Արմավիրի մարզում բնակություն է հաստատել 10 222 բռնի տեղահանված արցախցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. Արցախի հայաթափումից հետո ՀՀ Արմավիր մարզում բնակություն է հաստատել 10 222 բռնի տեղահանված արցախցի: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը:

«Արցախից բռնի տեղահանված անձինք և նրանց ընտանիքները ստացել են համապատասխան աջակցություն: Մասնավորապես՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների հաշվին՝ համայնքների կողմից այդ ընտանիքներին մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը բաշխվել է սնունդ:

Դպրոցահասկան երեխաներ ունեցող ընտանիքներին, ըստ երեխաների քանակի, տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն: Տարբեր միջազգային բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունները (սնունդ, հագուստ, անկողնային պարագաներ, մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ, մահճակալներ, կենցաղային տեղնիկա և այլն) համայնքների միջոցով բաշխվել է բռնի տեղահանված ընտանիքներին», – ասաց Դավիթ Խուդաթյանը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ ՀՀ Արմավիրի մարզում 2024թ. փետրվարի դրությամբ պետական և համայնքային տարածքներում բնակվում է 38 անձ, հյուրատներում՝ 59 անձ: Խուդաթյանի խոսքով՝ նշված վայրերում մինչ օրս բնակվելու փաստը հիմնականում պայմանավորված է տվյալ համայնքում վարձակալության տրվող բնակարանների սղությամբ և դրանց բարձր վարձավճարներով:

Նանիկ Աղասյան




Լրահոս