ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ֆրանսիայի միջպետական հարաբերություններում իր կարեւոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը. այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

 

«Մեզ համար մեծ պատիվ է պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին։ Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ընդհանուր արժեքների վրա հիմնված միջպետական հարաբերությունների շրջանակները մեր պետությունների ղեկավարների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Էմանուել Մակրոնի առաջնահերթ ուշադրության ներքո օրըստօրե ընդլայնվում են, որոնցում իր կարեւոր դերակատարումն ունի պաշտպանության ոլորտում համագործակցությունը։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի այցը վկայությունն է մի բանի, որ թեեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցության գործնական փուլը երկու տարին չի բոլորել, մեր համատեղ ջանքերի շնորհիվ այն արդեն իսկ համակարգային եւ հեռահար բնույթ ունի»,- նշեց Պապիկյանը։

Օգտվելով առիթից՝ Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի գործընկերներին եւ պարոն Լըկորնյուին՝ համագործակցության զարգացման գործում ցուցաբերվող պատրաստակամության եւ անձնական ներդրման համար։

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ռազմական համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները»,- հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ քննարկումները անցան բովանդակային եւ գործնական մթնոլորտում։

«Մեր համագործակցության օրակարգն ընդգրկում է զինված ուժերի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները։ Հատկապես պետք է ընդգծեմ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ համակողմանի խորհրդատվական աջակցությունը, ռազմական կրթության ոլորտը, լայն թափով զարգացող վարժանքների ուղղությունը եւ, իհարկե, զինված ուժերի պաշտպանական միջոցների արդիականացման եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման գործընթացը։

Տեղեկացնեմ, որ երկկողմ համագործակցությունն այս տարվանից դրվել է հստակ պլանավորման հիմքի վրա եւ զարգանում է մեկ տասնյակից ավելի ուղղություններով»,- ասաց Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ քննարկումների ընթացքում Լըկորնյուին ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, որոնց կոչված են ձեւավորելու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան եւ արդի մարտահրավերներին դիմակայելու կարող զինված ուժեր։

«Հայաստանի Հանրապետությունը նպատակ է դրել նորացնել եւ արդիականացնել սեփական զինված ուժերի կարողությունները»,- հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սա ենթադրում է, որ մենք ունենք եւ՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն եւ՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ։ Մեր մոտեցումը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության կողմից գնվող զենք-զինամթերքը ուղղված չէ որեւէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ, եւ այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից, եւ մեր պարտավորությունն է պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը։

Եվ, անկախ նրանից, թե առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,- ասաց Պապիկյանը։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է։

 

Փաշինյանն այդ մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ. որովհետեւ, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արեւմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արեւմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:  Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է, որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։

Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արեւմտյան Ադրբեջան» անվանելու  մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ՝ վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք. այդ միջադեպը որեւէ ձեւով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետեւ կա հրաման չարդարացված ձեւով որեւէ գործողություն չիրականացնել, եւ եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաեւ օրենքով նախատեսված հետեւանքներ։   Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան եւ միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը։

Ս.  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՉՊԵՏՔ Է ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆԻ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բանակում բարեփոխումները որեւէ մեկին չպետք է անհանգստացնեն։

Վարչապետն այս մասին ասել է France 24-ին տված հարցազրույցում։

«Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որեւէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարեւոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով  այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, եւ այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա եւ այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, եւ դա կլինի փոխադարձ վստահության շատ կարեւոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որեւէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։

 

 

 

ԲԱՆԱՁԵՎԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձեւ կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։

Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։

Նա հայտնել է, որ բանաձեւը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։

«Մենք բանաձեւով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ եւ այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաեւ առեւտրի եւ մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կան, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։

Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։

Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։

 




Լրահոս