«Հայ ազգային ճակատ» կազմակերպությունը փետրվարի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքի մուտքի մոտ մեկնարկելու է «Ի սատարում եկեղեցուն» հավաք։ ArmLur.am-ը զրուցել է հավաքի կարզմակերպիչ, ռազմական, հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանի հետ, որը ներկայացրել է հավաքի ընթացքում սպասվելիք իրադարձությունները, խոսել Եկեղեցու դերի կարեւորության եւ Եկեղեցու դեմ ուղղված սադրանքների մասին։
-Պարո՛ն Գեւորգյան, մենք տեղեկացանք, որ վաղվա հանրահավաքին, ի աջակցություն հայ եկեղեցու, Դուք եւս հավաքվելու եք եւ Ձեր աջակցությունն եք հայտնելու: Կխնդրեմ ասել՝ ինչից սկսվեց այս ամենը, ինչու հասանք այն կետին, որ իշխանությունը սկսեց դեմ խոսել Եկեղեցուն:
-Գիտեք, ընդհանրապես Եկեղեցին պետք է դիտարկել ոչ միայն վերացական հավատի ինչ-որ մի կենտրոն, այլ ինքը պիտի լինի մեզ համար անվտանգային կուռ համակարգ. ինքը իրականում անվտանգային համակարգ է՝ ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական: Նորից ուզում եմ հիշեցնել, որ այսօրվա իշխանության ղեկին նստածները գոռում էին, որ բանակը իրենց սրբության ամրոցն է, անվտանգային ամրոցն է, եւ ոչ թե բանակի դեմ են իրենց քայլերը ուղղված, այլ կոռումպացված գեներալների, եւ, բնականաբար, առաջին թիրախում էր գեներալ Մանվել Գրիգորյանը, որն իմ զինակից ընկերն էր: Նա այն մարդն էր, որը սարսափ էր ադրբեջանցիների համար եւ բոլոր նրանց, ովքեր փորձում էին ոտնձգություն կատարել մեր երկրի նկատմամբ: Փաստացի մենք տեսանք՝ դրանից հետո ամբողջ բանակի կառուցվածքը ոնց են քանդում, եւ մենք ապրեցինք 44-օրյա ցեղասպան պատերազմը, մենք ապրեցինք այն ցավը, որը մինչ օրս ապրում է մեր ազգը, կորուստները՝ ե՛ւ տարածքային, ե՛ւ երիտասարդ սերնդի: Այս ամենից հետո մենք տեսնում ենք, որ սուվերեն տարածքում է գտնվում թշնամին հոխորտացող եւ դուրս չի գալիս: Մենք տեսանք, որ բանակի անվան տակ թիրախավորվում էին անձերը, եւ հետո ամբողջ կառույցը քանդեցին: Առաջին հարվածը իրենք հասցրել էին Եկեղեցուն, երբ որ պղծում էին մեր վեհարանը: Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ եթե մենք քրիստոնյա ենք, պետք է հասկանանք, որ մեր Տիրոջ խոսքով պիտի առաջնորդվենք: Ոչ թե մենք պետք է քննենք մեր հոգեւոր դասի, մեր Վեհափառ տիրոջ, հոգեւորականների վարքը, այլ պարզապես սկսենք մեզանից:
-Իսկ վաղը ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու Էջմիածնում:
-Մենք Մայր Աթոռի բակում, որտեղ երկու մարմարե բարձր խաչքարերն են, հավաքվելու ենք, անենք ընդհանուր աղոթք, կլինի հայտարարություն, եւ բոլորը կիմանան՝ ինչ նախաձեռնության մասին է խոսքը: Նախաձեռնության մասին կխոսեմ վաղը: Դա մեր կողմից խոնարհումն է, եւ դա կոչ է լինելու մեր ընկերներին, մեր հայրենակիցներին, որ նույնկերպ շարունակենք մեր նվիրումը մեր Եկեղեցուն, լինենք նրա կողքին, որովհետու մեր սուրբ Էջմիածինը այն հողն է, որտեղ միածին որդին իջավ, իր ոսկե մուրճով հարվածեց եւ հայոց հողն օրհնեց: Սա երբ գիտակցում ես, հասկանում ես, թե որքան պիտի լինի քո նվիրումը: Յուրաքանչյուր հայ մարդ, հայ քաղաքացի, անկախ իր քաղաքական կողմնորոշումից, պիտի համախմբվի հայ հավատի շուրջ եւ ի պաշտպան կանգնի մեր ազգային արժեհամակարգին: Հետո կլինի մոմավառություն, եւ սիրով հաջորդ օրը կսպասենք մեր հայրենակիցներին եւ այդպես շարունակ: Ես կարծում եմ, որ պետք է սկսվի ապաշխարության ճանապարհը:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՄԵՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆՔ ՕԳՏՎԵԼ»
«Ամբողջական ինքնիշխանության հասնելու կարգախոսների ներքո մենք ամբողջովին կորցնում ենք այն. այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը թելադրվում է Ադրբեջանի կողմից»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով՝ ամբողջական ինքնիշխանության հայեցակարգն աշխարհում ոչ մի տեղ գոյություն չունի, նույնիսկ ԱՄՆ-ն չի տիրապետում դրան։ Արեւմուտքում կոչ են անում կտրուկ քայլեր չձեռնարկել իր նկատմամբ, քանի որ դա ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։
