ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, տնտեսվարողի կողմից ապրանքների ապօրինի ներմուծումը թույլատրելու համար ՊԵԿ նախկին աշխատակից Ն. Մ.-ի օժանդակությամբ Ա. Պ.-ից պահանջել եւ ստացել է ընդհանուր 400.000 ՀՀ դրամ կաշառք եւ կատարել պաշտոնեական կեղծիք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Վրաստանից ավտոպահեստամասերի ներկրմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ա. Պ.-ն դիմել է Ն. Մ.-ին՝ խնդրելով աջակցել սահմանված չափաքանակները գերազանցող ավտոպահեստամասերը մաքսային հսկողությունից թաքցնելով անխոչընդոտ ՀՀ ներմուծելու եւ մաքսային վճարումներից խուսափելու հարցում: Ն. Մ.-ն էլ, ով նախկինում զբաղեցրել է Բագրատաշենի մաքսակետի մաքսային տեսուչի պաշտոնը, Ա. Պ.-ին խոստացել է օգտագործել նույն մաքսակետի պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իր ենթադրյալ ազդեցությունը՝ վերը նշված ապրանքների ապօրինի ներկրման հարցում աջակցելու համար: Դրա համար Ն. Մ.-ն Ա. Պ.-ից պահանջել եւ ստացել է 100.000 ՀՀ դրամ:
Արդյունքում Ն. Մ.-ն դիմել է վերը նշված մաքսակետի գլխավոր մաքսային տեսուչ Գ. Ք.-ին եւ վերջինիս խնդրել Ա. Պ.-ի կողմից ներմուծված ապրանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե, իբր, դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդպիսով Գ. Ք.-ին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:
Բացի այդ, Ն. Մ.-ն եւ Ա. Պ.-ն պայմանավորվածություն են ձեռք բերել վերը նշված մաքսային տեսուչի՝ Գ. Ք.-ի հետ՝ սահմանված չափաքանակները գերազանցող ապրանքները Ա. Պ.-ի կողմից առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նշված պաշտոնատար անձին յուրաքանչյուր ներմուծման ժամանակ մինչեւ 100.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ:
Ա. Պ.-ի կողմից մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու նպատակով Գ. Ք.-ն նույն մաքսակետի երկու այլ տեսուչների խնդրել է ներմուծված ավտոպահեստամասերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ մտցնել մաքսային պաշտոնական փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում, թե, իբր, դրանք չեն գերազանցում սահմանված չափաքանակները՝ այդ կերպ համոզելու եղանակով նշված տեսուչներին դրդելով կատարել պաշտոնեական կեղծիք:
Դրանից հետո Գ. Ք.-ն հանդիպել է Ա. Պ.-ին եւ վերջինիս օգտին իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով դրսեւորած թողտվության, հովանավորչության եւ ապօրինի անգործության համար նրանից անձամբ ստացել 100.000 ՀՀ դրամ կաշառք:
Գ. Ք.-ն վերը նշված եղանակով Ա. Պ.-ի կողմից մի շարք այլ դեպքերում նույնպես առանց մաքսազերծման ավտոպահեստամասեր ՀՀ ներմուծելը թույլատրելու դիմաց նրանից ստացել է եւս 300.000 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Գ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 445-րդ հոդվածի 1-ին մասով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Ա. Պ.-ին՝ 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), Ն. Մ.-ին՝ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով եւ 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս երկու մաքսային տեսուչի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, եւ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԻՆ
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան եւ Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս Այրես» անվամբ զբոսայգու հողամասի սահմանները, եւ զբոսայգու մայթի ու սիզամարգի համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող ինքնակամ շինություններին տրվել են Հալաբյան 65/6 եւ 65/4 հասցեները:
Երեւանի քաղաքապետի՝ 2008 թվականի հունվարի 22-ի եւ 2009 թվականի մայիսի 6-ի որոշումներով՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ներառված վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ուղիղ վաճառքի միջոցով օտարել են ֆիզիկական անձանց:
Մասնավորապես՝ Հալաբյան փողոցի 65/6 հասցեում գտնվող 19.5 քմ մակերեսով կառույցը, 515.89 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաեւ Հալաբյան 65/4 հասցեում գտնվող 36.28 քմ կառույցն ու կառույցի համար առանձնացված 42.16 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են այն անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինությունները:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերեւույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու եւ վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2023 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պռոշյան համայնքի թվով 7 բնակիչներն այլ անձանց հետ, ավտոմեքենաներով, խմբի կազմում մարմնական վնասվածք պատճառելու նպատակով այցելել են նշված համայնքում վարձակալությամբ բնակվող անձի տուն, որտեղ խմբի կազմում, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով եւ ոտքերով, ինչպես նաեւ քննությամբ չպարզված առարկաների գործադրմամբ հարվածներ են հասցրել վերջինիս եւ նրա չորս որդիների, ինչպես նաեւ վերջիններիցս մեկի կնոջ մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Այնուհետեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից երկուսը բռնության գործադրմամբ, քաշել-պոկելու եղանակով, հափշտակել են տուժողներից մեկին պատկանող ոսկյա վզնոցը, ինչպես նաեւ տուժողներից մեկի կնոջը պատկանող ոսկյա վզնոցը եւ ոսկյա խաչը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար:
Եվս հինգ անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (3 դրվագ), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով:
Որպես խափանման միջոց մեղադրյալներից մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք, մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն, մյուս հինգի նկատմամբ՝ բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական վարույթի նյութերը՝ յոթ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: