Սիրված, գնահատված կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, նրա տարածական մոնտաժի տեսությունն ուսումնասիրվում եւ ուսուցանվում է հեղինակավոր կինոինստիտուտներում, իսկ ժողովրդական սերը չի լքում նրան:
Փելեշյանը, որի «Սկիզբ», «Մարդկանց երկիրը», «Մենք», «Մեր դարը», «Կյանք», «Տարվա եղանակները» եւ այլ յուրահատուկ կինոնկարները հնարավորություն են տալիս բոլորովին այլ հայացքով նայել կյանքին, աշխարհին, փետրվարի 22-ին տոնում է ծննդյան 86-ամյակը:
Ռեժիսորը, որին պարբերաբար հնարավոր է տեսնել Երեւանի փողոցներում, մշակութային տարբեր միջոցառումների ընթացքում, չի սիրում հարցազրույցներ տալ, սակայն ելույթներից երբեմն չի հրաժարվում: Ամիսներ առաջ կինոռեժիսորը որոշ դրվագներ պատմեց իր կյանքից:
Ներկայացնում ենք նրա հիշողությունները:
«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի, որ զրուցեմ Փարաջանովի հետ: Երկար զրուցեցինք, շատ հարցեր քննարկեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք ավելի քան մեկ ժամ, եւ երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եղավ: Փոստի աշխատակցուհին էր, ասաց, որ չի կարող վճար վերցնել, քանի որ իմ եւ Փարաջանովի զրույցի պես բան կյանքում չի լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ եւ հաջորդ օրը եկավ հյուրանոց, որտեղ հանդիպեցինք: Մի առիթով էլ ասաց՝ եթե ցանկանամ զանգել արտերկիր, նա անվճար խոսելու հնարավորություն կտա: Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»,-պատմել էր Փելեշյանը:
Մի առիթով էլ ռեժիսորը գնացքով մեկնում է Մոսկվա: «Ուղեկցորդն ինձ ցույց տվեց իմ տեղը, հետո մոտեցավ ու հարցրեց՝ արդյոք նարդի պետք է, ասացի՝ ոչ, հետո կրկին եկավ ու հարցրեց՝ շախմատ պետք է, հետո ծածկոց առաջարկեց: Այդ ընթացքում դուրս էի գալիս միջանցք ծխելու, եւ ուղեկցորդն այնքան ուշադիր էր իմ հանդեպ, որ իմ կողքով անցնող մարդկանց խնդրում էր չաղմկել: Այդպես հասա Մոսկվա»,-հիշել էր նա:
Ուղեւորության ավարտին ուղեկցորդն ու իր ընկերը, որը պարզվել է՝ ԱԱԾ-ում լուրջ պաշտոն է զբաղեցրել, ամբողջ ընթացքում փորձել են հասկանալ, թե որտեղ են տեսել Փելեշյանին:
«Դուք մեր կյանքը կերաք, վերջապես հիշեցինք, որ Ձեզ տեսել ենք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում»,-Փելեշյանին հաջողություն մաղթելիս ասել են նրանք:
Արտավազդ Փելեշյանն ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են ուրույն ոճով եւ կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարեւոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։
2021 թվականի նոյեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում (New York Film Festival-59) տեղի է ունեցել Փելեշյանի «Բնություն» ֆիլմի համաշխարհային փառատոնային պրեմիերան, իսկ 2022-ին նրա ֆիլմը ցուցադրվել է նաեւ Հայաստանում:
«Բնությունը» Փելեշյանի՝ 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոնկարն է, որտեղ «Տարածական մոնտաժի» արքան վերստին անդրադարձել է բնության թեմային՝ օգտագործելով Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Տերտերյանի, Տիգրան Համասյանի երաժշտությունը։
«…Երկնքի աստղերի նման նա լուսավորում է մեզ անցյալից. նրա անցյալը լուսավորում է մեր ներկան: Ինձ համար Արտավազդ Փելեշյանը մեր ժամանակից դուրս է…»,-նշել է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Գոթֆրի Ռեջջոն:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
«Երաժշտություն՝ հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուները փետրվարի 1-ից 16-ը Դուբայում մասնակցել են Մերձավոր Արեւելքի դասական երաժշտության ակադեմիայի (Middle East Classical Music Academy) եւ «InClassica» միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված 66 վարպետության դասերի, 5 դասախոսությունների եւ ստեղծագործական հանդիպումների հայտնի պրոֆեսորների հետ, ունկնդրել են 16 դասական համերգ աշխարհի լավագույն նվագախմբերի եւ երաժիշտների մասնակցությամբ:
Վարպետության դասեր են անցկացրել հանրաճանաչ այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ջուլիանո Մացոկանտեն (Giuliano Mazzoccante), Հե-Յանգ Քիմը (Hae-Young Kim), Էշլի Վասը (Ashley Wass), Ալեքսանդր Չաուշյանը (Alexander Chaushian), Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի (Berlin Symphony Orchestra) եւ Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Oxford Philharmonic Orchestra) կոնցերտմայստերները եւ ուրիշներ։
Այս կրթական փորձառության կարեւորագույն մասն են եղել «InClassica» փառատոնի համերգները, որոնց ընթացքում հանդես են եկել հանրահռչակ Բեռլինի սիմֆոնիկ նվագախումբը (Berlin Symphony Orchestra), Օքսֆորդի ֆիլհարմոնիկ նվագախումբը (Oxford Philharmonic Orchestra), անվանի դիրիժորներ Մարիոս Պապադոպուլոսը (Marios Papadopoulos), Քրիստոֆ Պոպենը (Christoph Poppen), Լուկաս Մասիանսը (Lucas Macias), ինչպես նաեւ հանրահռչակ արտիստներ, ինչպիսիք են Քամիլ Թոման (Camille Thomas), Մաքսիմ Վենգերովը (Maxim Vengerov), Զի Զին (Zee Zee) , Մարկ Բուշկովը (Marc Bouchkov), Յոլ Ում Սանը (Yeol Eum Son), Ֆրանկ Բրալենը (Frank Braley) եւ այլք։
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԿՈՉ՝ ՄՕԿ-ԻՆ
«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ, եւ կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։
Ինչպես տեղեկանում ենք շարժման տարածած հաղորդագրությունից, նամակն ուղարկվել է նաեւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաեւ սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։
Ելնելով ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում եւ թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության եւ էթնիկ զտումների հետեւանքով իրենց պապենական հողերից 120.000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։
Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը, եւ նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը եւ նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով.
«Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ»։
«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որեւէ քայլ չձեռնարկելը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը եւ ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։
«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժում է, որը համախմբում է Եվրոպայի 15 երկրների հայկական համայնքների ներկայացուցչական մարմիններին։ 2023թ. հուլիսին «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումը նախաձեռնել էր կոչ` ուղղված Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդարանի ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին՝ ի աջակցություն ԼՂ հայ բնակչության։ Այդ կոչը ստորագրել էին եվրոպական ավելի քան 500 կազմակերպություններ։
Այս շարժման առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին եւ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու ԼՂ-ի հայության հիմնարար իրավունքների իրացումը եւ երաշխավորումը։ «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» շարժումն այս առումով բարձրացնում է իրազեկումը Եվրոպայի քաղաքական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում։