Արցախի ԱԺ ղեկավար կազմը օրերս հանդիպել էր Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի հետ։
Քննարկվել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են միջազգային հիմնավոր երաշխիքների ներքո ստեղծելու անվտանգ ու իրավական դրույթներով ամրագրված միջավայր՝ արցախահայության հայրենադարձման եւ անվտանգ կյանքի համար:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ:
-Տիկի՛ն Ալավերդյան, գիտենք, որ հատուկ հանձնաժողով է ձեւավորվել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, որը բանակցություններ է վարում եւ երաշխիքներ ձեւավորում, որպեսզի որոշ ժամանակ հետո գոնե հնարավոր լինի արցախահայերի վերադաձն իրենց հայրենիք: Ի՞նչ եք կարծում, այս գործընթացը հաջողությամբ կպսակվի՞, արդյոք Ադրբեջանից հնարավոր կլինի՞ ստանալ որեւէ երաշխիք:
-Թույլ տվեք ասել, որ ես ընդհանրապես կողմ եմ, որ ինչ-որ տարբեր գործընթացներ սկսվեն. կցանկանամ, որ հստակ մի գաղափար բոլորն ունենան ու կիսեն ինձ հետ, այն է՝ ոչ թե Արցախը եւ արցախցիները պետք է վերադառնան Արցախ, այլ Արցախը պետք է վերադարձվի հայերին. Արցախը հայկական ոչ միայն հող է, այլ եղել է հայկական հանրապետություն: Ի տարբերություն շատերի՝ ես ողջունում եմ, որ ողջ է մնացել այն ժողովուրդը, որը պետք է պայքարի: Միակ երաշխիքը հայերի՝ Արցախում ապրելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, բայց դրանից առաջ Ադրբեջանի բոլոր ցեղասպանական գործողությունները պետք է պատժվեն, պիտի գործի պատժելիության սկզբունքը: Ով անում է առանց այդ երկրորդ սկզբունքի, նա տանում է հերթական կոտորածի: Հստակեցնենք. Ադրբեջանը թույլ չի տալու, որ որեւէ հայ ապրի Արցախում որպես հայ, որպես իր ինքնությունը պահպանող: Ես փոքր-ինչ ուղղեմ. դա ոչ թե բանակցություններ են, այլ դա գործունեություն է, որը կոչված է ամենատարբեր ատյաններում, տարբեր ժողովուրդների միջավայրում ճիշտ պատկերը ներկայացնել Արցախյան հիմնահարցի: Ես պետք է փաստեմ, որ այս տարիների ընթացքում միջազգային հանրությունը, փաստորեն, սնվել է միայն սուտ մոտեցումներով , որոնք տարածում էր Ադրբեջանը: Շատ ամոթ մեզ, մենք հենց սկզբից այդ պայքարի մեջ ենք տանուլ տվել: Այս առումով այդպիսի հանձնաժողովների գլխավոր նպատակը պետք է լինի միջազգային հանրության շահագրգիռ կողմերի եւ հարթակներում ստեղծել ճիշտ պատկերը Արցախի հիմնահարցի: Ո՞րն է այդ ճիշտ պատկերը. Արցախի Հանրապետությունը կայացել է ոչ մեկին, բացի հայերից պատկանող տարածքում: Ադրբեջանի նկրտումները մերժվել են դեռ անցած դարում Ազգերի լիգայի կողմից, երբ որ ինքը ներկայացրել է իր քարտեզը՝ Բաքվից Բաթում, եւ իրեն մերժել են. որեւէ մեկը չի ճանաչել այդ սահմանները որպես օրինական: Եթե Դուք փնտրեք ինտերնետում, Դուք էլ կգտնեք այդ քարտեզը, ու Դուք կիմանաք՝ ինչ է անում այսօր Ադրբեջանը: Նա վտանգում է Սյունիքը, այդտեղից՝ Վարդենիսը, այստեղից՝ Տավուշը: Դուք կտեսնեք, որ դա հենց այն քարտեզն է, որին ինքը ձգտում է: Այսինքն՝ բոլոր այն բարձրագոչ խոսքերը, տգետ արտահայտությունները ինքնորոշման իրավունքի մասին ճշմարտության կետ չունեն: Միջազգային իրավունքը, որի հիմքով կայացել է Արցախի Հանրապետությունը, ինքնորոշման իրավունքի հիման վրա է: Ես կոչ եմ անում բոլորին. սիրելինե՛րս, կարդացե՛ք ինքնուրույն, կարդացե՛ք, հասկացե՛ք. պետք չէ ոչ թե կրթված, այլ մտավոր կրտված մարդկանց խոսքերով ղեկավարվեք:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԸՆՏՐՎԵԼ Է ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
Փետրվարի 20-21-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բանգկոկում ընթացող Կայուն զարգացման Ասիա-Խաղաղօվկիանոսյան 11-րդ ֆորումի աշխատանքներին։
