ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի համար արդիական են վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները։ Դեռեւս լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման, վերամշակման, օգտահանման եւ ոչնչացման հարցերը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է նոր մոտեցումների կիրառում։ Այս համատեքստում շրջակա միջավայրին վնաս պատճառող արտադրատեսակների համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է ներդնել արտադրողի, ներմուծողի պատասխանատվության ընդլայնման համակարգ:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը տեղեկացրեց, որ խոսքը թափոնների կառավարման նոր համակարգի մասին է։

 

«Նոր համակարգի ներդրմամբ արտադրողը կամ ներմուծողը պատասխանատվություն է կրելու ապրանքի ամբողջ շղթայի համար։ Այսինքն՝ ապրանքի թափոն դառնալու փուլում ընկերությունը եւս անելիք ունի։ Այդ պատասխանատվությունը վճարների տեսքով է լինելու։ Բիզնեսից գանձվող վճարներն ուղղվելու են թափոնները հավաքագրող կազմակերպությունների ստեղծմանը,  թափոնների վերամշակմանը»,-ասաց Լուսինե Ավետիսյանը։

Կախված ապրանքների տեսակից՝ փաթեթավորման միջոցներ, մարտկոցներ, էլեկտրոնային սարքավորումներ, անվադողեր եւ այլն, բիզնեսից գանձվող վճարները տարբեր են լինելու։ Թափոնների կառավարման փորձագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը նշեց, որ այս գործընթացը նպաստելու է աղբավայրեր ուղղվող թափոնների կրճատմանը։

«Օրինակ՝ մարտկոց ներմուծող ընկերությունները ստեղծելու են շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը կազմակերպելու է թափոն դարձած մարտկոցների էկոլոգիապես անվտանգ գործածությունը, այն է՝ դրանց հավաքում, վնասազերծում կամ վերամշակում։ Բիզնեսից գանձվող վճարների շրջանակում հաշվարկվելու են ինչպես ստեղծվող կազմակերպության վարչական ծախսերը, այնպես էլ թափոնների հավաքագրումը, իրազեկման արշավները, ենթակառուցվածքների ստեղծումը, վերամշակումը եւ այլն»,-ասաց Հարություն Ալպետյանը՝ ընդգծելով, որ այդ կազմակերպությունները պետության վերահսկողության տակ են լինելու։

Այս նոր գործընթացը ենթադրում է բիզնեսի համար հավելյալ ֆինանսական բեռ, ենթակառուցվածքների զարգացում, կրթական ծրագրերի անհրաժեշտություն։ Այդ համատեքստում «Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում» ՀԿ նախագահ Էլինա Մարգարյանը կարեւորեց ինչպես իրազեկման աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացումը, այնպես էլ բիզնեսի, քաղաքացիների վարքագծի վերանայումը։

«Հայաստանը մեծ բարեփոխումների առջեւ է կանգնած, ու մենք այսօր խոսում ենք շրջանաձեւ տնտեսության մասին։ Շատ կարեւոր է իրազեկման մակարդակի բարձրացրումը, ենթակառուցվածքների զարգացումը, վարքագծի փոփոխությունը։ Այս առումով տեղական ընկերությունները երկար ճանապարհ ունեն անցնելու՝ սովորել միջազգային փորձը, որ անցումային շրջանը հեշտ լինի իրենց համար։ Ի դեպ, վարքագծային փոփոխությունն անհրաժեշտ ոչ միայն բիզնեսի կողմից, այլեւ սպառողի։ Ի վերջո,  եթե մենք խոսում ենք թափոնի հավաքագրման մասին, նշանակում է, որ սպառողն աղբի տեսակավորման առումով անելիք ունի»,-ասաց Էլինա Մարգարյանը։ Ծրագիրը պիլոտային տարբերակով ներդրվելու է մինչեւ 15 հազար բնակչություն ունեցող համայնքում։ Ներկայում օրենսդրական փաթեթը մշակման փուլում է, այն շուտով կդրվի հանրային քննարկման։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՌՈՒՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում, «Ռոսսոտրուդնիչեստվո» գիտության եւ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, «Ռոսիա» հայրենակիցների ՀԿ-ի աջակցությամբ եւ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ,  այսուհետ գործելու է ռուսական կրթական կենտրոն։

 

Կենտրոնի բացման արարողությանը ներկա են գտնվել եւ կարմիր ժապավենը կտրել են  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը եւ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Կենտրոնում, բացի երեխաների եւ մեծահասակների համար իրականացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացներից, կանցկացվեն նաեւ տարբեր ակումբային պարապմունքներ, միջոցառումներ եւ մրցույթներ:

Այն վերանորոգված է, կահավորված եւ ունի հարուստ գրադարան, որից կարող են օգտվել նաեւ ուսանողները։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Գեղարքունիքի մարզ կատարած  շրջայցի ընթացքում այցելել է Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի՝ ԾԼՀ ռուսաց լեզվի եւ մշակույթի մանկական կենտրոն։

Կենտրոնը ստեղծվել է անցած տարվա մայիսին Հայաստանում ԾԼՀ հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից` Ռուսաստանի հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ եւ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։

Դեսպանն այցելել է կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության գործունեությանը եւ մասնակցել կենտրոնի սաների կողմից ներկայացված միջոցառմանը։

«Սա ռուսաց լեզվի եւ մշակույթի՝ Հայաստանում գործող երեք նմանատիպ կենտրոններից մեկն է, որտեղ անվճար հիմունքներով արդեն հաճախում է 10-16 տարեկան 45 երեխա: Այստեղ հնարավորություն ունեն ոչ միայն սովորել ռուսաց լեզու, այլեւ ծանոթանալ Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին։

Կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ մեծ գրադարանով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Է.  ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ԿԱՆԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Ոստիկանությունում կանայք եւ տղամարդիկ հավասարապես ներկայացված կլինեն, որը էական նախապայման կլինի անձնակազմի ծառայողական եւ կատարողական կարգապահության բարձրացման համար:

Այս մասին «Կանանց ներգրավվածությունը ՆԳՆ հենասյունային կարեւոր բաղադրիչ» համաժողովի ողջույնի խոսքում նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ընդգծելով, որ համաժողովի գաղափարը եղել է դեռեւս նախորդ տարվանից, երբ սկսել են քննարկել իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության շուրջ ստեղծված հարցերը, խնդիրներն ու դրանց լուծումները:

«Ներքին գործերի համակարգում ընթացող ծավալուն բարեփոխումների համար հիմնարար է ներառականության սկզբունքը, այսինքն՝ հնարավորինս բաց լինել հասարակության համար, ինչպես հանրային կարծիքն ու որոշումը չափորոշիչ ունենալու, այնպես էլ համակարգի կադրային բազան համալրելու եւ թարմացնելու առումով: Իմ խորին համոզմամբ՝ կադրային բնագավառում սկզբունքորեն կարեւոր է կանանց առավելագույն ներգրավվումը: Համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնումը պայմանավորված է ոչ միայն կանանց եւ տղամարդկանց հավասար ներկայացվածության ապահովմամբ, այլեւ էական նախապայման է անձնակազմի ծառայողական եւ կատարողական կարգապահության բարձրացման համար»,-ասաց նախարարը:

Նախարար Ղազարյանը համոզված է, որ  կին ծառայողները ոչ միայն շարունակելու են իրենց ծանրակշիռ ներդրումը բերել այդ գործին, այլեւ ավելի ու ավելի են ընդլայնելու իրենց ներգրավվածությունն ու ներկայացվածությունն աշխատանքի բոլոր ոլորտներում՝ կոտրելով կարծրատիպեր:

ԵՄ դեսպան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ընդգծեց ու կարեւորեց այն, որ այսօր արդեն իսկ բավականին մեծ է ՆԳՆ-ում ներգրավված կանանց թիվը:

«Կանայք եզակի տեսակետներ, հմտություններ եւ ուժեղ կողմեր են բերում ոլորտ, որոնք լրացնում եւ մեծացնում են ցանկացած ոստիկանական ուժի կարողությունը: Կանանց ներկայությունը ոստիկանությունում խթանում է համայնքային անվտանգության ավելի համապարփակ մոտեցումը բազմապիսի հարցերի ընկալումը, որոնց բախվում են քաղաքացիները: Բացի դրանից, այն նաեւ մեր հասարակությանը տալիս է մեկ այլ քաղաքակրթական տեսակետ՝ լինել ժամանակակից եւ  եվրոպական տարածքում ընդգրկված մաս»,-ասաց դեսպանը: Անդրադառնալով բարեփոխումներին՝ Վասիլիս Մարագոսը նշեց, որ աջակցելով բարեփոխումների ծրագրին՝ նպատակ են ունեցել խթանելու գենդերային հավասարությունը եւ կանանց ներգրավվածությունը ոստիկանության ոլորտում: «Իսկ այսօրվա քննարկմանը մի շարք կարեւոր հարցերից զատ, շատ կարեւոր է քննարկել մարտահրավերները՝ հասկանալու համար,  թե որոնք են խոչընդոտները եւ արգելքները, որոնք մինչ այս պահը խանգարել են եւ դեռեւս կարող են խանգարել կանաց՝ ոստիկանական  ուժերում լիարժեք ներգրավվելուն»,-ասաց նա:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան  Քրիստինա Քվինը,  ողջունելով ներկաներին, կարեւորեց նմանատիպ միջոցառումների դերը՝ ոլորտում խնդիրների բարձրացման, քննարկման եւ լուծումերի առաջարկման տեսակետից:

 

 




Լրահոս