Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։
Ներկայացնում ենք միության տարածած հաղորդագրությունը.
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը։ Ադրբեջանական ողջ պետական-հասարակական համակարգը, որը մոռացության էր մատնել միջազգային իրավունքն ու իրավարար կառույցների հռչակագրերն ու կոնվենցիաները, այժմ հանկարծ վերհիշել է դրանց գոյության մասին եւ ինչ-որ ծանծաղ արձանագրումներ է կատարում ցեղասպանությունների կանխարգելման եւ մարդու իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության բացառման եւ այլնի վերաբերյալ։
Արտաքին գործերի նախարարության մակարդակով հնչող նման ձեւակերպումները բնականորեն հարցեր են առաջացնում. արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է իր հռչակած միջազգային իրավունքի նորմերի կիրառականությունը ճանաչել ցանկացած պարագայում, ինչպես, օրինակ, 1988թ. Սումգայիթի, 1990թ. Բաքվի, 1992թ. Մարաղայի եւ հայաբնակ այլ վայրերի կոտորածների կապակցությամբ, թե՞ այս անգամ եւս գործ ունենք ընտրանքայնության եւ ստահոդ իրողությունների վրա կառուցված թեզերի տարածման հետ։ Արդյոք Ադրբեջանը համանմանություններ չի՞ գտնում Ցեղասպանության կոնվենցիայի դրույթների եւ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման առաջացած հումանիտար աղետի հետեւանքների միջեւ, 2023թ. սեպտեմբերի 19-20 -ի պատերազմի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածնքերի թիրախավորումը մի՞թե պատերազմական հանցանք չէ։ Էթնիկ զտման եւ բռնի տեղահանության ընթացքում արձանագրվել է 64 քաղաքացիական անձանց մահ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական էթնոֆոբ քաղաքականության վրա։
Սակայն է՛լ ավելի զազրելի են ռասայական խտրականության եւ էթնիկ ատելության մասին ադրբեջանական աղաղակումները։ Արդեն տասնամյակներ է, ինչ ադրբեջանական հասարակությունը սնվում է հայության նկատմամբ էթնիկ ատելության թույնով, ինչը հանգեցրել է Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպայի դաժանագույն սպանությանը կամ Կամիլ Զեյնալլըի ու իր նմանների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ եւ անգամ դրանից հետո քաղաքացիական անձանց սպանությանն ու խոշտանգմանը։
Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական քաղաքական երեսպաշտությունը՝ ի դեմս Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարությունների, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ սեփական հանցանքները թաքցնելու համար հորինված մեղադրանքներ։ Մենք կոչ ենք անում նախ առերեսվել Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ջարդերի, պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջեւանի այլ հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանն ու ցեղասպանությանը եւ դիմել հստակ քայլերի՝ հայության ոտնահարված անօտարելի իրավունքների անվտանգ ու միջազգայնորեն երաշխավորված վերականգնման համար»:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.
«1988 թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ եւ բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ եւ ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:
Սումգայիթյան ողբերգությանը հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ հայաշատ բնակավայրերի հայության ջարդերը: Այս շղթայական իրադարձությունները, ինչպես դրանցից առաջ Նախիջեւանի ամբողջական հայաթափումը, ցույց տվեցին, որ հիշյալ ոճրագործությունները ոչ թե ազգայնամոլության հիմքի վրա բռնությունների առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված եւ իրականացված հայատյացության քաղաքականության հերթական դրսեւորումներ։ Այդ քաղաքականության հետեւանքով Խորհրդային Ադրբեջանից բռնի տեղահանման ենթարկվեց շուրջ 500 հազար էթնիկ հայ:
Հատկանշական է, որ այդ իրադարձությունները թիրախավորել են ոչ միայն հայ բնակչությանը. դրանք ուղեկցվել են նաեւ հայկական ժառանգության եւ ընդհանուր առմամբ հայկական հետքի վերացման կանխամտածված գործողություններով։
Արդեն 21-րդ դարում լիակատար անպատժելիության պայմաններում Ադրբեջանի նույն քաղաքականության շարունակությունն էր Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության ահաբեկման, անմարդկային շրջափակման, սովամահության մատնելու եւ, ի վերջո, ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու, էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը, որն ավարտին հասցվեց՝ անգամ ի հեճուկս ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող երեք որոշումների:
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որեւէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով եւ ոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողները։ Այսօր էլ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող այլատյաց եւ թշնամական քաղաքականությունն ուղեկցվում է բարձրագույն մակարդակով հնչող ատելության խոսքով, սպառնալիքներով եւ ագրեսիվ հռետորաբանությամբ, որը խոչընդոտ է ժողովուրդների միջեւ թշնամանքի հաղթահարման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ճանապարհին։
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին եւ գործարկի առկա բոլոր մեխանիզմները՝ կանխելու նման ոճրագործությունների կրկնությունը եւ նպաստելու Հարավային Կովկասում արժանապատիվ եւ տեւական խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ ջանքերին»։
Ն. ԱՂԱՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ՔՆՆԻՉԻՆ
Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի գտնվող առանձնատներից մեկից 2023թ. նոյեմբերին գողացել են շուրջ մեկ միլիոն դրամի ապրանքներ` շինարարական էլեկտրական գործիքներ,օղի թորելու պղնձե սարք, նաեւ փչացրել են 150 լիտր օղի։ Տուժող, իրավաբան Գեղամ Գուլինյանը փետրվարի 13-ին գողության գործը քննող, քննչական կոմիտեի Դիլիջանի բաժնի քննիչ Արմեն Ավետիսյանի վերաբերյալ դիմում-բողոք է ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ուր հայտնել է, որ գողության մասին հայտնելուց անցել է մեկ ամիս, սակայն ինքը ոչ մի արձագանք չի ստացել քննիչ Ա. Ավետիսյանից. երբ ինքը այցելել է քննչականի Դիլիջանի բաժին, միջանցքում պատահաբար հանդիպել է քննիչ Ա. Ավետիսյանին, որն իրեն ասել է. «Լավ է, որ եկել ես. քեզ պիտի կանչեի բաժին ցուցմունք տալու համար»։ Դեպքից մեկ ամիս, 12 օր անց քննչական բաժին են հրավիրել Գ. Գուլինյանի կնոջը՝ ուսուցչուհի Լիանա Ղազինյանին, հարցաքննվելուց հետո Լիանան քննիչին հարցրել է՝ նայե՞լ եք մեր տան ճանապարհին, հարեւանի տանը տեղադրված տեսանկարահանող սարքը, որի մասին ձեզ հայտնել ենք դեպքի օրը, քննիչը պատասխանել է՝ դա ձեր գործը չէ, չենք նայել, կնայենք, Լիանան ասել է՝ չե՞ք ուշացնում, սարքը մեկ ամիս հետո կարո՞ղ է նկարածը պահել։ Նույն օրը քննիչը եւ թաղային լիազորը գնացել են հարեւանի տուն, տանտերն ասել է՝ շատ ուշ եք եկել, սարքի կրիչի հիշողությունը 10-12 օր է։ 2024թ. հունվարի 5-ին տուժած ամուսինները Քննչական կոմիտեի Դիլիջանի բաժին են գնացել, որ նորություն իմանան, քննիչը հեգնել է. «Ժողովո՛ւրդ ջան, ես էստեղ նստած կոֆեի բաժակ նայող չեմ, որ բաժակի մեջ նայեմ, տեսնեմ ո՞վ է ձեր տանից գողություն արել, գնացե՛ք. որ իմանամ, խաբար կանեմ, կգաք, դուք էլ կիմանաք»։ Ամուսինները նրան ասել են. «Նախորդ անգամ Դուք ասացիք, որ գիտեք, թե ով է գողացել, սակայն ապացույցներ չունեք»։ Ա. Ավետիսյանը գոռացել է. «Գնացե՛ք, ում ուզում եք, բողոքեք, տենամ՝ ով կարա ինձ մի բան ասի. ես բոլոր իրավունքներով լիազորված քննիչ եմ, ոչ մեկն էլ չի կարող գալ ու ձեր գործը բացի»։ Գ. Գուլինյանը փետրվարի 21-ին ստացել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կ. Շառոյանի պատասխանը, որտեղ քննիչ Արմեն Ավետիսյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմումի վերաբերյալ մասնավորապես նշված է. «Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել»։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