ՊԱՐԶՎԵԼ ԵՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել են 2024թ. փետրվարի 2-ին Գորիս քաղաքում երեք անձի նկատմամբ կատարված հրազենով մահափորձի դեպքի էական հանգամանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

 

«Մասնավորապես, Ոստիկանության Գորիսի բաժնում նշված օրը հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 12:10-ի սահմաններում Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Դեպքի առիթվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կտարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 5 պարկուճ, որից 2-ը՝ մարտական փամփուշտի, 3-ը` գազային ատրճանակի:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գորիսի 40-ամյա բնակչի նկատմամբ առերեւույթ սպանության փորձ է կատարել վերջինիս համաքաղաքացին, ով նույն միջադեպի ժամանակ կրակոցներ է արձակել նաեւ 40-ամյա տղամարդու երկու եղբայրների ուղղությամբ։

Մասնավորապես, պարզվել է, որ 38-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն հանդիսացող «AK-74» տեսակի ինքնաձիգ, ապօրինի կերպով պատրաստված «Մակարով» տեսակի ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող առնվազն 35 5,45մմ եւ 9մմ տրամաչափի փամփուշտներ:

Դրանք 2024թ. փետրվարի 2-ին իր ավտոմեքենայով ապօրինի կերպով փոխադրել է Գորիս քաղաքի Երեւանյան խճուղի-Խաղաղության փողոցների հատման խաչմերուկ, որտեղ նախկինում ունեցած տարաձայնությունների պատճառով ժամը 12:30-ի սահմաններում իր ավտոմեքենայով փակել է 40-ամյա տղամարդու եղբոր վարած «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ընթացքը եւ իրական վտանգ ստեղծելով ինչպես «ՈւԱԶ»-ի, այնպես էլ դրա հետեւից ընթացող «ՎԱԶ 21074» մակնիշի մեքենայի ուղեւորների կյանքի ու առողջության համար՝ հատկապես «ՈւԱԶ»-ի վարորդին կյանքից զրկելու դիտավորությամբ առնվազն 4 դիմահար կրակոց է արձակել նրա վարած մեքենայի ուղղությամբ` վնասելով այն:

Շարունակելով հանցավոր արարքները՝ տղամարդը մի քանի կրակոց էլ արձակել է «ՈւԱԶ»-ի վարորդի՝ արդեն մեքենաներից դուրս եկած եղբայրների ուղղությամբ, ինչի արդյունքում նրանցից մեկին պատճառվել է ձախ ազդրի հրազենային վնասվածք։

«Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտները սպառվելուց հետո 38-ամյա տղամարդը հանցագործությունն ավարտին հասցնելու դիտավորությամբ մեքենայի սրահից վերցրել է այնտեղ ապօրինի պահած «AK-74» տեսակի ինքնաձիգը, սակայն չի հասցրել դրանով կրակոցներ արձակել, քանի որ «ՎԱԶ 21074»-ի ուղեւորները նրա ձեռքից այն խլել են, ինչից հետո վերջինս, դեպքի վայրում թողնելով մեքենան, դիմել է փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` 3 դրվագ, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Որոշում է կայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, եւ հայտարարվել է հետախուզում։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ բոլոր միջոցառումները տղամարդուն հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ArmLur.am-ը գրել էր՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Գորիսում հնչած կրակոցի մասնակիցները երկար տարիների թշնամանք ունեն միմյանց դեմ, ինչի համար էլ հնչել են այդ կրակոցները։ Կրակոցից տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվտանգության պետի եղբայրն է՝ Ալիկ Աբրահամյանը. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՓԱՅՏԵ ՎԱՌԱՐԱՆԸ ՊԱՅԹԵԼ Է

Փետրվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը եւ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հետազոտման փուլում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Մհեր Խ.-ն է, եւ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում իրենց տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում տեղադրված փայտե վառարանը դեռեւս անհայտ հանգամանքներում պայթել է, ինչից նա վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՎԱՐՏ

Այն, որ Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են իրավապահ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, նորություն չէ, սակայն նույնիսկ այս ոլորտում բոլորը չէ, որ պատրաստ են դեմ գնալ օրենքներին ու անվերապահ կատարել Փաշինյանի ցանկությունները, որոշ դեպքերում՝ անգամ «կապրիզները»:

Պատահական չէ, որ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով գրեթե նույն դատախազներն ու դատավորներն են նշանակվում: Սակայն, որպես օրինաչափություն, Փաշինյանի «սրտի» դատախազներին ու քննիչներին հետաքրքիր ճակատագրեր են սպասվում. նրանք ոչ միայն պարգեւատրվում են, այլեւ ծառայություններից օգտվելուց հետո, ի վերջո, նրանցից բավականին արագ ազատվում են: Ի մասնավորի՝ կարելի է հիշել նախկին քննիչ Հրաչյա Մուշեղյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդման հիմնական դերակատարներից մեկն էր: Մուշեղյանը, ինչպես հայտնի է, հիմնական «պատռվողներից» մեկն էր, որպեսզի Քոչարյանը պարտադիր ազատազրկված լինի։ Նրա հետ նույն գործն ու նույն տրամաբանությունը տանում էին նաեւ մեղադրողները՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը։

Հրաչյա Մուշեղյանը, որը երեւի թե մեծ ակնկալիքներ ուներ Փաշինյանի իշխանությունից, ի վերջո, հայտնվեց լուսանցքում. դուրս եկավ համակարգից, դարձավ փաստաբան, իսկ անցած տարի՝ օգոստոսի 12-ին, դարձավ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի «հեղինակ» (ի դեպ, ղեկին է եղել ոչ սթափ վիճակում), իսկ այսօր բավարարվում է նրանով, որ իրեն՝ որպես նախկին քննիչի, չեն կալանավորել, ժամանակավորապես ազատության մեջ է, ինչպես ասում են, մինչեւ մի լույս կբացվի։

Փաշինյանի իշխանության համար գլխավոր դատախազի պարտականությունները «բարեհաջող» իրականացրած Արթուր Դավթյանը նույնպես հայտնվեց լուսանցքում. մամուլը գրեց, թե ուր որ է Մոսկվայում դասախոսություններ պետք է կարդա, մի անգամ էլ կադրերում երեւաց Արցախի թեմայով փողոց դուրս եկած ժողովրդի մեջ, ու այդպես էլ մինչ հիմա տեղեկություն չկա, թե ինչով է զբաղվում նա։ Բաղդասարյանն ու Պետրոսյանը նոր դատախազ Վարդապետյանի պաշտոնավարման հենց սկզբից դուրս մնացին համակարգից: Ճիշտ է, հետո նրանք պաշտոնների նշանակվեցին ՔԿ-ում, բայց այդ պաշտոնները, մեղմ ասած, «այն չէին»՝ հաշվի առնելով նրանց հավակնություններն ու Փաշինյանին մատուցած ծառայությունները: Դժվար չէ կանխատեսել, թե ինչ «պայծառ ապագա» է սպասվում դատախազ Արթուր Դանիելյանին, որը հիմա ներգրավված է ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ փողոցային ակցիաների մասնակից, ծնունդով արցախցի Սերգեյ Ասատուրովի «գործով»:

 

 




Լրահոս