ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն տուգանվել է: ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից: Իհարկե, «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն տուգանքը վիճարկում է դատարանում, սակայն խնդիրը խոշոր գումարների է վերաբերում:
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված ընկերությունը պահանջում է դատարանից տեսչական մարմնի 27.12.2023 թվականի թիվ 152 ստուգման ակտը, 27.12.2023 թվականի թիվ 97 բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների /սահմանափակումների/ ստուգման ակտը եւ 27.12.2023 թվականի թիվ 152 բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների /սահմանափակումների/ ակտը ամբողջությամբ վերացնել եւ որպես հետրեւանք ակտին կից ներկայացված հաշվարկները, արձանագրությունը, 31.01.2024 թվականի խախտումները վերացնելու մասին թիվ 04 հանձնարարականը, ինչպես նաեւ 31.01.2024 թվականի վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին թիվ Կ/04-24-Վ որոշումը, 31.01.2024 թվականի վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու մասին թիվ Կ/05-24-Վ որոշումը անվավեր ճանաչել:
Ինչ կվճռի դատարանը՝ կհետեւենք ընթացքին, բայց արձանագրենք, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սա միակ աղմուկը չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել:
Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց, ի թվս այլոց, նաեւ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտադիր է վարույթ հարուցել ավագանու 5 անդամների նկատմամբ, որոնք անհամատեղելիության կարգով նաեւ հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։
Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւս անհամատեղելիության կարգով այլ պաշտոն զբաղեցնող ավագանիների ցուցակում է. նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է:
Այսպիսով, չնայած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում որոշվել էր համաներել ավագանու այս անդամներին, բայց ԿԿՀ-ն, ամեն դեպքում, վարույթ է հարուցելու ավագանու այս 5 անդամների նկատմամբ:
ԿԿՀ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը, իսկ վարույթները ավագանու անդամներին կուղարկվեն 3-օրյա ժամկետում։
«Օրենքով սահմանված դեպքերում մենք պարտավոր ենք վարույթ հարուցել, քանի դեռ այլ օրենսդրական կարգավորում առկա չէ»,-ասացին մեզ ԿԿՀ-ից:
Այսպիսով, գնդակը, կարելի է ասել, ԱԺ-ի դաշտում է, քանի որ ավագանու անդամների նկատմամբ վարույթ հարուցվելու է որպես հանրային ծառայողի, իսկ տվյալ դեպքում ավագանու 5 անդամներն էլ պաշտոն զբաղեցնում են ԱԺ-ում, ուստի պետք է որոշվի՝ ազատում են նրանց, թե ոչ:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ ավագանու անդամներին համաներելու որոշումը՝ արդեն նաեւ հստակ է, որ ավագանու 5 անդամների նկատմամբ որեւէ միջոց չի կիրառվելու: Վարույթը կկրի ձեւական բնույթ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանին որպես վկա հարցաքննելու համար: Պարզեցինք, որ Ղուկասյանը գնացել է Հակակոռուպցիոն դատարան: Հիշեցնենք, որ թաղապետը դատարան գնացել է իր ենթակաների՝ պաշտոնեական դիրքի չարաշահման գործով: Իրավապահները կալանավորել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Տիգրան Ռաֆիկի Մարտիրոսյանին, նույն բաժնի առաջատար մասնագետ Արման Նվերի Հարությունյանին: Ըստ նախաքննական մարմնի պաշտոնական տեղեկության՝ վերջիններս նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ունենալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն, ինչպես նաեւ նույն մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող «Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության տնօրեն Կամո Գերասիմի Գեւորգյանի նկատմամբ իրենց ծառայողական լիազորությունների իրականացման հետ կապված ընդհանուր բերեհաճ վերաբերմունքի համար 2023 թվականի հուլիսի 11-ին Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքում Կամո Գեւորգյանից ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ կաշառք-գումար, որը վերջինս անձամբ տվել է Տիգրան Մարտիրոսյանին, որը ստացված կաշառք-գումարից 150.000 դրամը հաջորդ օրը փոխանցել է Արման Հարությունյանին։ Նկատենք, որ նախաքննական մարմինը պատասխանատվության չի կանչել Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանին այն բանի համար, թե ինչպես եղավ, որ նրա ենթակաները, առանց իր իմացության, նման պատժելի քայլի գնացին։
Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաեւ նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։ Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։ Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը: Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ։