ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ նախորդ տարվա ամռան սկզբին շրջանառվեցին լուրեր, ապա հաստատվեց, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգը համերգով հանդես կգա Հայաստանում։ Օգոստոսին հայտնի դարձավ, որ համերգի համար պետական բյուջեից հատկացվել է 6 միլիոն դոլար՝ 2.3 միլիարդ դրամ։ Ավելի ուշ որոշվեց, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, սակայն սեպտեմբերի 9-ից 10-ը ընկած ժամանակահատվածում համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հայտարարություն տարածեց ֆեյսբուքյան էջում. «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»:

Դեկտեմբերի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ համերգը տեղի է ունենալու «հավանաբար հաջորդ տարի(2024)՝ մայիս-հունիս ամիսներին»։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թանկ կարծիքով՝ եթե համերգը տեղի ունենա, պետք է բաց լինի բոլորի համար։

Ճի՛շտ է, «եթե տեղի ունենա»։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԳՄՍ-ից ճշտել՝ ինչ առաջընթաց կա համերգի կազմակերպման վերաբերյալ, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ հարցի հասցեատերը կառավարությունն է։

Կառավարությունն էլ իր հերթին ուղղորդեց ԿԳՄՍՆ, ապա խնդրեցին հարցում ուղարկել, իրենք կվերահասցեավորեն։

Ինչեւէ, հետաքրքիր հատվածը պատասխանն է, որում հարցին, թե ինչ գործընթացներ են եղել 2024 թվականի ընթացքում Սնուփ Դոգի համերգը կայացնելու վերաբերյալ, պատասխանել են. «Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարության եւ «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ի միջեւ 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքվել է պայմանագիր, իսկ ս.թ. փետրվարի 19-ին՝ N1 հրամանագիր, ըստ որի՝ համաշխարհային աստղ Սնուպ Դոգի համերգը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականին»։

Բանն այն է՝ նախարարությունը կնքել է հրամանագիր, որը, ըստ ամենայնի, ոչ մի պահանջ եւ հրաման չի ենթադրում։ Ավելին՝ նախարարի հայտարարությունը, թե համերգը նախատեսվում է մայիս-հունիս ամիսներին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրական լինելու դեպքում այժմ գոնե ինչ-որ գործընթացներ կլինեին։

Նախարարի նշած ժամկետին մնացել է 2-3 ամիս, սակայն դեռ ոչ մի նոր տեղեկություն չկա։

Կառավարությանը խնդրեցինք պատասխանել նաեւ՝ վերջիվերջո ով է համերգի պատասխանատուն եւ մեր հարցերի հասցեատերը, որին ի պատասխան ստացանք հետեւյալը. ««Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման պատասխանատու մարմինը ԿԳՄՍ նախարարությունն է՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման»։

Մեր հարցից հետո  նախարարությունը եւս տեղեկացավ, որ պարտավորություններ ունի, սակայն մյուսների պես այն պատշաճ չի իրականացնում, իսկ Սնուփ Դոգի համերգը կարծես դարձել է կոկորդի ոսկոր, որը այդպես էլ կուլ չի գնում։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ գրասենյակի տարածքում եւ ՔՊ խմբակցության պատգամավոր  Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու դեպքով տարբեր վարկածներ են քննվում։ Իրավապահ համակարգը 3 օր է՝ ջանքեր է գործադրում դեպքը բացահայտելու համար։ Ամենաուշագրավն այն է, որ իրավապահ համակարգում քննվում  է վարկած, որ պայթուցիկը վերոնշյալ տարածքում, չի բացառվում, տեղադրվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի ընտանիքի անդամի կամ բարեկամի կողմից։ Այսինքն՝ տեղի ունեցածը անձնական հողի վրա եղած թեմա է: ArmLur.am-ը գրել էր, որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՔՊ-ի գրասենյակից իրավապահներին զանգահարել է գրասենյակի քարտուղար Հասմիկը  եւ հայտնել, որ գրասենյակի դիմաց տարօրինակ տոպրակ կա, խնդրում է իրավապահներին գալ եւ տեսնել, թե ինչ կա տոպրակի մեջ: Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական պարզել են, որ կեղծ պայթուցիկը ՔՊ-ի գրասենյակի դիմաց տեղադրել են հենց նույնը օրը, երբ պայթուցիկ է տեղադրվել Գուրգեն Արսենյանի գրասենյակի շենքի մոտ:

 

 

 

Երեկ՝ ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի քվեարկության ժամանակ, ուշագրավ դեպք է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աներձագ,  ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը չի իմացել, որ ՔՊ-ն բոյկոտել է ու չպետք է  մասնակցի թեկնածուի քվեարկությանը, ու գնացել է քվեարկության վայրը, սակայն նրան հետ են կանչել՝ ասելով, որ որոշում կա չմասնակցելու քվեարկությանը, ու նա լքել է քվեարկության վայրը։ «Ժողովուրդ» օրաթերթը  կատարվածի շուրջ անձամբ զրուցեց ՔՊ-ական պատգամավոր Հրաչ Հակոբյանի  հետ, ինչին  ի պատասխան՝ վերջինս  հայտնեց, որ, այո, ինքը գնացել է քվեարկության, սեղանի մոտ զրուցել է կոլեգաների հետ ու հետ է գնացել։ Մեր այն հարցին՝ իսկ ինչի մասին է զրուցել, Հրաչ Հակոբյանը  չցանկացավ մեկնաբանել։ Նշենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը։ Հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ քվեատուփում եղել է 32 քվեաթերթիկ, որի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 32 կողմ, 0  դեմ, 0 ձեռնպահ։  Այսպիսով, Դ. Բալայանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է միայն խոհրդարանական ընդդիմությունը, եւ Դ. Բալայանը չի ընտրվել ՍԴ դատավոր։

 

 

 

ՔՊ-ական պատգամավորները առանձին հանդիպումներ են սկսել բռնի տեղահանված արցախցիների հետ: Իշխանական առանձին պատգամավորներ պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչական այս կամ այն շրջանում բնակություն հաստատած արցախցիների հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպումները նպատակ ունեն ստուգել արցախցիների տրամադրությունը, սիրաշահել նրանց, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ արցախահայերի վերաբերմունքը իրենց հայրենիքը հանձնած փաշինյանական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ էության, այս հանդիպումներն ավելի շատ, կարելի է ասել, ցուցադրական բնույթ են կրում՝ արցախցիներին ցույց տալու, թե մտահոգ են իրենց ճակատագրով: Մինչդեռ, փաստ է, որ մինչ այսօր էլ տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրները չլուծված են մնում. տուն ու աշխատանք չունեն, փաստաթղթեր չունեն, իսկ համապատասխան կառույցները, խնդիրը լուծելու փոխարեն, իրար վրա են գցում արցախցիների դիմումները:

 




Լրահոս