ԱԳՆ-ից հայտնում են, որ ֆորումի հանդիսավոր բացման արարողության ժամանակ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընտրվել է ֆորումի փոխնախագահ։
Նույն օրն ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բանախոսությամբ «Բազմակի ճգնաժամերի շրջանում աղքատության վերացում եւ Կայուն զարգացման 2030 օրակարգի ամրապնդում. Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, դիմակայուն եւ նորարարարական լուծումների ապահովում» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։
Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման եւ Հայաստան-Ադրբեջան սահմանի անկայունության պայմաններում, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից կայուն զարգացման նպատակների իրագործման ճանապարհին։
Անդրադառնալով կլիմայի փոփոխության պայմաններում Հայաստանի Հանրապետության առջեւ գոյացած մարտահրավերներին՝ նախարարի տեղակալ Կոստանյանը կարեւորել է Փարիզի համաձայնագրի լիակատար իրագործումը, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ ֆինանսական մեխանիզմների կիրառումը՝ ի աջակցություն կլիմայի փոփոխության դեմ զարգացող երկրներին պայքարին:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նաեւ նախագահել է ֆորումի՝ Ապագայի գագաթնաժողովին նվիրված նստաշրջանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք Ապագայի դաշնագրին։
Ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի, Երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ֆելիպե Պոլիեի եւ Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պոքսայ Խայխամֆիթունի հետ։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՎՏԱՆԳՆ ԻՐԱԿԱՆ Է
Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է. այս մասին Ֆրանսիայում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, նրա ժողովրդավարական ընթացքին եւ նրա խաղաղության ձգտումներին։
Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպայի մայրցամաքում, եւ հանուն ազատության պայքարը առավել քան երբեւէ պահանջում է պայքար անպատժելիության դեմ։
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգը իրական է մնում։
Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել են նաեւ Հայաստանի ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։
Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 4 զոհ եւ 1 վիրավոր»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։
ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ի սկզբանե չի բացառել, որ Ներքին Հանդ հասնելու հետ կապված կարող են խնդիրներ լինել:
Այս մասին ասաց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի շրջանակում կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ ռուս սահմանապահների կողմից ԵՄ առաքելության մուտքը Ներքին Հանդ խոչընդոտելու վերաբերյալ հարցին:
«Մեր առաքելությունը հասանելիություն ունի Հայաստանի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքի, որը ռուս սահմանապահների պատասխանատվության ներքո է: Ի սկզբանե մենք գիտեինք, որ չեն բացառվում խնդիրները Ներքին Հանդ հասնելու համար»,-ասաց Ռիտերը:
Թե որն է ԵՄ դիտորդների մուտքը խոչընդոտելու հիմնավորումը, նա հորդորում է հարցնել ռուսական կողմին:
Առաքելության ղեկավարն ընդգծեց՝ իրենք Հայաստանում հյուրի կարգավիճակով են: «Ըստ այդմ էլ Հայաստանը պետք է զբաղվի այդ հարցով, մենք ուղղակի շփումներ չունենք Հայաստանում ռուսական ուժերի հետ»,-ասաց Ռիտերը:
Նա վստահեցրեց, որ խնդիրը կապված է բացառապես Ներքին Հանդի հետ. մնացած այն տեղերում, որտեղ իրենք հանդիպում են ռուսական ուժերի հետ, խնդիրներ չեն լինում: