Դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային եւ «Տիրամայր Հայաստանի» երգչախմբերը մտադիր են համատեղ հնչեցնել ականավոր կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի «Ստաբատ մատեր» ստեղծագործությունը:
Համերգային երեկոն նախատեսվում է կազմակերպել Ֆրանկոֆոնիայի շրջանակում ապրիլի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ռոբերտ Մլքեյանն ասում է՝ երգչախմբերը հանդես են գալու նվագախմբի ուղեկցությամբ: «Նվագախումբը բաղկացած է լինելու հրավիրյալ երաժիշտներից: Այն դառնալու է սիմֆոնիկ նվագախումբ, սակայն հիմքում Հայաստանի պետական կամերային նվագախումբն է լինելու»,-նշում է Մլքեյանն ու հավելում՝ այժմ համերգի կայացման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, հստակեցումներ են արվում:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը մի քանի անգամ երեւանյան բեմում ներկայացրել է «Ստաբատ մատեր»-ը, սակայն «Տիրամայր Հայաստանի» երգչախումբն առաջին անգամ է այն կատարելու:
«Տարիքային մեծ տարբերություն կա կոլեկտիվների միջեւ: Հայաստանի պետական կամերային երգչախումբն արդեն քսանչորս տարեկան է, անհավանական թվով համերգներ է ունեցել»,-ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, որը սիրով է վերհիշում «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի ստեղծման պատմությունը:
Մլքեյանը երկար տարիներ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբն է ղեկավարել: Այն պետական կարգավիճակ է ստացել հենց Մլքեյանի օրոք, ինչին նպաստել է կոլեկտիվի ստեղծագործական գործունեությունը:
«Այն ժամանակ Գյումրիում նաեւ երգչախումբ ունեի, որը շատ բարձրակարգ էր: Ավա՜ղ, կյանքն այնպես դասավորվեց, որ ինձ թույլ չտվեցին մնալ այնտեղ, կանչեցին Երեւան, որտեղ սկսվեց իմ բուռն աշխատանքը: Այստեղ եւս բարձրակարգ երգչախումբ ստեղծելու պահանջ կար, եւ ես բոլոր ուժերս ուղղեցի դրան, բայց Գյումրին սրտիցս ու մտքիցս դուրս չեկավ: Երեւանում հինգ կամ վեց տարվա գործունեությունից հետո իմացա, որ Գյումրիում կան մարդիկ, որ երազում են, որ այնտեղ որեւէ նախաձեռնությամբ հանդես գամ: Անարատ հղության հայ քույրերի միաբանության ընդհանուր մեծավորուհի մայր Արուսյակ Սաճոնյանը, որին քույր Արուսյակ եմ ասում, շատ էր ցանկանում, որ երգչախումբ ստեղծվի: Նա հարցրեց, թե հնարավոր է արդյոք դա անել, պատասխանեցի, որ հնարավոր է մի դեպքում, եթե կարողանամ անընդհատ գնալ Երեւան ու գալ, ասացի՝ եթե մեկ անգամ գամ, լսեմ երեխաներին, կառուցեմ երգչախումբն ու մեկնեմ, դժվար կլինի: Այդպես 2005 թվականին հիմնադրվեց «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը: Սկզբում երգչախմբի կազմում որբատան երեխաներն էին»,-պատմում է Ռոբերտ Մլքեյանը:
Հաջորդ տարի Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը տոնելու է հիմնադրման 20-ամյակը:
Երգչախումբը հիմնադրելիս Ռոբերտ Մլքեյանը նպատակ է ունեցել ոչ միայն երգել սովորեցնել երեխաներին, այլեւ ստանալ նույնքան լավ երգչախումբ, որքան Հայաստանի պետական կամերային երգչախումբն է: Դա Մլքեյանին ու նրա աջակիցներին հաջողվել է, քանի որ կոլեկտիվը կայացել է: 2015 թվականին Հռոմի Սբ. Պետրոս տաճարում երգչախումբը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված, իսկ 2016 թվականին՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագներին։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Բելգիայի, Լիբանանի տարբեր քաղաքներում:
««Տիրամայր Հայաստանի» երգչախումբը Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ հանդես գալու երկարամյա փորձ ունի: Այն կատարում է օտար եւ հայ հեղինակների՝ Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի եւ այլոց գործերը: «Նրանք կրթվում են նույնկերպ, ինչպես մեծերը, նույն մակարդակի աշխատանք է տարվում երկուսի հետ էլ, սակայն փոքրերի էներգետիկ դաշտն ավելի մեծ է, եւ նրանք իրենց երիտասարդական ավյունով, էներգիայով փորձում են հետ չմնալ բարձր ակադեմիական որակից»,-եզրափակում է Ռոբերտ Մլքեյանը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ՍԵՐ՝ ՄԻՆՉԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԸ»
Գավառի Լեւոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը նոր թատերաշրջանը մեկնարկել է ռուս դրամատուրգ Վալենտին Կրասնոգորովի «Սեր՝ մինչեւ հիշողության կորուստը» պիեսի հիման վրա բեմադրված «Հիշի՛ր բժի՛շկ, հիշի՛ր» կատակերգությամբ:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր, ներկայացման բեմադրիչ եւ նկարչական ձեւավորող Նորայր Հերգնյանն ասում է՝ ստեղծագործությունն իրեն շատ է գրավել, քանի որ սիրո մասին է եւ միշտ արդիական: Հերգնյանի տեղեկություններով՝ այն չի բեմադրվել Հայաստանում, ուստի որոշել են լինել առաջինը: «Ուրախ, հետաքրքիր գործ է: Ժամանակակից քիչ պիեսներից է, որտեղ մարդկանց փոխհարաբերություններում ժարգոնային բառեր չեն կիրառվում, ինչի շնորհիվ ներկայացումը կարող են դիտել ոչ միայն հասուն, այլեւ ավելի փոքր տարիքի թատերասերները»,-նշում է նա:
Ռեժիսորը կարծում է՝ թատրոնում պետք է բեմադրվեն բազմաժանր ներկայացումներ՝ կատակերգություններ, դրամատիկ գործեր եւ այլն: «Չենք կարող առաջնորդվել մեկ տրամադրությամբ ու տեւական ժամանակ հասարակության այս կամ այն հոգեվիճակին համապատասխան ներկայացումներ մատուցել հանդիսատեսին: Մանուկների համար ներկայացումները եւս անհրաժեշտություն են: Պետք է հաշվի առնել, որ մարդիկ ձգտում են թատրոն գնալ, որպեսզի մի քանի ժամով կտրվեն այն իրականությունից, որում ապրում են, իսկ թատրոնը հրաշալի հնարավորություն է տալիս ներկայացնել տարբեր իրականություններ, ստեղծել յուրահատուկ մթնոլորտ ու տրամադրություն, ուստի մեր ներկապնակը հարուստ է, ընտրության հնարավորությունը՝ մեծ»,-հավաստիացնում է Նորայր Հերգնյանը:
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԵՌԱՆՈՒՄ Է
Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:
Այս մասին ասաց Հրանտ Մելքումյանը: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է՝ տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծեց նա:
Մելքումյանի խոսքով` Հայաստանի շախմատի հավաքականում այժմ սերնդափոխություն է, սակայն հավաքականում ընդգրկված երիտասարդները նոր շախմատիստներ չեն, նա մանկուց գիտի թիմի անդամներին` Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին, Մանուէլ Պետրոսյանին:
«Նրանց հետ նույնիսկ մի քանի պարտիաներ եմ խաղացել, երբ դեռեւս 12 տարեկան էին: Հրաշալի ծանոթ եմ նրանց խաղին: Բոլորն ել կայացած շախմատիստներ են: Անշուշտ, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն ապահով ձեռքերում է»,-առանձնացրեց նա:
Վերհիշելով Հայաստանի հավաքականի «ոսկե» սերնդին` Լեւոն Արոնյանին, Գաբրիել Սարգսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Մելքումյանն ընդգծեց` Արոնյանն ու Սարգսյանն իրեն շատ են օգնել 2015 թվականին, երբ ինքը դարձավ Հայաստանի հավաքականի անդամ:
«Հրաշալի հիշում եմ, որ 2015 թվականին՝ առաջին անգամ հավաքականում ընդգրկվելուց հետո, պետք է առաջին պարտիան խաղայի: Այնքան հուզված էի, որ նախորդ գիշեր նույնիսկ չէի քնել: Այդ տարի աշխարհի առաջնությունում (հեղ. առաջնությունն անցկացվում էր Ծաղկաձորում) թիմը գրավեց 3-րդ տեղը: Նույն տարում Եվրոպայի թիմային առաջնությունում էլ երկրորդն էինք»,-վերհիշեց Մելքումյանը:
Վերջինս փաստեց, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում: Նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերի Ավստրալիայում:
«Մինչեւ քովիդի համավարակը ես խիստ գրաֆիկով շախմատ էի խաղում եւ բնավ մտադիր չէի հեռանալ, սակայն համավարակից հետո առցանց շախմատն ինձ համար այդքան էլ անվտանգ չէր: Այդ իսկ պատճառով մոտ 2 տարի կտրվեցի շախմատից: Հետո փորձում էի վերադառնալ, սակայն ռիթմից դուրս էի մնացել»,-ասաց նա:
Հրանտ Մելքումյանը աշխարհի երիտասարդների (Մ18) առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնության արծաթե (2015) եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2023):