բանտերում, որի մի մեծ հատված մի քանի ամիս առաջ ենք կորցրել, որտեղ վերջին կռվից ու պայթյունից 450 զոհ՝ հայր, եղբայր, երեխա կորցրած ընտանիքներ կան, որտեղ անտուն, անշոր հարյուր հազարներով երեխեք կան, որտեղ աղետի գոտում տնակներում ապրողներ կան, որտեղ նոր Եռաբլուր կա, որտեղ սահմանին հարցեր կան, հեշտ վառվող կացարաններ եւ թշնամու դեմ կանգնած թերզինված զինվոր ու սպա կա, բուժման փող չունեցողներ կան եւ այլն, եւ այդպես շարունակ»։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԱԳՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ

ՀՀԿ երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա իրականացրին ԱԳ նախարարության շենքի դիմաց։

 

«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետեւանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա նշեց՝ ԱԳ նախարարության շենքում գտնվողների քաղաքականության հետեւանքով է, որ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվել է։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու Ադրբեջանում անազատության մեջ պահվող այլ անձանց լուսանկարները, որոնց վրա գրված է՝ «Ալիեւի բանտարկյալները»։

Հենրիխ Դանիելյանը ԱԳՆ ղեկավարությանը մեղադրեց նախարարության շենքը տուրիստական գործակալության վերածելու համար։

«Այն հարկերը, որ ՀՀ քաղաքացին վճարում է, որ այս շենքում նստածներն աշխատավարձ ստանան ու աշխատեն ի նպաստ Հայաստանի՞ ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջանն է»,-հայտարարեց ելույթ ունեցողը՝ ընդգծելով, որ նախարարության ղեկավարության վարած քաղաքականության հետեւանքով ունենք խայտառակ իրավիճակ միջազգային բոլոր հարթակներում, անվտանգության առումով, սահմաններին։

«Մենք այստեղ ենք՝ ասելու՝ չենք լռելու, չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,-ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության են սրանք, իսկ ԱԳՆ-ն ներկայացնում են Արաբաթի նման մարդիկ։ Իսկ այն մարդիկ, ովքեր կարողացան Արցախից հասնել Հայաստան, տեսան մի իրավիճակ, որտեղ հայրենիքի համար պայքարող արցախահայ երիտասարդները նստած էին բանտերում։

Ստացվում է՝ եթե մարդը չի հայտնվել Բաքվի բանտերում, օրվա իշխանությունները ամեն ինչ կանեն, որպեսզի նրանք հայտնվեն Հայաստանի բանտերից մեկում։ Այսօր դատարկաձեռն չենք եկել. որպեսզի ԱԳՆ-ի անգործությունը մի քիչ մեղմվի ու ինչ-որ բանով զբաղվեն, նրանց բերել ենք տարբեր խաղեր՝ դոմինո, նարդի, թենիս, բատմինտոն. գոնե կկարողանան սփոփել իրենց անգործությունը։

Բերել ենք նաեւ ամենակարեւորը՝ մոնոպոլիա, ինչը շատ հոգեհարազատ է սրանց։ Թե՛ այս խաղի մեջ, թե՛ այս իշխանությունների մոտ կա մի պրիցիպ՝ եթե ձեզ առաջարկում են շատ գումար, կվաճառեք ցանացած բան»,- ասաց երիտասարդներից մեկը։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՏԵՐ ԿԴԱՌՆԱ

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է:

Պայքար, որն իր մեջ մարմնավորեց ժողովրդի հավաքական ձգտումը՝ վերականգնելու պատմական արդարությունը, պահպանելու ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, լիարժեք կերպով իրացնելու հայրենիքում ազատ ապրելու եւ զարգանալու իր անքակտելի իրավունքը:

Ի պատասխան Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ վարվող խտրական քաղաքականության՝ Արցախի ժողովուրդը հավաքեց իր ողջ կամքն ու համախմբվեց՝ հանուն Արցախի վերածննդի եւ Հայաստանի հետ վերամիավորման գաղափարի:

Ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանությամբ հայից խլվել է իր հայրենիքում ապրելու կենսական իրավունքը։ Բայց վստահ եմ, որ մեր ազգը նորից ոտքի կկանգնի եւ տեր կդառնա իր անմնացորդ Հայրենիքին, որի համար իրենց կյանքը չեն խնայել հերոս դարձած մեր քաջազունները»։

 

 

 

ՉԻ ՍԱՍՏԵԼ

24News լրատվական կայքի խմբագրակազմի հայտարարությունը Եռաբլուրում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի կապակցությամբ.

«24News լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն ու օպերատոր Ասատուր Ասլանյանն փետրվարի 20-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան շարժման 36-րդ տարեդարձի առթիվ իրականացրել են մասնագիտական գործունեություն՝ լուսաբանել են այցելուներին։ Նրանց թվում է եղել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն ու իր թիկնազորը։ Ի սկզբանե թիկնազորի անդամները մեր նկարահանող խմբին ասել են, որ Շահրամանյանը չի պատրաստվում հարցազրույց տալ, ինչին էլ մեր գործընկերներն ըմբռնումով են մոտեցել՝ հաշվի առնելով թե՛ վայրը, թե՛ այն անվտանգային մարտահրավերները, որոնք կարող են առաջացնել Շահրամանյանի խոսքերը։ Այսինքն՝ 24News-ի նկարահանող խումբը կարող էր ընդառաջ չգնալ այդ հորդորին, սակայն որոշել է ընդամենը նկարահանումներ իրականացնել։ Չնայած դրան՝ Շահրամանյանի ուղեկցող անձը, որի անունը, ըստ մեր տեղեկությունների, Աշոտ Դանիելյան է, աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին, ինչպես նաեւ հրել վերջինիս։ Այս ամենը տեղի է ունեցել Շահրամանյանի ներկայությամբ, վերջինս ոչ մի կերպ չի սաստել իր աշխատակցին։

24News-ի խմբագրակազմը խստորեն դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսեւորումները։

Չնայած դրան՝ 24News-ը շարունակելու է հետեւողականորեն լուսաբանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանմանն ուղղված բոլոր միջոցառումները, որովհետեւ Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով եւ յուր թիկնազորով։

Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի այսպիսի պահվածքը ստանա հնարավորինս լայն արձագանք ու դատապարտում»։

 




Լրահոս