ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ՝ ԿԱՐԳԱԲԵՐՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

 

Այսպիսով, առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։

Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը:

Օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։

«Թանգարանների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է թանգարանների  գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, ՀՀ թանգարանային հավաքածուի  ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները, ինչպես նաեւ ՀՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնելու եւ արտահանման գործընթացները:

Օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքների եւ պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը, ոչ պետական թանգարանների հավատարմագրման իրավակարգավորումները եւ համայնքային թանգարանների գործունեության սկզբունքները:

Նշենք, որ օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից ուսումնասիրվել են թանգարանային գործում առաջադեմ համարվող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների  թանգարանային  գործը կարգավորող օրենսդրությունը: Օրենքի նախագծում կիրառվել է նաեւ Թանգարանային միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը:

2023 թվականի հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության «ԹԱՅԵՔՍ» տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է փորձագիտական առաքելության շրջանակում։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մարզիկներին կոչումների վկայագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, ՀՀ սպորտի վարպետի կոչմանն արժանացել են բռնցքամարտիկներ Հեղինե Պետրոսյանը, Սամվել Սիրամարգյանը, Գոռ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Վաղարշակ Քեյանը, Արգիշտի Հակոբյանը, Առնո Դարչինյանը, Ալբերտ Հարությունյանը, Էրիկ Առստամյանը, Արեն Խառատյանը, Արման Միսկարյանը, Գոռ Ազիզյանը, Յուրա Բաբլումյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արշակ Գեղամյանը, Պետրոս Աշկարյանը, սամբիստներ Վազգեն Մարգարյանը, Արսեն Հայրապետյանը, Մհեր Օհանյանը, սուսերամարտիկներ Անահիտ Նավասարդյանը, Կարեն Հակոբյանը, Գրիգոր Մնացականյանը, Հայկ Սահակյանը, լողորդներ Միլանյա Գունկոն, Գոռ Գրիգորյանը, Ժորա Կարապետյանը, Էրիկ Հովհաննիսյանը, թենիսիստներ Էմմա Վարդանյանը, Սյուզաննա Մուրադյանը, պաուերլիֆտինգ մարզաձեւը ներկայացնող Գոռ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ թիավարող Սիմոն Սիմոնյանը:

ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումը լրացրել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Յուրիկ Հովեյանը, Գասպար Տերտերյանը, բռնցքամարտիկներ Էլլադա Քոչարյանը, Ռուսլան Ասլիկյանը, սամբիստներ Նարեկ Դալլաքյանը, Բորիս Շատվերյանը, Ավետիք Պողոսյանը, Վահրամ Գրիգորյանը, Սարգիս Վարդանյանը, նետաձիգ Անդրեյ Հովհաննիսյանը եւ պարածանրորդ Խորեն Ծատուրյանը:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել մեր երկրի պատիվը բարձր պահելու համար:

«Շնորհավորում եմ բոլորիդ այս բարձր կոչումները ստանալու առթիվ: Սա ձեր քրտնաջան մարզումների եւ նվիրված աշխատանքի արդյունքն է: Շատ կարեւոր գործ եք կատարում, ինչը ոգեւորում եւ հավատ է ներշնչում մարդկանց: Ձեր հաղթանակները մեր երկրի համար շատ կարեւոր են, քանի որ յուրաքանչյուր հաղթանակ օգնում է առավել ուժեղ դարձնել Հայաստանը: Մարզական հաղթանակները եւս մեկ ապացույցն են այն բանի, որ երկիրը կարող է առաջ գնալ եւ ապագա ունենալ: Կառավարությունն էլ իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի ձեր արդյունքներն ավելի լավը դառնան, իսկ դուք ավելի գնահատված լինեք»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նշվում է, որ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաեւ մարզիչներին քրտնաջան ու անձնվեր աշխատանքի համար:

 

 




Լրահոս