ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԺԱՄԱՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։

 

Այս մասին հայտնել է POLITICO-ն։

Նշվում է, որ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus եւ Lecornu ընկերության ներկայացուցիչները։

MBDA-ը հրթիռներ մշակող եւ արտադրող ընկերություն է։ Հրթիռներ եւ հրթիռային համակարգեր է մատակարարում զինված ուժերի յուրաքանչյուր տեսակի համար (օդային, ծովային, ցամաքային): Արտադրում է 48 տիպի հրթիռ, եւս 15-ը մշակման փուլում է (AIM-132, Meteor, MICA, Aspide, Apache, Exocet եւ այլն)։

Ֆրանսիական Nexter Systems ընկերությունը մասնագիտացած է զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, զինամթերքի եւ հարակից սարքավորումների նախագծման, մշակման եւ արտադրության մեջ: Nexter Systems արտադրում է տանկեր, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, հեռահար մարտական կայաններ, զենիթային համալիրներ եւ հակատանկային կառավարվող հրթիռներ։

Safran ընկերությունը հիմնականում գործում է օդատիեզերական, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում: Safran-ը արտադրում է ավիացիոն շարժիչներ, ավիացիոն սարքավորումներ, օպտիկական-էլեկտրոնային համակարգեր, նավիգացիոն համակարգեր, հսկողության համակարգեր։

Thales ընկերությունը գործում է հիմնականում օդատիեզերական, պաշտպանության, անվտանգության եւ տրանսպորտի ոլորտներում: Thales-ը արտադրում է ավիատիեզերական համակարգեր, ռադարներ, էլեկտրոնային մարտական համակարգեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Ընկերությունը նաեւ առաջարկում է լուծումներ կիբեռանտվնագության ոլորտում։

Arquus ընկերությունը մասնագիտացած է անվավոր եւ թրթուրավոր ռազմական տեխնիկայի նախագծման, մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ հարակից ծառայությունների մեջ: Arquus-ը նախագծում եւ արտադրում է մի շարք զրահապատ տրանսպորտային միջոցներ՝ ներառյալ հետեւակային մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ, հետախուզական մեքենաներ եւ ընդհանուր նշանակության զրահապատ տրանսպորտային միջոցներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան փետրվարի 22-ին Հայաստան կառաքի պաշտպանական սպառազինության խմբաքանակ։ Սպառազինությունը ներառում է Thales ընկերության Ground Master (GM 200) երեք ռադար, որոնք հնարավորություն կտան 250 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել հակառակորդի ինքնաթիռները, ինչպես նաեւ գիշերային տեսողության սարքեր, հեռադիտակներ։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Փարիզում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ֆրանսիայի վարչապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը եւ ընդգծել իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` հետեւողականորեն զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով եւ մաղթել հաջողություններ: Վարչապետը կարեւորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը:

Մասնավորապես, զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի, շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի կառավարման, զբոսաշրջության բնագավառներում գործակցությանը եւ համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Վարչապետ Փաշինյանը կարեւորել է Ֆրանսիայի կառավարության աջակցությունը Հայաստանին` շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաեւ ստանդարտների ներդրման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Ատալին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Ֆրանսիայի վարչապետը հրավերը սիրով ընդունել է:

 

 

 

ՆՅՈՒԱՆՍՆԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։

«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետեւ շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների հետ, որոնք այլ որակ եւ այլ տրամաբանություն ունեն։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանքը չէ։ Դելիմիտացիայի գործընթացը նախ իրավական հենքի բացահայտումն է, որի վրա կազմվել է այս կամ այն քարտեզը։ Ընդ որում՝ ամեն մարմին չէ, որ իրավունք ունի կամ Խորհրդային միության ժամանակ իրավունք է ունեցել քարտեզ կազմել կամ քարտեզ տպագրել։ Այս բոլոր նյուանսները, որոնց մասին ես խոսում եմ, շատ կարեւոր են եւ պետք է հասցեագրվեն մեր աշխատանքի ժամանակ»,-  ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Մյունխենում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպում, ինչպես նաեւ հանդիպում փոխվարչապետերի մակարդակով, որոնք գլխավորում են նաեւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի եւ կայքի ներկայացմանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների մի շարք դեսպաններ:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը քաղհասարակության պլատֆորմի հետ երկխոսությունը շարունակական եւ ինստիտուցիոնալ դարձնելու հարցում եւ կարեւորել է քաղհասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է վերջերս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ նշելով, որ ԵՄ-ն ողջունել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը եւ բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերը Հայաստան-ԵՄ գործընկերության շարունակական խթանման հարցում եւ կարեւորել պլատֆորմի կողմից ներկայացվող զեկույցը՝ ընդգծելով, որ վերհանված խնդիրները հաշվի կառնվեն քաղհասարակության հետ համատեղ աշխատանքներում մշտադիտարկման եւ հաղորդակցության մեխանիզմները կատարելագործելու գործընթացում:

«Հավատացած ենք, որ ՀԸԳՀ-ը պետք է մեր քաղաքացիների կողմից որպես իրենց սեփականություն դիտարկվի եւ այդ նպատակին հասնելու համար մենք պետք է համատեղ ջանքեր գործադրենք՝ շարունակելով կառուցողական երկխոսությունը եւ ավելացնելով հաշվետվողականության աստիճանը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ամփոփելով խոսքը՝ փոխվարչապետը արդյունավետ քննարկումներ է մաղթել մասնակիցներին եւ պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ՀԸԳՀ կիրարկմանը, այնպես էլ ոլորտային առանցքային բարեփոխումներին:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։

RTL ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սեբաստիան Լեկորնյուն։

«Շուտով Հայաստան կգնամ խորհրդարանականներից եւ արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մեծ պատվիրակությամբ»,- ասել է Լեկորնյուն։ Նա նշել է, որ սա կլինի առաջին դեպքը, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն այցելում է Հայաստան։ Նախարարը նաեւ ասել է, որ Ֆրանսիան բարեկամ Հայաստանին ռազմական տեխնիկա է տրամադրում բացառապես պաշտպանական նպատակների համար։ «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, որը բախվում է անվտանգային լուրջ խնդրի։ Մեր պարտավորությունն է օգնել Հայաստանին, որպեսզի պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լեկորնյուն։

 

 




Լրահոս