«Armenian sound» բացառիկ ձայնադարանի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի Հայաստանը ճանաչել ձայներով. ինչպե՞ս է հնչում հայկական պատարագը հենց եկեղեցում կամ առավոտը Երեւանում ու գյուղերում։ Բացառիկ ձայնադարանում ներառվել են նաեւ պատմական դարձած մարզական ու քաղաքական իրադարձությունները։
Ժամանակակից տեխնիկայով իրականացված գերմաքուր ձայնագրությունները կարող են օգտակար լինել ռադիոհաղորդումների, ֆիլմերի հնչյունավորման եւ հնչյունային ձեւավորումների համար։
Նախագծի համահեղինակ, ձայնային ռեժիսոր Արսեն Հակոբյանը նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում հասկացել են, որ հայկական հնչյունային ռեժիսուրայում կան բացեր. չունենք հայկական ձայնադարան:
«Ձայնադարանում հավաքվում են մեզ շրջապատող կոլորիտային բոլոր ձայները, որոնք մեծ պահանջարկ ունեն ֆիլմերում, գովազդային հոլովակներում եւ այլն, որը մենք չունենք եւ այդպիսի այլընտրանք կարող ենք գտնել արտասահմանյան ձայնադարաններում: Սակայն, այս պարագայում էլ մի շարք խնդիրներ է առաջանում մեզ համար, քանի որ մենք ունենք սովորույթներ, մեծ ծիսակարգեր, որոնք, բնականաբար, այլ երկրների ձայնադարաններում չկան:
Օրինակ՝ վերցնենք Վարդավառը. եթե ինչ-որ մեկը որոշի ձմռանը հոլովակ պատրաստել, որտեղ պետք է այդ տոնն իր ողջ հմայքով ներկայացնել, ապա միայն վիզուալ մասը երաժշտությամբ ներկայացնելը դեռ բավական չէ, որովհետեւ ամբողջ էմոցիոնալ դաշտը, որը ձեւավորվում է Վարդավառի ընթացքում, պետք է հատուկ ձայների միջոցով փոխանցել ունկնդրին, իսկ դա մենք չունեինք»,-նշեց Արսեն Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ բացը լրացնելու համար հայկական ձայնադարանի ստեղծման համար 2017 թվականից իրենք սկսել են գործուն քայլեր ձեռնարկել:
«Մեր ուժերով, մեր ընկերների օգնությամբ եւ արտասահմանյան գործընկերների հետ խորհրդակցելով՝ ձեռք բերեցինք անհրաժեշտ հատուկ տեխնիկան, որը թույլ կտա ձայնագրել ամեն ինչ, այդ թվում նաեւ բնության ամենատարբեր եւ հետաքրքիր ձայները»,-ասաց նա:
Նախագծի հեղինակներն ընդգծեցին, որ ձայնը համարվում է ֆիլմի, տարբեր հոլովակների եւ վիդեոնյութերի «ողնաշարը», քանի որ առողջ ու մաքուր ձայնը ֆիլմին տալիս է կենդանի շունչ:
Համահիմնադիր, ձայնային ռեժիսոր Տիգրան Հակոբյանն էլ նշեց, որ իրենք կենտրոնացել են նաեւ այնպիսի ձայների վրա, որոնք այլ ձայնադարաններում չեն գտնի:
«Մշակված ձայները կայքում տեղադրվելուց հետո դրանց ավելացվում է նկարագրություն եւ համապատասխան թեգեր, որն ավելի կհեշտացնի համապատասխան ձայնը գտնելը:
Այս պահին դեռ կայքում զետեղված է մեր ունեցած բազայի մոտ հինգ տոկոսը, բայց աշխատանքները շարունակվում են, այն պարբերաբար թարմացվում է եւ շուտով զգալի քանակով կավելանա»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Նախագծի հեղինակները նշեցին, որ ձայնադարանից օգտվել կարող են բոլորը՝ ոչ միայն մասնագետները, այլեւ մարդիկ, ովքեր ոլորտի սիրահար են կամ գտնվում են Հայաստանից դուրս եւ պարզապես ուզում են ծանոթանալ միջավայրի կամ մշակութային ինչ-որ հատվածի հետ:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱՂԹՈՂ
Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան ներկայացնող Մարիա Ալեսքսանյանը գրավել է Մոսկվայի առաջնության առաջին հորիզոնականը։
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում փետրվարի 25-ին կայացած ձիասպորտի Մոսկվայի առաջնությունում, հաղթահարելով 120 սմ արգելքը, Ալեքսանյանը դարձել է առաջնության բացարձակ հաղթող։
Մարիա Ալեքսանյանի մարզիչն Արթուր Բաղդասարյանն է։ Շաբաթներ առաջ 16- ամյա Մարիա Ալեքսանյանը «ԹՌՉՈՑ, ՀՏրրՌÿ» ձիասպորտի ակումբի համառուսաստանյան ամանորյա մրցաշարում դարձել էր երրորդ մրցանակակիր, իսկ 2023-ի տարեսկզբին Մարիա Ալեքսանյանն Համառուսաստանյան ձիասպորտի մրցաշարում դարձել է երկրորդ մրցանակակիր՝ հաղթահարելով 100 սմ արգելքը:
ԵՐԿՐՈՐԴԸ
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը սկսել է պայքարը «Chess Ladies Graz 2024»-ում:
Փետրվարի 25-ից մարտի 3-ը Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվում է «Chess Ladies Graz 2024» շախմատի միջազգային մրցաշարը՝ նվիրված ավստրիացի շախմատիստուհի Եվա Մոզերի հիշատակին։ Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 շախմատիստուհի, 9 խաղափուլ: Մասնակիցների թվում է նաեւ հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն, որը մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է։
Մեկնարկային տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան Ավստրիայի ներկայացուցիչ Դենիս Շլոֆերի հետ:
ՀԵՇՏ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ
Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամ Զարեհ Զարգարյանը Ալբանիայի դեմ տոնած հաղթանակը հեշտ չի համարում:
«Ալբանիան հասցրել էր տեսնել մեր խաղը, ծանոթ էր մեզ, եւ մեզ համար ամեն ինչ նրանց կողմից նորություն էր, բայց այս խաղում կարեւորը միասնական խաղն էր, որը մենք ցուցադրեցինք: Ավստրիայի դեմ արտագնա խաղում մրցակիցներն ավելի հանգիստ էին, սակայն Ավստրիան ֆիզիկապես առավել ուժեղ թիմ էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զարգարյանը:
Նրա խոսքով` խաղավարտին Հայաստանի հավաքականին հաջողվեց հաղթանակի հասնել զամբյուղից անդրադարձած գնդակներին տիրելու շնորհիվ:
«Թեպետ տարիքով եմ արդեն, սակայն երբ էլ Հայաստանը կանչի, միշտ գալու եմ: Ինձ համար այս մարզաշապիկը հագնելը ամենահպարտ պահերից է»,- շեշտեց նա:
Բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը Երեւանում ընդունեց Ալբանիային եւ առավելության հասավ 84:79 հաշվով: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երեւանում ընդունելով Ավստրիային: