Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հանձնարարագրով՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ՍՊ ընկերությանը հատկացված՝ Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ փողոցին կից գտնվող տարածքում:
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, իրականացված ստուգումներով տեսչական մարմնի աշխատակիցները կազմել եւ Պետական եկամուտների կոմիտե են ներկայացրել մասնագիտական եզրակացություն՝ ՍՊ ընկերության կողմից 40972.5 խմ բազալտի օգտակար հանածո տեղահանված լինելու վերաբերյալ:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձն ու Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումը թաքցնելու նպատակով կազմել են կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
Մասնավորապես, 2020 թվականի մարտի 14-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել, ստորագրվել եւ ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ արտահանված 40972.5 խմ բազալտի օգտակար հանածոն կարող էր բնական տեկտոնական պրոցեսների հետեւանքով առաջացած փլուզումների պատճառով թափված լիներ տարածք:
ՊԵԿ նախագահի գրավոր հարցադրումներին ի պատասխան՝ բնապահպանական վերահսկողության բացակայության պայմաններում 2020 թվականի մարտի 25-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի անունից կազմվել եւ ՊԵԿ նախագահին է հասցեագրվել գրություն, որում կրկին ներառված են եղել կեղծ տեղեկություններ այն մասին, թե ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման շրջանակներում ընդերքօգտագործում իրականացնելու փաստ չի արձանագրվել, եւ խախտում առկա չէ:
Վերոնշյալ գրության հիման վրա՝ ՍՊ ընկերությունում իրականացված ստուգմամբ ՊԵԿ-ի կողմից խախտումներ չեն արձանագրվել, կազմվել է զրոյական ակտ, ինչի հիման վրա ՍՊ ընկերության կողմից «Ընդերքի մասին» օրենքով նախատեսված իրավախախտման համար պատասխանատվության միջոց չի կիրառվել, արդյունահանված օգտակար հանածոների համար բնօգտագործման համարժեք վճարներ չեն հաշվարկվել: Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 79 մլն 891 հազար 700 դրամի գույքային վնաս։
Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին վերոնշյալ երկու անձանց նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին հաստատել է մեղադրական եզրակացությանը եւ վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:
Դատախազությունը կներկայացնի քաղաքացիական հայց՝ պետությանը պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ 3 ԾՐԱԳԻՐ
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է արտաքին լուսավորության ցանց, մանկական խաղահրապարակ եւ ավտոտրանսպորտային սպասարկման կանգառ։
Սուբվենցիոն 3 ծրագրի իրականացման համար ներդրվել է 28 միլիոն 966 հազար 994 դրամ, որից 14 միլիոն 691 հազար 297 դրամը՝ ՀՀ կառավարության, 14 միլիոն 275 հազար 697 դրամը Գավառի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Լանջաղբյուրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 9 միլիոն 61 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից եւ ավարտվել հոկտեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին լուսավորության ցանց է կառուցվել Լանջաղբյուրի Նալբանդյան, Հաղթանակի, Արտաշես Առաջին, Մամիկոնյան փողոցներում եւ Իլիկավանք տանող ճանապարհին՝ 2500 մ երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 70 լուսատու։ Վերոնշյալ փողոցների բնակիչները արտաքին լուսավորության ցանցից օգտվում են առաջին անգամ։
Լանջաղբյուրի մանկական խաղահրապարակի եւ պուրակի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 965 հազար 994 դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից եւ ավարտվել դեկտեմբերին։ Խաղահրապարակը եւ պուրակը կառուցվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի տարածքում։ Ծրագրի իրականացման արդյունքում խաղահրապարակ-պուրակը կահավորվել է մանկական խաղարաններով, զրուցարան-տաղավարներով, կառուցվել է լուսավորության ցանց, ցայտաղբյուր։
Լանջաղբյուրի ավտոտրանսպորտային սպասարկման կանգառի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 5 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից եւ ավարտվել օգոստոսին։
Ծրագրի իրականացման արդյունքում Գավառի պատմամշակութային հուշարձանների պատկերով ու նկարագրով արտացոլված կանգառ է կառուցվել Գեղարքունիք-Գավառ մարզային նշանակության ճանապարհի Լանջաղբյուրի հատվածում։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ
Հայաստանում կներդրվի նաեւ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը:
Զինված ուժերում գործող հաստիքները բաժանվում են զինվորական եւ ոչ զինվորական հաստիքների: Ոչ զինվորական հաստիքներն են քաղաքացիական ծառայողներն ու քաղաքացիական աշխատանք կատարողները: Ոչ զինվորական ծառայողների վարձատրության չափի մասով հիմնական մոտեցումն այն է, որ, լինելով քաղաքացիական մասնագետներ, այս ծառայողները պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որ հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել զինված ուժեր:
Մարտական գործառույթներին անմիջականորեն չմասնակցողները հիմնականում իրականացնում են մարտականի հետ կապված մասնագիտական, ապահովման, կազմակերպման, սպասարկման, ինչպես նաեւ վարչական բնույթի այլ գործառույթներ: Ելնելով այդ գործառույթների բնույթից ու ծառայության պայմաններից՝ այդ հաստիքները պետք է լինեն զինվորական:
«Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության եւ մասնագիտական գիտելիքների թեստերը, այսինքն՝ շարայինն ու ֆիզիկականը չեն հանձնի»,-ասաց փոխնախարարը:
Ատեստավորման դրական արդյունքների դեպքում վճարվող հավելումների չափը մարտականի չափից քիչ կլինի: Քննարկվում է 50-70 տոկոս չափը: Որոշումը դեռ կառավարության կողմից կկայացվի:
Միաժամանակ առաջարկվում է ատեստավորման արդյունքներով անբավարար գնահատված զինծառայողների համար ատեստավորման քննությունը վերահանձնելու հնարավորություն ընձեռել: