«ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ՀՈՒՍԱԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանը հայտարարում է, որ Մոսկվան եւ Երեւանը մնում են դաշնակիցներ, եւ երկկողմ հարաբերություններում դա է կարեւորը»,- հարցին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ից 2023թ. Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր են հնչել:  

 

«Մենք ունենք պաշտոնական հարաբերություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու վստահելի խողովակներ, որտեղ կետ առ կետ կարող ենք անդրադառնալ բոլոր խնդիրներին: Վստահեցնում եմ, որ ՌԴ ոչ մի պաշտոնյա ոչ միայն Հայաստանի, այլեւ որեւէ սուվերեն պետության իշխանությունների տապալմանն ուղղված որեւէ հայտարարություն չի արել: Կարծում եմ՝ պետք չէ ուշադրություն դարձնել որեւէ լրագրողի կամ լրատվամիջոցի՝ այդ առթիվ արված հիմար հայտարարությանը. լրագրողները թող ազատ զբաղվեն իրենց աշխատանքով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, նման փաստեր կան, դրանք կարող են երկկողմ քննարկման առարկա դառնալ:

«Ռուսաստանը ելակետային է համարում այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Ֆրանս-24»-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանը գործնականում, ըստ էության, սառեցրել է մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:

Զախարովան նշել է, թե ՀԱՊԿ միջոցառումներին Երեւանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, «ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում»:

«Մենք կտրականապես անընդունելի ենք համարում Հայաստանի Հանրապետության կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներն այն մասին, որ կառույցը չի կատարել Երեւանի հանդեպ ստանձնած պարտավորությունները 2021-22թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների համատեքստում: Ցանկանում ենք հիշեցնել, որ 2021թ. սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել եւ գնահատող առաքելությամբ ՀՀ սահմանամերձ շրջաններ է գործուղվել ՀԱՊԿ քարտուղարության եւ միացյալ շտաբի ներկայացուցչական պատվիրակությունը: Արդյունքում որոշում էր կայացվել ՀԱՊԿ կողմից մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար, սակայն ՀՀ իշխանությունների կողմից առաջարկը մերժվել էր: Ավելին՝ փոխարենը պաշտոնական Երեւանը նախընտրել է հրավիրել Եվրամիության դիտորդական առաքելությանը:

Ամեն դեպքում, մենք շարունակում ենք ելակետային համարել այն, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ լիարժեք անդամ՝ բոլոր պարտավորություններով ու իրավունքներով հանդերձ: Չնայած պետք է նշենք, որ, ցավոք, ՀԱՊԿ միջոցառումներին Երեւանի մասնակցությունը դինամիկ կերպով նվազել է, ինչը Հայաստանի անվտանգության շահերից չի բխում: Մենք շարունակում ենք հուսալ, որ Երեւանում, այնուամենայնիվ, կգան այն հետեւությանը, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է գործընկերների հետ վստահության մթնոլորտում հանգիստ պայմաններում քննարկումների կազմակերպումը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

«ԱԶՆԻՎ ԸՆԿԵՐ ՈՒ ԴԱՇՆԱԿԻՑ ՉԻ ԵՂԵԼ»

Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի բուլղարացի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւը:

 

«Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի բարեփոխումներին՝ ուղղված տարածաշրջանում կայունության հաստատմանն ու ժողովրդավարությանը: Մենք տարածաշրջանում խաղաղության եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ թշնամության վերացման կողմնակից ենք:

Պետք է նշել Ռուսաստանի ցինիկ պահվածքը: Հայաստանը հույսը դրեց նրա հանձնառության վրա եւ խաբվեց: Տրամաբանորեն սա հանգեցրեց նրան, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանը սառեցրեց իր երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Ռուսաստանը երբեք ազնիվ ընկեր ու դաշնակից չի եղել Հայաստանի համար եւ միշտ հետեւել է իր իմպերիալիստական ծրագրերին տարածաշրջանում ու աշխարհում:

Մյուս կողմից՝ Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում քաղաքական կայունության եւ տնտեսական բարգավաճման հարցում: Այս տեսանկյունից ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումը վճռորոշ է: ԵՄ-ն զարգացման ամենամեծ դոնորն է Հայաստանում, առեւտրային երկրորդ գործընկերը: ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ամուր եւ բազմակողմանի չեն եղել, եւ գործընկերային համաձայնագիրը Հայաստանն օգտագործում է ներքին բարեփոխումների իրականացման համար:

Միաժամանակ Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերությունները խոչընդոտում են Հայաստանի սոցիալ- տնտեսական զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում:

Ես աջակցում եմ վարչապետ Փաշինյանի ջանքերին Ադրբեջանի հետ երկկողմ եւ բազմակողմ քննարկումներ անցկացնելու հարցում՝ հասնելու խաղաղության երկու հարեւանների միջեւ, հետեւելով երեք սկզբունքի՝ ուժի չկիրառում, հավասար իրավունքներ եւ ժողովուրդների ինքնորոշում:

Մենք Հայաստանի հետ պետք է խորացնենք հարաբերությունները տնտեսական, ֆինանսական, սոցիալական, անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում: Հայաստանը մենակ չէ, մենք պետք է հնարավորինս շուտ տրամադրենք վիզայի ազատականացումն այդ հանրապետությանը: Եվրամիությունը Հայաստանի եւ խիզախ հայ ժողովրդի հետ է»,- ասել է Կովաեւը:

Բուլղարացի պատգամավորը խոսքն ավարտել է հայերեն. «Աստված պահապան Հայաստանին»:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաեւ 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության եւ իրավազորության հարգման, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:

 

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանն ու Իրաքը համագործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ ունեն, որոնք պարտավոր են օգտագործել»,- Բաղդադի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով Հայաստանի եւ Իրաքի միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերն ակտիվացնելու հնարավորությունների վերաբերյալ հարցին։

«Մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք, եւ մենք պարտավոր ենք այդ հնարավորություններն օգտագործել։ Խոսքս վերաբերում է ինչպես երկու երկրների պատասխանատու քաղաքական գործիչներին, այնպես էլ ժողովուրդներին։ Մեր քննարկումները եւ՛ Իրաքի նախագահի, եւ՛ վարչապետի, եւ՛ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ այդ շրջանակներում են եղել»,-ընդգծեց Խաչատուրյանը։

Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրաքը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, Հայաստանը դեսպանատուն ունի Բաղդադում, Իրաքը՝ Երեւանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկու դեսպանատների աշխատանքները բավականին ակտիվացել են։

«Սերտ համագործակցություն կա միջազգային տարբեր հարթակներում։ Մենք երբեւիցե որեւէ որոշման չենք համաձայնվել, որը կհակասի երկու երկրների շահերին։ Այսինքն՝ բոլոր հիմքերը կան, որպեսզի մեր բարիդրացիական, պատմական, մշակութային, քաղաքակրթական կապերն օգտագործենք մեր այսօրվա կյանքը բարելավելու, մեր երկրների քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար»,-եզրափակեց ՀՀ նախագահը։

 




Լրահոս