ԿԱՊՈՂ ՕՂԱԿ՝ ԳՐՔԻ ԵՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ավելի քան տասը տարի իրականացնում է «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագիծը, որի շնորհիվ ամրապնդվում է գրողների, գրահրատարակիչների, ընթերցողների միջեւ կապը: Նախագծի շնորհիվ ընթերցասեր հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու նոր հրատարակություններին, նոր թարգմանություններին, երիտասարդ գրողների ստեղծագործություններին:

 

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանն ընդգծեց, որ նախագիծը գործակալության համար կարեւոր նշանակություն ունի, եւ արդեն մի քանի տարի մրցանակաբաշխությամբ արդյունքներն ամփոփվում են Մայրենի լեզվի խորհրդանշական օրը՝ փետրվարի 21-ին: Միջոցառումն այս տարի անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Նախագիծը նպատակ ունի յուրահատուկ կապող օղակ հանդիսանալ գրողների, հրատարակիչների, ընթերցողների, գրախանութների միջեւ, ընթերցողներին իրազեկել համաշխարհային եւ հայաստանյան արդի գրական միտումների, ամենապահանջված գրքերի մասին, ամրապնդել գրքի նկատմամբ սերն ու ընթերցելը դարձնել վարակիչ»,-շեշտեց Նազարյանն ու հայտարարեց անվանակարգերը:

«Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում մրցանակը տրվեց թարգմանիչ Մարիա Սադոյանին՝ Խալեդ Հոսեյնիի գրքերի հայերեն թարգմանությունների՝ «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար («Զանգակ» հրատարակչություն):

«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Աստղիկ Աթաբեկյանը՝ «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծում Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը»եւ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» գրքերի՝ բեսթսելեր ճանաչվելու համար («Newmag» հրատարակչություն):

«Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Էդիթ պրինտ»-ը՝ Ագաթա Քրիստիի գործերի՝ «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին նման նախագիծ իրականացնելու համար՝ նշելով, որ եւ՛ ընթերցողներն են ոգեւորվում, եւ՛ գրախանութները: «Մենք չենք հասցնում  տպագրել Ագաթա Քրիստիի գրքերը, քանի որ դրանք շատ պահանջված են: Արդեն 30 հատոր կա, հետո հաջորդ տասը հատորը կլինի, ավելի ուշ՝ հաջորդ հատորները: Մենք նաեւ այլ հետաքրքիր հեղինակների ենք հրատարակում եւ ուրախ ենք, որ մեր ընթերցողները գոհ են»,-ասաց նա:

«Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ» անվանակարգում մրցանակը տրվեց «Բուկինիստ» հրատարակչությանը՝ «Արմենպրես»-ի «Երեւանյան բեսթսելեր» հատուկ նախագծում մանկական ամենաբազմատեսակ գրքերով ներկայացված լինելու համար:

«Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը հավաստիացրեց՝ եթե մրցանակ հանձնվեր «Գրքին սատարող հիմնարկ» անվանակարգում, «Արմենպրես»-ն ամեն տարի կարող էր ստանալ այդ մրցանակը: Նա հայտնեց հրատարակչության պատրաստակամությունը՝ շարունակելու երեխաներին կրթող նոր գրքերի լույսընծայումը՝ կարեւորելով հանրագիտարանների շարքի տպագրությունը, որը կյանք է ստացել ավելի քան 10 տարվա անդադար աշխատանքի արդյունքում:

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում  մրցանակ ստացավ «ԴաՎինչի» հրատարակչությունը՝ նոն ֆիքշն (փաստավավերագրական) ժանրում Ջոն Ստրելեքի գրքերի` տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«ԴաՎինչի» հրատարակչության տնօրեն Հայկ Աջապահյանը մրցանակն անսպասելի համարեց՝ նշելով, որ որեւէ գիրք տպագրության համար դիտարկում են, եթե դուր է գալիս իրեն ու իր թիմին, սակայն նախագիծը եւ մրցանակը փաստում են, որ դրանք դուր են գալիս նաեւ գնորդին: «Դա նշանակում է, որ գտել ենք ընթերցողին բավարարելու նշաձողը»,-ընդգծեց նա։

«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Աշոտ Աղաբաբյանը՝ անդադրում աշխատանքի, անսպառ ստեղծագործականության եւ մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու կապակցությամբ:

Նարինե Նազարյանն ընդգծեց, որ հեղինակն ունի մոտ մեկ տասնյակ ստեղծագործություններ, որոնցից դժվարանում է առանձնացնել որեւէ մեկը, քանի որ յուրաքանչյուրը յուրօրինակ կերպով ներկայացնում է հայ ժողովրդի հերոս զավակների գործունեությունը:

Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց «Բուկինիստ» հրատարակչությանը՝ մշտապես իր կողքին լինելու եւ իր գործերն ընթերցողների հնարավորինս լայն լսարանի հասանելի դարձնելու գործում:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՀԱՅ ԿԻՆՈՅԻ 100-ԱՄՅԱԿ

 

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվում են նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համո Բեկնազարյանի մի քանի ֆիլմեր:

 

Այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու տեղեկացնում, որ փետրվարի 20-ին եւ 27-ին Սինեմատեկում ցուցադրվելու է հեղինակի՝ 1930 թվականին նկարահանած  «Երկիր Նաիրի» ֆիլմը:

Կինոնկարը նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում մինչեւ Ձիգա Վերտովը վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաեւ հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլեւի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետեւանքները (1926թ.), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձեւաչափով այս ֆիլմը կատարելապես նոր երեւույթ էր հայկական կինոյում։

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը իր չեմպիոնությունը կարեւոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

«Մենք չգիտեինք, որ Լաշան (խմբ. Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձե) չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դա միայն ընթացքում պարզ դարձավ: Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգեւորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է:  Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ»,- ասաց Լալայանը: Խոսելով Պոկում վարժությունում իր գրանցած արդյունքից` Լալայանն առանձնացրեց, որ այս ձեւում մոտեցումներն այդքան էլ լավ չստացվեցին, բայց հավելեց, որ Հրում վարժությունում երկու մոտեցումները բավարար էին հաղթելու համար:

«Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»,-ընդգծեց նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Մրցումային վերջին` 9-րդ օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները: Ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը Պոկում վարժությունում գլխավերեւում պահեց 200 եւ 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձեւում:  Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ եւ դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը։

 

 

 

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան «Ինտեր»-«Ատլետիկո», «ՊՍՎ»- «Բորուսիա» հանդիպումները:

«Ինտեր»-ը, սեփական հարկի տակ ընդունելով Մադրիդի «Ատլետիկո»-ին, առավելության հասավ նվազագույն հաշվով:

Միլանյան ակումբի կազմում միակ գնդակը խփեց Մարկո Արնաուտովիչը խաղի 79-րդ րոպեին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին:

Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «ՊՍՎ»-ին: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «ՊՍՎ»-ից աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը, իսկ «Բորուսիա»-ի գոլը հեղինակեց Դոնիել Մալեն:

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին:

 




Լրահոս