ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ՝ Արթուր Մկրտչյան, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ՝ Սեւակ Բադիրյան) եւ համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ, հերթական բնակարանային գողության դեպքն են բացահայտել թարմ հետքերով։ Տավուշի մարզի ոստիկանները ոչ միայն կարողանում են թարմ հետքերով անձնական ունեցվածքի գողության դեպքեր բացահայտել, այլ նաեւ բազմիցս իրենց օպերատիվ աշխատանքի շնորհիվ կանխել են գողություններ կատարելու դեպքեր։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 24-ին ոստիկանության Տավուշի բաժին է դիմել Երեւանում բնակվող 61-ամյա Շաքար Ե.-ն եւ հայտնել, որ փետրվար ամսվա առաջին օրերին անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր՝ տանը չբնակվելու հանգամանքից, մտել են Մովսես գյուղում գտնվող իր տուն եւ կատարել գողություն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Ա. Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Բադիրյանի եւ ոստիկանության Տավուշի բաժնի պետ Ա. Լոբյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը, որտեղ գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ քրեագետը դեպքի վայրում աշխատանքներ էր կատարում, Տավուշի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզում են դեպքի որոշ հանգամանքներ եւ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկում Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Արմեն Ա.-ին եւ 35-ամյա Աշոտ Ա.-ին։

Վերջիններս խոստովանում են, որ իրենք են մտել նշված տուն, տանը կից շինության պատուհանին դրված քարի տակից վերցրել են նկուղի բանալիները, ապա մտել առաջին հարկի նկուղ եւ այնտեղից գողացել տարբեր տարողությամբ շուրջ 230 լիտր օղի, 1 հատ բենզինով աշխատող սղոց, 25 հատ մսի պահածոներ, 1 հատ այրիչ (գարելկա), խոհանոցային դանակների հավաքածու, երկրորդ նկուղից գողացել են տեսաձայնագրման «DVR» համակարգը, բակից գողացել են 1 հատ տեսանկարահանող սարքը, ինչպես նաեւ բանալիով դուռը բացելու միջոցով մուտք են գործել տուն, խառնել տան իրերը եւ գողացել 1 հատ մազ կտրելու էլեկտրական սարք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժած Շաքար Ե.-ին պատճառվել է մոտ 900 հազար դրամի վնաս։Կասկածյալները ոստիկանության Տավուշի բաժնից ներկայացվել են Բերդի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՐ օր-ի 254 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4- րդ կետերի, 254 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍԵՔՍՈՒԱԼ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 15-ին լուր էր հրապարակել Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու մասին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հայտնի դարձավ, որ նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաեւ, որ այդ տղամարդը նաեւ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել։

Պարզվել է, որ նա Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում, սպանության սպառնալիքներ տալով, համատիրության նախագահի կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։

Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Նշված անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել նաեւ ՀՀ քր. օր.-ի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որտեղ, ըստ օպերատիվ տեղեկությունների, այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ եւ շինանյութ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժնում շորթում կատարելու հատկանիշներով փաստաթղթեր էին կազմվել։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով՝ բնակիչների կողմից վճարված գումարները չէր ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք էր բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեին։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն էր ստացել, ապա հանցագործության հայտնաբերման եւ բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ էր ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել էր նրան եւ վերջինից շորթել էր, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված եւ բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով էր արել»։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ փետրվարի 26-ին ամփոփվել են Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության՝ 2023 թվականի աշխատանքները:

Դատախազությունից  հայտնում են, որ վարչական շրջանի դատախազ Դավիթ Աղաջանյանը ներկայացրել է արձանագրված հանցավորության վիճակը, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վարչական շրջանի դատախազը, մասնավորապես, նշել է, որ 2023 թվականի ընթացքում վարչական շրջաններում գրանցվել է հանցագործության 2635 դեպք (2022 թվականին՝ 2688 դեպք). դեպքերը նվազել են 53-ով կամ 2%-ով:

Դավիթ Աղաջանյանի խոսքով՝ չնայած հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը՝ աճ է արձանագրվել միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակում:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների  356 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 371 դեպքի դիմաց (նվազումը՝ 15 դեպքով կամ 4 %-ով):

2023 թվականի ընթացքում 169 դեպքով կամ 15%-ով նվազում է արձանագրվել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակում (հաշվետու տարում արձանագրվել է 959 դեպք՝ 2022 թվականի 1128 դեպքի դիմաց):

Աճել են կողոպուտի դեպքերը. 2023 թվականին արձանագրվել է 15 դեպք, 2022 թվականին՝ 7 դեպք:

Պահպանվել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումը. 2023 թվականին արձանագրվել է 75 դեպք՝ 2022 թվականի 83-ի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 64 դեպք՝ 2022 թվականի 80 դեպքի դիմաց. 16 դեպքով կամ 20%-ով դեպքերը նվազել են: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թվում աճ է արձանագրվել 219 դեպքով (2023 թվականին՝ 322, 2022 թվականին՝ 103):

2023 թվականի ընթացքում դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 346 քրեական վարույթ` 399 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 197 քրեական գործ (վարույթ)` 241 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում ավարտվել է դատարաններում քննվող 229 քրեական գործի քննություն` 243 անձի վերաբերյալ:

2023 թվականին վարչական շրջանների դատախազության կողմից, ի թիվս այլնի, ուսումնասիրվել են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ «Տիգրան Մեծի անվան», «Նանսենի անվան» զբոսայգիներում ընդհանուր օգտագործման հողերի տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներին տրամադրված հողերի եւ դրանցում կառուցված շինությունների օտարման գործընթացները: Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով դատախազը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

 




Լրահոս