ԱՆՉԱՓԱՀԱՍԸ՝ ԹՄՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների եւ Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական եւ վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  եղբայրները, իրենց մտերիմ, 17-ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։

Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել եւ գտել են քննությամբ դեռեւս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։ Հայտնաբերելով այն՝ 17-ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետեւ նույն մեքենայով, երիտասարդները ուղեւորվել են դեպի Երեւան։ Սակայն ճանապարհին նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ պարեկային ծառայության ծառայողների հետ, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել եւ տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել եւ վերցվել է:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17-ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել եւ չբացակայելու արգելք։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

«ԴԼՈՆ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՏՈՐԹ»

Փետրվարի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության  բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի եւ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կիրակոսյանի գլխավորությամբ, Լոռու մարզում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է ««Դլոն» մնաց առանց տորթ» անունը. հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Այդ օրը ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 23-ին՝ սովետական բանակի օրվա առթիվ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Դլո մականունով Արթուրին պետք է թմրամիջոց ուղարկվի հրուշակեղենի տեսքով։

Անմիջապես մարզի ոստիկանապետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ ոստիկանները գործի են անցնում ու պարզում որոշ հանգամանքներ։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշավիր Ա.-ն ձեռք է բերել թմրամիջոց եւ այն ցանկացել է հրուշակեղենի (տորթ) մեջ քողարկելու միջոցով իրացնել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Տորթը պետք է հանձնվեր Դլո մականունով Արթուրին։

Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, իսկ նույն օրը ՀՀ Քր օր.-ի 393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Տարոնի բաժնի եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկները Լոռու մարզում ձերբակալում եւ Տարոնի բաժին են բերման ենթարկում Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Արշավիր Ա.-ին, 24-ամյա Կարեն Մ.-ին, 17-ամյա Արայիկ Մ.-ին, 22-ամյա Հարություն Դ.-ին։

Նույն օրը ՀՀ Քր օր.-ի 46-393 հոդվածի հատկանիշներով հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվում եւ ոստիկանության Տարոնի բաժին է տեղափոխվում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Հասմիկ Բ.-ն։

Որոշ ժամանակ անց բերման ենթարկվածներից մեկի մոտ  հայտնաբերվում է ստվարաթղթե արկղ, որի մեջ էլ լինում է հրուշակեղեն (տորթ), եւ նա հայտնում է, որ փետրվարի 23-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից իրեն է զանգահարել այնտեղ իր պատիժը կրող Դլո մականվամբ Արթուրը եւ հայտնել, որ իրեն պետք է փոխանցեն տորթը, որը ինքը պետք է բերի «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որ այն հասնի իրեն։

Ոստիկանները պարզել են նաեւ՝ ում համաձայնությամբ է տորթը պատրաստվել, եւ ով է այն թխել։ Պարզվել է, որ մինչեւ տորթը պատրաստելը այն թխողին տվել են ապակյա շշով լուծույթ, որի մեջ եղել է թմրանյութ, ու տորթը պատրաստելուց առաջ ապակյա շշի մեջ եղած ողջ լուծույթը լցրել են տորթի մեջ ու այն փոխանցել են Արշավիր Ա.-ին։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆ ԳՈՐԾԵԼ

Փետրվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին եւ առաջ ընթանալով՝ բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երեւանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Խալաթյանը, պարեկներ Արթուր Մուրադյանն ու Լուսինե Պետրոսյանը:

Վթարի մասին ՊԾ Երեւան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ-ի հաշվեկշռում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 




Լրահոս