ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՐԳԱՍԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի թիվ 16 գրադարանում կայացել է Խոսրով Խլղաթյանի «Իրանապատում» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Նուռ» հրատարակչությունը՝ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի հովանավորությամբ։

 

Գրքում ամփոփված են այն տպավորությունները, որոնք հեղինակը ստացել է 2022 թվականի օգոստոսին Իրան կատարած զբոսաշրջային այցի ինն օրերի ընթացքում։ Գիրքը բաղկացած է 15 հոդվածներից, որոնք ընթերցողին տանում են դեպի Պարսկահայքի պատմաճարտարապետական գլուխգործոցներ հանդիսացող Սուրբ Ստեփանոս նախավկայի եւ Սուրբ Թադեի վանքեր, Ավարայրի դաշտ, Արաքս գետի արեւմտյան ափ, Յազդ քաղաքի հեթանոսական տաճար, Մահվան աշտարակ, Շիրազի դարպասներ, Շահչերավի մզկիթ, Հաֆեզի դամբարան-թանգարան, հնագույն Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիս, Սեֆյան հարստության մայրաքաղաք Սպահան, որտեղ է գտնվում նաեւ Նոր Ջուղա հայկական թաղամասը, Քիրմանշահի Բեհիսթունյան ժայռ, որի վրա պարսից արքա Դարեհը թողել է պատմական արձանագրություն, եւ Ալիսադր գյուղի մոտ գտնվող ստորջրյա քարանձավ, որն աշխարհում բացառիկ է իր գեղեցկությամբ ու տարածվածությամբ՝ ավելի քան 11 կմ երկարությամբ։

Գրքի շնորհանդեսին մասնակցել են Երեւանի հայ-հունական քոլեջի ուսանողները, Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 դպրոցի աշակերտները, որոնք ուսումնական ծրագրով սովորում են պարսկերեն։ Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները։

Գրադարանի տնօրեն Լուսինե Մարգարյանը եւ  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի պատասխանատուներն ազդարարել են թիվ 16 գրադարանում պարսկական գրքի անկյան բացման մասին, որտեղ կարող են այսուհետ այցելել պարսկերեն լեզվով ու մշակույթով հետաքրքրվողները։

«Այս գրքի ծննդյան համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Ժորժի հետ բացահայտենք Իրանը» տուրիստական կազմակերպության ղեկավար Ժորժ Աբրահամյանին, Հայաստանում Իրանի  դեսպանատան մշակույթի կենտրոնի տնօրեն պարոն Ասադին ու «Նուռ» տպագրատանը։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երեւանի թիվ 16 գրադարանի տնօրեն Լուսինե Մարգարյանին` գրքի շնորհանդեսը պատշաճ կազմակերպելու համար։

Շնորհակալ եմ նաեւ շնորհանդեսին մասնակից դպրոցականներին, ուսանողներին, ուսուցիչներին եւ Հայաստանում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի աշխատակիցներին։ Սա իմ երկրորդ գիրքն է կամ երկրորդ հոգեւոր զավակը։ Իրանն իր ահռելի պատմությամբ ու մշակույթով գոնե որոշակիորեն ընկալելու համար հարկավոր կլինի ճամփորդել քանիցս, ուստի չի բացառվում, որ առաջիկայում այս բովանդակության նոր գրքեր ծնվեն։ Այս գիրքը նաեւ հայ-իրանական բարեկամության գնահատում է եւ անժխտելի արգասիք, որը պիտի միշտ պահպանենք, խրախուսենք ու զարգացնենք։ Անչափ կարեւոր են նաեւ մեր լեզուների ու մշակույթների փոխադարձ շփումները, որոնք ավելի կմերձեցնեն հազարամյակներով իրար կողքի ապրող հայ ու իրանցի ժողովուրդներին։ Իսկ իրանական հարուստ մշակույթին ու պատմությանն ավելի մոտիկից ծանոթանալու համար խորհուրդ կտամ անպայման այցելել Իրան ու սեփական աչքերով տեսնել այն հոգեւոր հարստությունը, որը տպավորվում է առաջին հայացքից ու հարստացնում մարդու ներաշխարհն ու գիտելիքները»,-ներկաներին է դիմել «Իրանապատում» գրքի հեղինակը։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ

Ավտոմեքենաների ամենակրքոտ կոլեկցիոներները եւ մեքենաների սիրահարները կհավաքվեն տարվա ամենասպասված ավտոմոբիլային իրադարձություններից մեկի համար: RM Sotheby’s-ը մարտի 9-ին Դուբայում կանցկացնի իր առաջին աճուրդը, որտեղ ներկայացված կլինեն գոյություն ունեցող ամենացանկալի մեքենաներից երեքը. գրում է Hypebeast-ը։

 

Նվիրված կոլեկցիոներները ոչ միայն կկարողանան հիանալ 2009 թվականի Mercedes-Benz SLR McLaren Stirling Moss-ով, 2016 թվականի Koenigsegg Agera RSR-ով եւ 2023 թվականի Aston Martin Valkyrie կուպեով, այլեւ իրենք կկարողանան թղթադրույքներ կատարել այս հիանալի մեքենաների եւ այլ իրերի համար, որպեսզի վերջում տուն տանեն բաղձալի մեքենան։

2009 թվականի Mercedes-Benz SLR McLaren Stirling Moss-ը գերհազվագյուտ մեքենա է՝ բաց գլխամասով, եւ ունի 641 ձիաուժ հզորություն, իսկ դրա դիզայնը ոգեշնչված է լեգենդար 300 SLR մրցարշավային մեքենայից: Ընդհանուր առմամբ դրանից արտադրվել է 75 մոդել։

Երբեւէ կառուցված ընդամենը երեք 2016-ի Koenigsegg Agera RSR-երից մեկն ունի 1160 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ, ածխածնային անիվներ եւ նորարարական Koenigsegg Dihedral Synchro-Helix դռներ, որոնք այն դարձնում են ինժեներական գլուխգործոց եւ հազվագյուտ հիպերմեքենա:

Վերջապես, 2023 թվականի Aston Martin Valkyrie Coupe-ն, Ֆորմուլա 1-ից ոգեշնչված դիզայնով եւ Cosworth-ի կողմից մշակված V12 հիբրիդային շարժիչով, ձեռնոց է նետում ավանդույթներին: Ընդամենը 150 օրինակով սահմանափակված՝ 160 ձիաուժ հզորությամբ այս գազանը խեղդում է ճանապարհի եւ ուղու միջեւ եղած սահմանները՝ սեփականատերերին ընձեռելով վարորդական անզուսպ հաճույք այն վարելու ընթացքում:

Բացի վերը նշված երեք ցնցող մեքենաներից, այլ լոտեր ներառում են հայտնի դասական եւ հազվագյուտ մեքենաներ, որոնք համապատասխանում են յուրաքանչյուր վարորդի ճաշակին:

RM Sotheby’s աճուրդը, անկասկած, ճանաչման ու գրավչության նոր մակարդակներ կբերի Դուբային: Պատմական աճուրդը տեղի կունենա Ալսերկալ պողոտայի Concrete տարածքում:

RM Sotheby’s Dubai-ը խորհրդանշական պահ է, որը կցուցադի աշխարհի ամենանուրբ մեքենաների հավաքածուն քաղաքի աշխույժ գեղարվեստական եւ ճարտարապետական հրաշքների աշխարհում: Մասնակիցները ընկղմվելու են նորարարության եւ պատմության միաձուլման մեջ, որը նոր գլուխ է բացում համաշխարհային ավտոմոբիլային համայնքում:

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀԱՋՈՂ ԵՆ ՄԵԿՆԱՐԿԵԼ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:  Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի նժույգ-թափերի վարժության որակավորման փուլի արգելքը հաղթահարեց Գագիկ Խաչիկյանը: Եզրափակիչ են դուրս եկել նաեւ (օղակներից) Արթուր Ավետիսյանը եւ Վահագն Դավթյանը:

Օրեր առաջ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ արծաթե մեդալ էր նվաճել Վահագն Դավթյանը:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար:

 

 

 

ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը սկսեց պայքարն աշխարհի առաջնության որակավորման փուլում:

Ընտրակամ փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային թիմը հյուրընկալվեց Ավստրիայի ընտրանուն: Վիեննայում կայացած խաղի առաջին քառորդում Հայաստանի ազգային թիմը չնչին առավելություն ուներ՝ 23:29: Երկրորդ քառորդում արդեն Ավստրիայի ընտրանին առավելությում ստացավ ու թիմերը մեծ ընդմիջման գնացին Ավստրիայի հավաքականի առավելությամբ՝ 54:48: 3-րդ եւ 4-րդ քառորդներում Ավստրիայի հավաքականը շարունակեց տիրել նախաձեռնությանն ու ի վերջո հաղթեց 106:91 հաշվով:

Հայաստանի ազգային թիմի մարզիչ Ռեքս Կալամյանը ներկա չէր խաղին: Հաջորդ հանդիպումն ընտրանին կանցկացնի փետրվարի 25-ին՝ Երեւանում հյուրընկալելով Ալբանիային:

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի որոշումը ազգային թիմ վերադառնալու վերաբերյալ։

«Նա գերազանց կհարմարվի թիմում եւ կդառնա կատարյալ կապող օղակ կիսապաշտպանությունում։ Նրա փորձը մեզ օգուտ կբերի։ Տոնի Կրոսը ամենալարված խաղում էլ պահպանում է հանգստություն եւ ինքնատիրապետում։

Նա հստակ տեսակետ ունի հավաքականի այսօրվա վիճակի վերաբերյալ։ Մեր զրույցներից զգացվում էր, որ նա ցանկանում է մասնակցել տնային Եվրո-2024-ին»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Տոնի Կրոսը 2,5 տարվա դադարից հետո կվերադառնա Գերմանիայի հավաքական։ Նա կմասնակցի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում անցկացվելիք «Եվրո-2024»-ին։

34-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականում հանդես է եկել 2010-2021 թվականներին՝ 106 խաղում խփելով 17 գոլ։ Նա 2014-ին դարձել է աշխարհի չեմպիոն։




Լրահոս