ԿԱՐԵՎՈՐ ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող, հրապարակախոս, լրագրող Աշոտ Աղաբաբյանն ընթերցասեր հանրությանն է ներկայացրել իր հեղինակած նոր վեպը՝ «Սեւ հովազ-2»-ը: Հեղինակը  հայտնեց, որ վեպում ներկայացրել է, թե ինչպես Հայաստանը կարող է հաղթահարել վերջին տարիների հայտնի իրադարձությունների հետեւանքով առաջացած խնդիրները: 

 

«Սա հինգ ամիս առաջ լույս տեսած «Սեւ  հովազ-1» վեպի շարունակությունն է: Երկու վեպերում ներկայացված է արցախյան երեք պատերազմերից մինչեւ այս օրեր ընկած ժամանակահատվածը: Ավելի ստույգ՝ «Սեւ հովազ-1»-ն ընդգրկում է 1989-96, իսկ «Սեւ հովազ-2»-ը՝ 1996-ից մինչեւ այս տարվա հունվարի 10-ը: Սակայն, վեպերի առանցքը ոչ թե այդ երեք պատերազմերն են, այլ «Սեւ հովազ» հետախուզական հատուկ ծրագրի, խմբի անդամների գործունեությունը, կյանքի անցած ամբողջ ուղին՝ սկսած 2000 թվականին Շուշիում բանտարկվելուց»,- նշեց Աշոտ Աղաբաբյանը:

Նա ընդգծեց, որ իր նոր ստեղծագործությունը նաեւ կարեւոր ուղերձ է հայ ժողովրդին. «Սա ծրագրային վեպ է. ականատես գործող պրոֆեսիոնալների վկայությամբ առաջին անգամ ցույց եմ տալիս, թե ինչու պարտվեցինք վերջին պատերազմում, եւ ամենակարեւորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է հայությանը, բայց, այնուամենայնիվ, սա գեղարվեստական ստեղծագործություն է, ու պետք է այդպես ընդունվի»:

Հեղինակը նկատեց նաեւ. «Ամբողջ «Սեւ հովազ-2»-ը զուտ ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին է: Նշված են կոնկրետ քայլեր: Ինձ հարցնում են՝ իսկ ինչու այդքան բաց: Սա, ըստ գրքին ծանոթացած մասնագետների, դասագրքի պես մի բան է՝ համապատասխան կառույցների համար: Անվտանգության մասնագետի ծրագիր՝ առաջարկի տեսքով»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ այս պահին ունի հաջորդ ստեղծագործության երեք տարբերակ, սակայն վերջնականապես դեռ չի կողմնորոշվել: «Մերուժան Տեր-Գուլանյանը զանգեց ու հետաքրքրվեց, թե արդյոք գրելու եմ «Սեւ հովազ-3»-ը: Պատասխանեցի՝ բավական է. մեկ տարի է՝ գրում եմ: Իսկ շաբաթներ առաջ ինձ մոտ էր եկել Գագիկ Գինոսյանը. ասացի՝ դեռ չեմ որոշել: Մի քանի ծրագիր ունեմ. ամիսներ անց Հայաստան է գալու խորհրդային թիվ 1 քննիչ Թելման Գդլյանը: Նրան հանդիպելու առաջարկ եմ ստացել: Հիմա երեք տարբերակ ունեմ, բայց դեռ հստակ չեմ որոշել: Սովորաբար ինքս եմ ընտրում իմ հերոսներին ու եթե զգում եմ, որ իմն է, գրում եմ: Իմ 10 գրքերից, որոնցից մեկը վեպ չէ, ժողովածու է, 8-ը գրել եմ վերջին 6 տարում: Այնպես որ, շարունակելու եմ աշխատել»,- նշեց Աղաբաբյանը:

«Սեւ հովազ-1» վեպը անցյալ տարվա աշնանը տեւական ժամանակ եղել է «Արմենպրես»-ի «Երեւանյան բեսթելեր» հեղինակային նախագծի առաջատարը:

Աշոտ Աղաբաբյանը հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, ակնարկների եւ վեպերի հեղինակ է: Ընթերցողներին քաջածանոթ են նաեւ նրա «Ռեզիդենտ»-ը (2004 թվական), «Մենակը» (2013), «Գաղութը» (2013), «Թակարդում» (2018) ստեղծագործությունները: Ի դեպ, «Ռեզիդենտ» փաստագրական վեպը «Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում ճանաչվել է «Տարվա գիրք»:

«Սեւ հովազ-2» գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ», «Ֆենիքս», «Նոյյան Տապան» գրախանութների ցանցերում, «Գրքատուն», «Գամմա» գրախանութներում, նաեւ Կամերային երաժշտության տան մոտ գտնվող բացօթյա գրախանութում։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

«ԵՐԲ ԵՐԱԶԱՆՔԸ ԿՊՉՈՒՆ ՄԻՏՔ Է ԴԱՌՆՈՒՄ»

Հռոմի «Սիստինա» թատրոնի բեմում փետրվարի 15-ից մարտի 10-ը «Սուրբ Ծնունդը Կուպիելլոյի ընտանիքում» ներկայացումն է՝ ըստ Էդուարդո Դե Ֆիլիպպոյի համանուն պիեսի: Ներկայացման ռեժիսորն ու գլխավոր դերակատարն է հայտնի թատերագիր, ռեժիսոր եւ դերասան Վինչենցո Սալեմմեն:

 

Ժամանակակից հայտնի այս տրագիկոմեդիան հայտնի է ողջ աշխարհում: Որոշ երկրներում այն առավել ճանաչված է. այդպիսի երկրներից է Հայաստանը, որտեղ պիեսի վերնագիրը թարգմավել է ավելի ընդարձակ մեկնաբանությամբ՝ «Ծննդյան տոները սինյոր Կուպիելլոյի տանը»:

Իտալացի հայագետ Կարլո Կոպպոլան «Bari Connessa» կայքում մեծ հոդվածով անդրադարձել է թատրոնի եւ կինոյի հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի կողմից Էդուարդո Դե Ֆիլիպպոյի այդ ստեղծագործության բեմականացմանը՝ նշելով, որ Սոս Սարգսյանն օգտագործել է իր ընկերոջ, 2000-ական թվականների սկզբին Իտալիայում Հայաստանի դեսպան Գագիկ Բաղդասարյանի թարգմանությունն ու խորհրդատվությունը: Հայ մեծանուն դերասանի գաղափարներն այս դասական իտալական պիեսի վերաբերյալ ակնհայտ երեւում են ներկայացման վերաբերյալ նրա նկարագրից. «Երբ հեքիաթը գալիս է փոխարինելու իրականությանը, երբ երազանքը կպչուն միտք է դառնում, դա, միգուցե, այդքան էլ վատ չէ: Ծննդյան տոների շեմին ամենքս էլ երազել ենք սիրում, սակայն սինյոր Կուպիելլոն չկարողացավ ժամանակին ազատվել իր երազից: Թվում է, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, չկա այլեւս չքավորություն ու դժբախտություն, եւ միակ բանը, որ պետք է անել, մանուկ Քրիստոսի պատկերով խաղալիք պատրաստելն է, բայց կյանքն, այնուամենայնիվ, իրենն է թելադրում, եւ Կուպիելլոն երազանքի համար թանկ կվճարի»:

Իտալական թատրոնի այս խոշոր դասականի նկատմամբ Հայաստանի ջերմ վերաբերմունքը հավաստելու նպատակով Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը ներկա է գտնվել Վինչենցո Սալեմմեի ներկայացման պրեմիերային Հռոմում։ Ներկայացումից հետո դեսպանը հանդիպել է ռեժիսորի հետ։ Այս կապակցությամբ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ծովինար Համբարձումյանը կատարել է հետեւյալ գրառումը. «Չափազանց հաճելի էր հանդիպել Վինչենցո Սալեմմեին նրա «Natale in casa Cupiello» ներկայացումից հետո, որը պարգեւեց սուր զգացողություններ, ծիծաղ եւ արցունքներ, երազներ, սեր, ուրախություն եւ տխրություն, եւ այս ամենը՝ շնորհիվ մեծ ռեժիսորական տաղանդի եւ դերասանների բացառիկ ընտրության։ Ներկայացումը ներկայացնում է Նեապոլն իր բոլոր գույներով եւ երանգներով. քաղաք, որ սերտորեն կապում է հայերին եւ իտալացիներին իրենց մշակութային ինքնությամբ»:

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է

Մյունխենում փետրվարի 20-ի գիշերը 64 տարեկանում վախճանվել է ֆուտբոլի աշխարհի 1990 թվականի չեմպիոն, Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրեաս Բրեմեն: Այդ մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդրի հետեւանքով: Վետերան մարզիկին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել վերականգնել նրա սրտի աշխատանքը:

Անդրեաս Բրեմեի խփած գոլն էր ապահովել Գերմանիայի ընտրանու հաղթանակը 1990 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում: 85-րդ րոպեին նա, սառնասրտորեն իրացնելով Արգենտինայի հավաքականի դարպասին նշանակված 11-մետրանոցը, 1:0 հաշվով հաղթանակ էր պարգեւել բունդեսթիմին, որն այդ հաջողության շնորհիվ հռչակվել էր աշխարհի եռակի չեմպիոն:

Գերմանիայի հավաքականի կազմում Անդրեաս Բրեմեն դարձել է նաեւ 1986 թվականի աշխարհի եւ 1992 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ «Եվրո-88»-ում արժանացել է բրոնզե մեդալի:

Բրեմեն կարիերայի մեծ մասն անցկացրել է գերմանական «Կայզերսլաուտերն»-ում (154 խաղ, 34 գոլ) եւ իտալական «Ինտեր»-ում (155 խաղ, 12 գոլ): Հանդես է եկել նաեւ «Բավարիա»-ում, «Սաարբրյուկեն»-ում եւ «Սարագոսա»-ում:

 

 

 

ԱՎԱՐՏՈՒՄ Է ԿԱՐԻԵՐԱՆ

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Ոչ ոք չգիտի, թե ես ինչերի միջով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշը ինձ ոգեւորել ու բերել են այս մրցաշարին: Ուզում էի կարիերաս ավարտել՝ մեդալ նվաճելով, ինչն էլ եղավ, ու ինչի համար ուրախ եմ: 25 տարի է՝ այս մարզաձեւում եմ»,- ասաց Խուրշուդյանը: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրն առանձնակի շնորհակալություն հայտնեց հայ երկրպագուներին, որոնք իր կողքին են եղել թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների  ժամանակ:

«Չգիտեմ` ինչպես եմ թողնելու սպորտը: Մի կողմից՝ ուրախության արցունքներ են, մյուս կողմից՝ տխրում եմ ու մտածում՝ երանի կրկին 20 տարեկան լինեի ու նորից մրցահարթակ դուրս գայի»,-ասաց նա: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանրքաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 եւ 105կգ: Այս ձեւում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա բրոնզե մեդալ նվաճեց:




Լրահոս