ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմի սանձազերծման համարձակությունը հակառակորդը ձեռք բերեց միայն այն բանից հետո, երբ Թուրքիան որոշեց ոչ միայն զենք ու զինամթերք մատակարարել, այլեւ սեփական զինվորներ ու ոլորտային հատուկ մասնագետներ, սիրիացի, լիբիացի ու աֆղան վարձկան-ահաբեկիչներ ներգրավել մարտական գործողություններում,  երբ Պակիստանը հաստատեց իր աջակցությունը, երբ Իսրայելը խոստացավ անթիվ-անհամար անօդաչուներ ու այլ զինատեսակներ մատակարարել: Ուշադիր հետազոտությունը, որին շուտով կանցնենք, վստահ եմ՝ կբացահայտի նաեւ թշնամուն ամեն կերպ աջակցած նոր ուժերի, սակայն նույնիսկ այս պայմաններում Արցախի հայկական ուժերը միայնակ երկար ժամանակ դիմակայեցին թշնամական ուժեղ ճնշմանը եւ պատրաստ էին շարունակել պայքարը…

 

Համաշխարհային մամուլը լայնորեն քննարկում է այս իրադարձությունները, այդ թվում՝ չեխական ու լեհական ԶԼՄ-ները, որոնք այս օրերին քննարկում են, թե Ռուսաստանն իրեն ինչպես է դրսեւորել Արցախում, ում կարելի է հաղթող համարել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագրի արդյունքում, ինչպիսին են ղարաբաղյան հակամարտության դասերը:

Պատերազմի առաջին օրերին չեխական «Seznam zpravy» թերթը ներկայացրել է հայ ժողովրդի՝ դեպի մարտ մղվելու, նրա հայրենասիրական տրամադրության ու մինչեւ վերջ իր հարազատ հողի համար կռիվ տալու ցանկության մասին, իսկ Ստեփանակերտից ռեպորտաժ ներկայացրած չեխական «Denik»-ն ավելի զգույշ էր՝ շեշտելով, որ զոհերի թիվն աստիճանաբար մեծանում է, եւ քաղաքացիական անձինք որոշել են տեղափոխվել Երեւան:

Վերը նշված հոդվածների հեղինակները գրել են նաեւ հակամարտության արմատների մասին եւ հասկացել հայերի ու ադրբեջանցիների՝ կողք կողքի ապրելու անհնարինությունը:

«Կենցաղում ու սովորույթներով հայերն ու ադրբեջանցիները նման են իրար, բայց երբ արտահայտվում ես այդ մասին, նրանք զարմանում են: Ատելությունն այնքան է նրանց միջեւ խորացել, որ միմյանց կողքի չեն կարող ապրել»,- իրավիճակն այսպես է բնութագրել լեհական «Newsweek Polska»-ն:

Իրենց ռեպորտաժներում հեղինակները հայկական կողմի նկատմամբ ակնհայտ համակրանքով են գնահատում իրավիճակը, փորձում գտնել հակամարտության արմատները եւ ցույց տալ աշխարհում նրա նկատմամբ վերաբերմունքը՝ շեշտելով, որ պատերազմն Ադրբեջանը սանձազերծել է Թուրքիայի հրահանգով:

 

«Ինֆո» (Չեխիա)-«Ղարաբաղ՝ արյունոտ այգի»

 

«Արդեն հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: «Մենք կկանգնենք մեր եղբայրների կողքին ու կավարտենք այն, ինչն սկսել են մեր նախապապերը»,- հայտարարել է նա՝ ակնհայտորեն ակնարկելով 1915 թ. թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը, երբ մեկ տարվա ընթացքում սպանվեցին 1,5 մլն հայ՝ տղամարդիկ, կանայք ու երեխաներ:

Վերլուծաբան Սեթ Ֆրինցմանի խոսքերով՝ սեպտեմբերի 25-ին, այսինքն՝ հարձակումից երկու օր առաջ, Անկարան հրահանգեց, որ կառավարամետ ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեն Հայաստանում Քրդական բանվորական կուսակցության վտանգի մասին: «Daily Sabah»-ը գրեց. «Հայաստանը Սիրիայից եւ Իրաքից ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) եւ Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին է ուղարկում գրավյալ Լեռնային Ղարաբաղ՝ ուսուցման համար»: Թուրքիան գրեթե բոլորից շատ լրագրողներ է նստեցրել բանտերում, եւ այնտեղ չկան ԶԼՄ-ներ, որոնք կարող էին կառավարության այդ քայլին դեմ գնալ: Այսպես Անկարան ապահովեց «առիթ պատերազմի համար»՝ պլանավորված ագրեսիային աջակցելու համար:

 

«iDNES» (Չեխիա)-«Համատեղ կեցությունը հնարավոր է, Ղարաբաղի հայերը չեն հրաժարվում»

 

«Մոսկվան Ղարաբաղում պետք է շատ զգույշ գործի, սակայն երկարաժամկետ հեռանկարում նրա դիվանագիտական դիրքորոշումն ավելի շահավետ է: Ռուսաստանը միակ երկիրն է, որն ի վիճակի է երկու երկրներին ստիպել՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Կառլովի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքագետ Սլավոմիր Գորակը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՁԵՎԱՎՈՐԵՑ ԻՐ ԻՂՁԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԸ

«88-ի փետրվարին սկսած շարժումը անպարտելի էր, որովհետեւ հայ ժողովուրդը ձեւավորեց իր իղձերի ու ձգտումների սեփական ու միասնական օրակարգը»,- իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

 

Նա, մասնավորապես, նշել է. «Օրակարգ, որն ամբողջովին մաքուր էր օտար ազդեցություններից, դրսից թելադրվող պրոպագանդիստական կլիշեներից եւ այլածին ծրագրերից։ Խորհրդային հին համակարգը վարկաբեկվել էր, իսկ այլ տերությունները դեռ չէին հասցրել օգտվել ստեղծված վակուումից եւ իրենց թեւքերը փռել ազատության համն առնող մեր ժողովրդի վրա։ Մեր Հաղթանակի գլխավոր գաղտնիքը դա էր. զուլալ էինք, վստահ ու անմեղ, այդ անմեղ վստահությամբ եւ մեր իրավացիության անսահման զգացումով էինք տապալում գիշատիչ եւ բանսարկու փորձառու տերությունների դավադրությունները եւ միջամտությունները։

Հաղթանակը եւ Արցախը կորցրեցինք, երբ աշխարհաքաղաքական օրակարգերը, գաղափարախոսական արշավները եւ օտար վերնախավերի ազդեցությունները ու նրանց լրտեսական ցանցերի սարդոստայնները աստիճանաբար բաժան-բաժան արեցին մեր ինքնաբուխ օրակարգը, եւ համարյա անտեսանելիորեն մեր հանրությունը մասնատվեց իրար ատող, նպատակն ու իմաստը կորցրած, գաղափարախոսական, թե շահադիտական հիմքերով ձեւավորված օտարածին բանակներին հավաքագրված զանգվածների։

Նույն վիճակում է հայտնվել մեր պետական համակարգը, որը սեփական օրակարգը իրականացնողից վերածվել է բազմաթիվ օտար ուժերի՝ ձեռքից ձեռք անցնող խաղալիքի եւ ուրացել հայ ժողովրդի շահերի սպասարկման իր միակ առաքելությունը։

Բայց 88-ի խորհուրդը ողջ է, իսկ հաղթանակի գաղտնիքը՝ նույնը։ Աստված մեզ ուժ տա նորից վերագտնել անկեղծ ու ինքնուրույն, մեր ժողովրդի հոգու խորքերից բխող իսկական պետականաստեղծ ավյունը եւ մի օր նորից արժանանալ 88-ի հաղթական շարժման ոգու փառքին»։

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցումով առաջադրել ենք հետեւյալ հարցերը՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո՝ մինչ այժմ, Տավուշի մարզի դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել գործընթացին, ատեստավորումից քանիսն է մինչեւ 60 տոկոս արդյունք ունեցել, քանիսը՝ 60-70 տոկոս, քանիսը՝ 70-ից բարձր, 2022-20023 ուսումնական տարվա նախաշեմին եւ այս ուսումնական տարվա ընթացքում՝ մինչ այժմ, բարձրագույն կրթություն չունենալու պատճառով Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում քանի ուսուցիչ է աշխատանքից ազատվել։ Մարզպետարանի պատասխանի մեջ բացակայում է ատեստավորման գործընթացին մասնակցած ուսուցիչների  ընդհանուր թիվը, մարզպետարանից հայտնել են. «Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներից 50-ն արձանագրել է 60-70%, 120-ը՝ 70-100% արդյունք: 2022-2023 ուսումնական տարվա նախաշեմին բարձրագույն կրթություն չունենալու հիմքով որեւէ ուսուցչի մասնագիտական գործունեությունը չի դադարեցվել, քանի որ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ կետի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովվում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված»: 2023-2024 ուսումնական տարում բարձրագույն կրթություն չունենալու հիմքով 55 ուսուցչի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է»:

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏ՝ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել ենք, որ 2024 փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնի տեղահանված 786 ընտանիք՝ 2810 անձ: 2023 թվականին Տավուշում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին, ըստ պահանջարկի, մարզի անտառտնտեսությունների կողմից ձմռանը ջեռուցման համար տրամադրվել է անվճար թափուկից վառելափայտ՝ Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից՝ 83 խմ, Իջեւանի անտառտնտեսության կողմից՝ 62 խմ, Սեւքարի անտառտնտեսության կողմից՝ 54 խմ, Արծվաբերդի անտառտնտեսության կողմից՝ 97 խմ։ Տավուշում վերաբնակված արցախցի 786 ընտանիքի Տավուշի անտառտնտեսությունների կողմից անվճար թափուկից ընդհանուր առմամբ տրամադրվել է 296 խորանարդ մետր վառելափայտ, ինչը փոքր թիվ է։ Այսպիսի վերաբերմունք՝ իրենց տները, գույքը, անասունները, գոյության միջոցները կորցրած արցախցիների նկատմամբ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս