ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտից ուժի մեջ են մտնում ՀՀ էլեկտրոնային առողջապահական համակարգի փոփոխությունները, ըստ որոնց՝ ընդլայնվում է էլեկտրոնային դեղատոմսերով բաց թողնվող դեղերի ցանկը։ Մարտի 1-ից բացառապես էլեկտրոնային դեղատոմսով բաց կթողնվեն հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, պատվաստանյութեր, միզոպրոստոլ պարունակող դեղեր։

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը կատարվում է փուլային տարբերակով։ Ներդրման գործընթացը սկսվել է 2022 թվականի հուլիսից։

«Սկզբում էլեկտրոնային դեղատոմսով բաց են թողնվել կենտրոնական գնումներով ստացվածները։ Ասեմ, որ դա մեկնարկել ենք մեկ պոլիկլինիկայի բազայի հիման վրա, որպեսզի վեր հանվեն տեխնիկական խնդիրները։ Այնուհետեւ այն տարածվել է Հայաստանի ամբողջ առաջնային օղակի վրա։ Երկրորդ փուլով արդեն ներդրվել է անվճար եւ արտոնյալ պայմաններով ստացված դեղերի դուրսգրման բաղադրիչը։ Արդեն այս փուլում որոշ դեղեր դուրս կգրվեն միայն էլեկտրոնային եղանակով»,-ասաց Արտակ Ջումայանը։

Առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը տեղեկացրեց, որ համապատասխան գործիքակազմը ներդրված է, թվային համակարգն ամբողջությամբ պատրաստ է։

«Համակարգն աշխատելու է հետեւյալ սկզբունքով. բժիշկն էլեկտրոնային տարբերակով՝ «Արմեդ» համակարգի միջոցով, դուրս է գրելու դեղը, նշելու է դեղի ազդող նյութը, անհրաժեշտ քանակը, որից հետո բուժառուն գնում է դեղատուն, որտեղ էլ քաղաքացու անունով փնտրվում է դեղատոմսը։ Այսինքն՝ դեղատանը դեղատոմսը հասանելի չէ, քանի դեռ բուժառուն չի դիմել իրեն։ Ստեղծված է համապատասխան գործիքակազմ, որ դեղատան աշխատողն այդ հարթակում նշի, թե քանի դեղ է տրամադրել բուժառուին։ Դա նշանակում է, որ բուժառուն պարտավորված չէ հենց սկզբից մի անգամից ամբողջ նշանակած դեղը գնել։ Բուժառուն շարունակելու է ունենալ դեղերը մաս-մաս գնելու հնարավորություն։ Դեղատոմսն ամբողջությամբ փակված կհամարվի այն ժամանակ, մինչեւ բուժառուն դեղատոմսով նշված բոլոր դեղերը կգնի»,-ասաց Ծաղկանուշ Սարգսյանը։

Պարտադիր պայման է, որ բուժառուն դեղատուն ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։ Եթե ամեն դեպքում, ինչ-ինչ հարցերով պայմանավորված, բուժառուն չի կարող մոտենալ դեղատուն, ապա բժիշկը կարող է լիազորված անձի տվյալները եւս մուտքագրել համակարգ, որից հետո վերջինս անձը հաստատող փաստաթղթով կարող է արդեն դեղատնից գնել դեղը։ Էլեկտրոնային դեղատոմսը սպասարկելու համար դեղատան բոլոր աշխատողները պետք է գրանցված լինեն «Արմեդ» համակարգում։ Հարցերի դեպքում կարող են զանգահարել «Արմեդ»-ի զանգերի կենտրոն, որն աշխատում է 24 ժամ, կամ կարող են զանգահարել Առողջապահության նախարարություն՝ համապատասխան ուղեցույցներին ծանոթանալու համար։ Պատասխանատուները տեղեկացրին, որ դեղատները որեւէ գումար չեն ծախսելու։ Ընդամենն անհրաժեշտ է համակարգիչեւ ինտերնետ, որեւէ այլ ներդրում դեղատան կողմից չի պահանջվում։

Էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրումը հնարավորություն կտա արդյունավետ վերահսկել դեղերի շրջանառության ամբողջ հետագիծը՝ դեղը Հայաստան մուտք գործելու պահից մինչեւ բուժառուին հասնելը, դեղի բարդությունները, վատ ազդեցությունը եւ այլն։ Դրանից բացի, բուժառուների բժիշկների համար կհեշտացվի գործընթացը, կկրճատվի թղթային շրջանառությունը, ինչպես նաեւ ժամանակը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԿՅԱՆՔԻ ՊԱՐԳԵՎ՝ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական ամրագրում տալ «կենսաբանական մահ» հասկացությանը, ինչպես նաեւ սահմանել օրենսդրական հիմք` լիազոր մարմնի կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար.  Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը՝ ներկայացնելով ««Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս գործող «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 2002 թվականին: Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի օրենքի եւ այլ ոլորտային օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծի մշակումը։

«Նախագծով կատարվող փոփոխության շրջանակներում օրենքում օգտագործվող հասկացություններում, ուղեղի մահից բացի, սահմանվում է նաեւ կենսաբանական մահվան հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում:

Ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի եւ եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում։ Միեւնույն ժամանակ, առավել ընդունելի եւ կիրառելի է մահացած մարդու մարմնից, դիակից եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանային պայմաններում։ Ուստի, մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ այլեւս բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ողջ ֆունկցիաները եւ դրանց արհեստական ապահովումը դեղերի սնուցման եւ բժշկական սարքավորումների միջոցով։

Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորներից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,-ասաց փոխնախարարը։

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՎՈՒՇԻՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը փետրվարի 26-ին ընդունել է Արցախից բռնի տեղահանված եւ Տավուշի մարզում վերաբնակեցված մի շարք անձանց: Մարզպետը զրուցել է քաղաքացիների հետ, ծանոթացել կեցության պայմաններին, լսել նրանց կարիքները, իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին եւ պատասխանել նրանց հուզող հարցերին։ Մարզպետարանից հայտնում են, որ ներկայումս Տավուշի մարզում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 2727 անձ։ Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ 2024 փետրվարի 13-ի դրությամբ Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնի տեղահանված 786 ընտանիք՝ 2810 անձ,այսինքն՝ 13 օրում Տավուշից հեռացել է 83 արցախցի։ Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզում վերաբնակված արցախցիներից միայն 36-ն է աշխատանք գտել, արցախցիները Տավուշում սեփական բնակարան չունեն, ապրում են վարձակալությամբ կամ այլոց առանձնատներում անվճար:

 

 

ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

Երեւան քաղաքում գրանցված «Հարավկովկասյան երկաթուղի»    ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը 2023թ. հոկտեմբերի 7-ին հայցադիմում է ներկայացրել  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝  ընդդեմ  Իջեւան քաղաքում գրանցված  անհատ ձեռներեց   «Հենրիկ Մուսայելյանի», գումարի բռնագանձման պահանջով։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  նախագահ  Սարգիս Արմենակյանը 2023թ. նոյեմբերի 13-ին որոշում է  կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին։ Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ  հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ Հայցվորն  այդ միջնորդությամբ դատարանին խնդրում  էր պատասխանող կողմին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնել։ Սույն քաղաքացիական հայցով  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում  կայանում են նախնական դատական նիստեր, հաջորդ նիստը նշանակված է մարտի 26-ին։

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում հրապարակված է համայնքի բյուջեից սոցիալական օգնություն ստացած քաղաքացիների ցանկը։  Դրամական օգնություն հատկացնելու մասին որոշումը հաստատել է Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Որոշման մեջ նշված են դրամական օգնություն ստացած 35 քաղաքացիների անուն-ազգանունները, բնակության հասցեները եւ ստացած գումարի չափը։  Ցանկից 21-ը՝ Հաղարծին գյուղի, 3-ը՝ Գոշի, 2-ը՝ Թեղուտի, 2-ը՝ Հովքի,  7-ը Դիլիջան քաղաքի բնակիչներ են։ Աջակցության գումարների չափերը տարբեր են՝ 20 հազարից մինչեւ 100 հազար դրամ։ Այդ տվյալների հրապարակումը  չի՞ հակասում անձնական տվյալների պաշտպանության օրենքին,  այդ հրապարակումն ինչքանո՞վ է էթիկայի առումով ճիշտ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս