ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպառազինությունը, որը ձեռք է բերում Ադրբեջանը, ընդհանուր առմամբ տարածաշրջանը կայունացնելու համար չէ»,- այս մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ հարցը վերաբերում է ոչ միայն  Թուրքիայից, Իսրայելից, այլեւ այլ երկրներից Ադրբեջանի ձեռք բերած սպառազինությանը։

 

«Մենք առաջարկել ենք նաեւ ունենալ սպառազինության վերահսկման մեխանիզմներ, որովհետեւ դա կարող է տարածաշրջանում լինել կայունության ու երկարատեւ խաղաղության հաստատման գործընթաց։ Մենք շարժվում ենք այդ օրակարգով։ Այն օրվանից, երբ մենք հրապարակավ Ադրբեջանին փոխանցեցինք զորքերը հայելային կերպով հետ քաշելու առաջարկը, այն մշտապես մտել է մեր օրակարգ։ Փորձելու ենք այդ հարցում Ադրբեջանի հետ հասնել համաձայնության՝ քննարկելով հնարավոր լուծումները։ Այդ հարցում անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը միանշանակ համոզված է, որ զորքերի հայելային հետքաշումը հնարավոր միջադեպերը կանխելու լավագույն գործիքներից մեկն է։ Եթե զինված ուժերը երկուստեք դասավորվեն որոշակի հեռավորության վրա, եւ ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվեն սահմանապահ զորքերը, բնականաբար, դա կլինի կայունության գործոն։

«Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը եւ արտաքին քաղաքականությունը եւ դա կատարում է ամբողջովին բաց՝ միջոցառումների, քաղաքական մեսիջների ու գործողությունների միջոցով։ Դիվերսիֆիկացիան ներառում է ոչ միայն Արեւմուտքը, այլեւ Հնդկաստանն ու մի շարք այլ երկրներ։ Տեսնելով, որ անվտանգության այն համակարգը, որի մասն է կազմում Հայաստանը, չի աշխատել 2020-22 թվականներին եւ ընդհանրապես գործունյա չէ՝ մենք փնտրում ենք անվտանգության այլ երաշխիքներ եւ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

«Հայկական կողմի համար առաջնահերթություն է քարտեզների միջոցով սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելը»,- հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ դեռեւս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  պայմանավորվել են, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Այդ հռչակագիրն արձանագրում է, որ Խորհրդային Միության հանրապետությունները ԽՍՀՄ-ի փլուզման պահին իրենց միջեւ ադմինիստրատիվ սահմանը ճանաչում են որպես միջպետական սահման, ինչը նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն է ունեցել սահման, որն էլ ճանաչվել է Ալմա-Աթայի հռչակագրով։ Այժմ մենք խնդիր ունենք օգտագործել պաշտոնական մարմինների կողմից հրապարակված Խորհրդային Միության վերջին տարիների քարտեզները միջպետական սահմանները վերարտադրելու նպատակով»,- նշեց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի կարծիքով՝ դա ամբողջովին լեգիտիմ մոտեցում է, չի խախտում միջազգային որեւէ սկզբունք եւ ամբողջությամբ տեղավորվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջանակում, որի շուրջ հայկական կողմը ձգտում է հասնել համաձայնության։

«Քննարկումները շարունակվում են, եւ վաղ թե ուշ այդ հարցում գալու ենք համաձայնության, որովհետեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ այլ քարտեզներ գոյություն չունեն»,- եզրափակեց Գրիգորյանը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆԸ

«Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նպաստում է  Հարավային Կովկասում կայունությանը եւ կարեւոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար»,- Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառմանն այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

Նա հիշեցրեց, որ անցած մեկ տարին կարեւոր փուլ էր ԵՄ քաղաքացիական առաքելության համար, որի ընթացքում լուծվել եւ հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր՝ կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման եւ գործունեության իրավապայմանագրային հիմքի հետ։

«Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաեւ առաքելության եւ Հայաստանի Հանրապետության գերատեսչությունների միջեւ համագործակցությունը, ձեւավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձեւաչափեր։ Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում եւ կարեւոր գործառույթ է իրականացնում՝դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանի ողջ երկայնքով։

Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը եւ կարեւոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։

Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները եւ աջակցում ենք առաքելությանը՝ իրականացնելու իր մանդատը ամբողջ ծավալով»,-ընդգծեց Գրիգորյանը։

Նա նշեց, որ այս կարեւոր առաքելությունում ներդրում ունենալու համար հայկական կողմը շնորհակալ է ԵՄ անդամ երկու տասնյակից ավելի երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը եւ առաքելության անձնակազմին։

«Մենք հուսով ենք եւ ակնկալում ենք, որ առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք նաեւ ողջունում ենք Կանադայի մասնակցությունն առաքելությանը եւ ողջունում ենք առաքելությանը միանալու՝ Նորվեգիայի պատրաստակամությունը»,-եզրափակեց Գրիգորյանը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հասցեին օրերս անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ առաքելությունը ոչ թե նպաստում է Հարավային Կովկասի կայունությանը, այլ զբաղված է հակաադրբեջանական քարոզչություն իրականացնելով։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

«Հայաստանն ու Եվրամիությունն ուսումնասիրում են անվտանգության ոլորտում համագործակցելու տարբերակներ»,- այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ հարցին:

«Մենք հիմա աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վրա: Եվրամիության խորհուրդը Եվրահանձնաժողովին եւ բարձր ներկայացուցչին խնդրել է մշակել տարբերակներ՝ բոլոր ուղղություններով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման համար: Ընթացքի մեջ գտնվող գործընթացի մասին է խոսքը, վերաբերում է երկու կողմին էլ»,-ասաց Մարագոսը:

ԵՄ դեսպանն ասաց, որ քննարկում են, թե որն է Հայաստանի քաղաքացիների ցանկությունն այս մասով: Նա բավականին կուռ է գնահատում գործընկերությունը՝ ելնելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից:

«Մենք Հայաստանի համար շատ բարեփոխումների շատ կարեւոր գործընկեր ենք հանդիսանում: Մենք նաեւ ուսումնասիրում ենք տարբերակներ անվտանգության ասպարեզում համագործակցելու: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի մասնակցության հավանականության մասին է եվրոպական խաղաղության շրջանակին»,-ասաց դեսպանը:

Նա ասաց, որ օրակարգի մշակումն ավարտելուց հետո ՀՀ-ն ու ԵՄ-ն կկարողանան հայտարարություն անել: Մարագոսը կարեւորեց, որ ԵՄ-ն արձագանքի Հայաստանի ժողովրդի հավակնություններին:

ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանը չի ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող եւ այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրումներ ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում:

 

 

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարեւորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։

Այս մասին արտգործնախարարի խոսնակը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։ Մենք նաեւ կարեւորում ենք առաքելության կարեւոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,-գրել է Բադալյանը։

 




Լրահոս