ԽՆԴԻՐՆԵՐ՝ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով փետրվարի 26-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ նիստ էին հրավիրել:

 

ԱԺ-ից հայտնում են, որ նիստը վարել են Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը:

Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) անդամ Կարեն Կարապետյանը նշել է, որ 2023 թվականի երեք, վեց ու ինն ամիսների կտրվածքով ընդհանուր առմամբ Ներքին գործերի նախարարությանը ներկայացվել է 65 անհամապատասխանություն եւ դրանց վերացման նպատակով 22 առաջարկ: Դրանցից 12-ը հաշվեքննության օբյեկտի կողմից ամբողջությամբ ընդունվել են, դրանք վերացնելու նպատակով համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, իսկ 4-ը չեն ընդունվել, 6-ի մասով դեռեւս տեղեկատվություն չի ներկայացվել, քանի որ սահմանված վերջնաժամկետը չի լրացել: ՀՊ անդամն անդրադարձել է պարեկային ծառայության կարիքների համար ավտոմեքենաների ձեռք բերման պայմանագրին: ՆԳ նախարարությունը 2023 թվականին համապատասխան ընկերության հետ կնքել է 65 ավտոմեքենայի գնման պայմանագիր: Նշվել է, որ արտադրողի կայքի տվյալների ուսումնասիրման արդյունքում անհամապատասխանություն է արձանագրվել արտադրողի եւ մատակարարի առաջարկած մեքենաների թափքերի միջեւ, տեխնիկական չափորոշիչների, անվադողերի անհամապատասխանություններ են հայտնաբերվել:

ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, չժխտելով գնումների գործընթացում առկա խնդիրները, ընդգծել է, որ դրանց գերակշիռ մասը տեխնիկական բնույթի են եւ հետեւանքներ չեն առաջացրել:

Բարձրաձայնելով ընկերության պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումներն ավտոմեքենաների ձեռք բերման մասով՝ նա փաստել է, որ այն պնդումը, որ մեկ շեղումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, հիմքեր չունի: «Նույնկերպ ես կարող եմ պնդել, որ այդ շեղումն ավելի դրական է, քանի որ ավելի քիչ վառելիք է ծախսվում»,- ասել է Արա Ֆիդանյանը: ՀՊ նախագահ Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրել է, որ անհամապատասխանությունն արձանագրված է պայմանագրի պահանջների նկատմամբ: Գեւորգ Պապոյանն արձանագրել է՝ Հաշվեքննիչ պալատն առաջարկում է նմանատիպ իրավիճակներում առաջնորդվել սահմանված չափորոշչով:

Հաջորդ արձանագրումը վերաբերել է ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետների ձեռք բերմանը: 2023 թվականի հունիսին ՆԳՆ ոստիկանության կողմից ջրային պարեկների կարիքների համար համակարգչային պլանշետ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է աճուրդ, որին մասնակցել է երկու ընկերություն: Կարեն Կարապետյանն արձանագրել է, որ ոստիկանությանը մատակարարվել է մեկ պլանշետը 393,99 հազար դրամով՝ չնայած այն հանգամանքին, որ մատակարարող ընկերությանը պատկանող էլեկտրոնիկայի խանութում նույն պլանշետը վաճառվել է 286,90 հազար դրամ մանրածախ արժեքով: 40 պլանշետի պարագայում տարբերությունը շուրջ 4,250.0 հազար դրամ է եղել: ՆԳՆ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի վարչության պետ Արթուր Ափյանը տեղեկացրել է, որ տվյալ ընկերության պարզաբանմամբ գործարանային վերանորոգման արդյունքում 2-3 պլանշետ գովազդի նպատակով վաճառվել է ինքնարժեքից էժան գնով:

Ապակիների լուսաթափանցելիությունը չափող միջոցների ձեռք բերման պայմանագրի մասով, ըստ Կարեն Կարապետյանի, ստանդարտացման կտրվածքով եւ «Գնումների մասին» օրենքով, ստուգաչափման մասով եղել են անհամապատասխանություններ: Անդրադարձ է եղել կարիքի ձեւավորման խնդիրներին, նշվել է, որ կարիքը ձեւավորվել է շատ մոտավոր: Գնումների ու ֆինանսական գործընթացները կազմակերպող մասնագետների պատասխանատվությանը վերաբերող հարցին ի պատասխան՝  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ իր հանձնարարականով կանցկացվի ծառայողական քննություն եւ դրանից հետո կլինեն հաջորդող քայլեր:

Քննարկման ընթացքում բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ, անդրադարձ է եղել դրանց գնումների կազմակերպման ընթացակարգերին, վեր են հանվել գնումների օրենսդրությունում նոր կարգավորումներ պահանջող մի շարք հարցեր:

«Այն, ինչ որպես անհամապատասխանություն արձանագրված է, թույլ է տալիս ենթադրել, որ գնման ընթացակարգն ավելի լավ է կազմակերպվում, քան առարկան նկարագրվում է»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանն ու հավելել, որ անհամապատասխանությունների բովանդակությունը հիմնականում առարկայի նկարագրությունից շեղումներին է վերաբերում, ոչ թե գնման ընթացակարգի կազմակերպմանը: «Գնման առարկայի նկարագրության մասով մեր ստորաբաժանումներն անելիք ունեն»,- նման կարծիք է հայտնել ՀՊ նախագահը:

Անդրանիկ Քոչարյանը եւ Գեւորգ Պապոյանը, կարեւորելով նման գործընկերային քննարկումները, համոզմունք են հայտնել, որ դրանց արդյունքում է, որ պետք է շտկվեն եղած թերությունները:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԿՇՓՎԵՆՔ, ԿՊԱՐԶԱԲԱՆԵՆՔ

Մոսկվան շարունակում է շփումները Երեւանի հետ՝ պարզաբանելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասին։

 

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Ռուսաստանի մոտ «դեռ չի  հայտնվել» Հայաստանի դիրքորոշման ըմբռնում։

«Եթե հաշվի առնենք համապատասխան փաստաթղթերի տեքստը, ապա նման ռեժիմ պարզապես դե յուրե գոյություն չունի, – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ – Մենք բավականին հաճախակի շփումներ ունենք մեր հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կշփվենք, դա կպարզաբանենք»։

France 24-ին տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ՊԱՊՈՅԱՆԸ՝ ՆԱԽԱՐԱՐ

Ազգային ժողովի  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին եւ անդրադարձել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում իր նախատեսվող նշանակմանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ասաց, որ Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ կառույցներից մեկն է, եւ շատ դժվար է լինելու։

«Մենք գործ ունենք տնտեսության հետ, մենք գործ ունենք տարբեր ոլորտների հետ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկյունից»,-ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ փետրվարի 26-ին պատգամավորական իր մանդատը վայր է դրել։

«Ինչպես գիտեք, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ ԱԺ պատգամավորին տալիս է 7-օրյա ժամկետ, ես այսօր մանդատս վայր եմ դրել։ Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի նախագահն այսօր համապատասխան հայտարարություն կանի։ Երբ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,-եզրափակեց Պապոյանը։

Փետրվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Գեւորգ Պապոյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝ «Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշեց Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը:

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԻՐԱՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Իրաք։

Բաղդադի միջազգային օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորեց Իրաքի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը։

Այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։

ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաեւ Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի եւ Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաեւ Իրաքի եւ Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաեւ գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։




Լրահոս