Օսկանյանը կոչ արեց ցույց տալ որեւէ երկրի որեւէ պաշտոնյայի հայտարարություն, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որոնք 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովից հետո հայտարարել են, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։
Օսկանյանը Մադրիդյան սկզբունքներն անվանել է դիվանագիտական գլուխգործոց՝ հատկապես ներկա համատեքստում։ «Մենք պարզապես չկարողացանք օգտվել դրանցից։ Սրա համար Փաշինյանն ուներ լավագույն հնարավորությունները»,- նշել է Օսկանյանը։
Նախկին նախարարը վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը որքան եղել է բանակցային գործընթացում, այդքան էլ շարունակում է մնալ։
«Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը կարգավիճակի քննարկման փուլում չի եղել, այլ եղել է միայն հակամարտության հետեւանքների վերացման փաստաթղթում»,- ընդգծել է նա։
Օսկանյանը տարակուսանք հայտնեց, որ այսօր օրակարգում է Հայաստանի տարածքով Ադրբեջանին ճանապարհ կամ միջանցք տրամադրելու հարցը այն պայմաններում, երբ ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ Լաչինի միջանցքի մասին։ «Եթե Լաչինի միջանցքը բաց լիներ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերի հետ մեր շփման համար, ապա այդ դեպքում հնարավոր կլիներ քննարկել Նախիջեւանի ադրբեջանցիների եւ Ադրբեջանի հիմնական մասի կապը։ Հարցը պետք է լուծվի հայելային ճանապարհով»,- պարզաբանեց նա։
Հայաստանի արտգործնախարարության նախկին ղեկավարը կոչ արեց գոնե նվազագույն դիմադրություն ցույց տալ եւ չհամաձայնել կատարել Բաքվի յուրաքանչյուր պահանջը։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԴԵՌ ՀԱՎԱՏՈՒՄ Է
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը մոտ է, եւ երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռեւս առկա մի քանի խնդիրները։ Այս մասին հայտել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, եւ նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ եւ խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», – ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Նա նաեւ անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։
«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, եւ մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», – նշել է Պետքարտուղարության խոսնակը։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: Հանդիպումից հետո Փաշինյանն արձանագրել էր, որ կողմերը հավատարիմ են մնում Պրահայում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այնուհետեւ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։
ԸՆԴԴԵՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
Փետրվարի 24-ին Էջմիածնում նախատեսվում է իրականացնել հանրահավաք՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Հանրահավաքն իրականացնում է «Վարդանանք» շարժումը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հայր Ներսես Հարությունյան հետ՝ հասկանալու համար՝ ինչպես է վերաբերվում այս իրավիճակին.
«Դա երբեք չի կարող ճիշտ լինել, որովհետեւ եկեղեցին այնպիսի կառույց է, որ ունի իր յուրահատուկ կանոնները, իր դրվածքները, եւ նման աշխարհական միջամտությունը բոլորովին անտեղի է եւ, վնասից, խառնակչությունից բացի, ուրիշ ոչնչի չի բերի: Շատ անլուրջ եմ վերաբերվում այս հանրահավաքներին»:
Նրա կարծիքով՝ սա այնպիսի մի խումբ է, որը շատ կասկածելի կարող է լինել, որովհետեւ կարող է տարբեր կողմերով ուղղորդված լինեն, եւ իրենք ժողովուրդ ներկայացնող չեն:
«Սա կարծես թե պրովոկացիա է, գուցե եւ շեղող նպատակներ ունի, բայց որ անօգուտ ու անիմաստ գործ է, ուրիշ այլ քննադատանք չեմ կարող ասել: Ուղղակի վիարավորական է, որ մի խումբ մարդիկ նման կառույցի դեմ են դուրս գալիս»: