Այդ օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում, «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում վթարի էր ենթարկվել, ինչի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել էին «Իջեւան» բժշկական կենտրոն:
Նույն օրը դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիականության Իջեւանի բաժնի հերթապահ խմբին վիրավորները հայտնել էին, որ վարորդը եղել է Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ.-ն, եւ այդ ամենը ոստիկանները հիմք էին ընդունել ու կազմել էին փաստաթղթեր եւ այն փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Արդեն քննչական վարչությունում ավագ քննիչ Գ. Խաչատրյանի գրագետ, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ վիրավորների հայտնած տեղեկությունները Մարտին Մ.-ի վերաբերյալ իրականության հետ կապ չունեն:
Մարտին Մ.-ն եղել է ավտոմեքենայի ուղեւոր եւ գտնվել է ավտոմեքենայի հետեւի նստատեղին:
Ավտոմեքենայում են եղել նաեւ Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ.-ն եւ 32-ամյա Գոռ Խ.-ն:
Քննիչի ճիշտ գործողությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ ավտոմեքենայում եղել է նաեւ Իվան Բ.-ն:
Քննիչի շնորհիվ նաեւ բացահայտվել էր, որ ավտոմեքենան վարել է ոչ թե Մարտին Մ.-ն, ինչպես ասել էին ավտոմեքենայում գտնվող վիրավորները, այլ այն վարել է Գոռ Խ.-ն, ով փաստերի ճնշման տակ քննիչի մոտ խոստովանել է, որ ինքն է ավտոմեքենան վարել:
Իսկ թե ինչու էին հիվանդանոցում վիրավորները փորձում մոլորեցնել ոստիկաններին, դա արդեն նրանց խղճին է:
Նաեւ քննչական բաժինը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով Մարտին Մ.-ին պատճառվել է վնաս, ուստի ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետով, 41-րդ, 50-րդ եւ 148-րդ հոդվածների պահանջներով՝ քննիչը որոշել է քննվող քրեական վարույթով Մարտին Մ.-ին ճանաչել տուժող:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 21-ին ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին եւ հայտնվել դաշտում։
Վթարի հետեւանքով Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Մարտին Մ-ն, 24-ամյա Խաչիկ Գ-ն եւ 32-ամյա Գոռ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Իջեւան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լեւոն Մարտիրոսյանը։
Վթարի մասին ոստիկանության Իջեւանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿԱՆ
ԿԱՐԵԼԻ Է ԳՈՒՄԱՐՏԱԿ ԶԻՆԵԼ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի պարեկները վերջին ամիսներին այնքան շատ զենք, զինամթերք են հայտնաբերել, որով կարելի է զինել մի ամբողջ գումարտակ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի անմիջական հսկողության տակ են գտնվում ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի եւ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի խիստ հանձնարարականները, որ պարեկային ծառայությունը նույնպես պետք է ակտիվ պայքար տանի ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։ Գրեթե ամեն օր Երեւանի գնդի պարեկները տարբեր տեսակի հանցատեսակներ են բացահայտում։ Հայտնաբերում են մեծ թվով թմրամիջոցներ, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, առեւանգված ավտոմեքենաներ եւ այլ տեսակի հանցագործություններ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն ու Լեւոն Բաղդասարյանը գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Բաշինջաղյան փողոցով ընթացող «Mitsubihsi» մակնիշի ավտոմեքենայում, հնարավոր է, զենքի լինի։
Պարեկները կարճ ժամանակում նշված փողոցի 4-րդ շենքի մոտ հայտնաբերում են ենթադրյալ «Mitsubihsi»-ն, ու պարզվում է, որ ՊԾ Երեւան քաղաքի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։
Ավտոմեքենայում գտնվող Երեւանի բնակիչներ 23-ամյա Սամվել Մ.-ն եւ 23-ամյա Հմայակ Դ.-ն ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով տեղափոխվում են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ոստիկանություն է տեղափոխվում նաեւ Հմայակ Դ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան։
Արդեն ոստիկանությունում նրանք հայտնում են, որ ավտոմեքենայում ատրճանակ կա։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, ավտոմեքենայում էլ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի ատրճանակ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԲԱԶՄԱԴՐՎԱԳ ՎԱՐՈՒՅԹ
Ավարտվել է Երեւանի 37-ամյա բնակչի կողմից շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 37-ամյա տղամարդը հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով 2021թ. հունիսից մինչեւ 2022թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, հասանելիություն ստանալով շուրջ 5 տասնյակ քաղաքացու «Իդրամ» դրամապանակներին, կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն։
Մասնավորապես, նա Viber, WhatsApp հավելվածներով զանգահարել է տարբեր անձանց եւ տարբեր պատրվակներով, այդ թվում՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին, խնդրել է տրամադրել իրենց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը։ Քաղաքացիների կողմից այդ տվյալներն իրեն տրամադրվելուց հետո նա հասանելիություն է ստացել նշված անձանց «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակներին եւ դրանց միջոցով համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության մուտքագրելով, վերջիններիս անվամբ առցանց եղանակով կնքել է վարկային պայմանագրեր։
Դրանցով հաստատված եւ իր կողմից փաստացի կառավարվող էլեկտրոնային դրամապանակներ մուտքագրված, «Իդրամ» դրամապանակներին կցված բանկային քարտերին եւ դրամապանակներում առկա գումարից տղամարդը կատարել է ընդհանուր 39.803.498 ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն՝ գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նախաքննության փուլում քաղաքացիներին պատճառված վնասից վերականգնվել է ավելի քան 15 մլն դրամը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու եւ դատարան ուղարկելու համար։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է նմանատիպ հանցագործությունների զոհ չդառնալու համար որեւէ դեպքում անձնական, բանկային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից»,- ասված է հաղորդագրությունում։