ՀԻՄՆԱԴՐՎԵԼ ԵՆ ԷԿՈ-ԱԿՈՒՄԲՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված «ԵՄ հանուն շրջակա միջավայրի. կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում Հայաստանում հիմնադրվել են 10 նոր էկո-ակումբներ, հզորացվել են արդեն գործող 5 էկո-ակումբները։ Ծրագրի կրթական բաղադրիչի շնորհիվ համայնքներում խթանվելու է կանաչ կենսակերպը, եւ դասընթացները ներառելու են ինչպես շրջակա միջավայրի պահպանությանը, կանաչապատմանը, այնպես էլ կենցաղային թափոնների կառավարմանը, էներգաարդյունավետությանը եւ էներգախնայողությանը վերաբերող հարցեր։ Կազմակերպվելու են նաեւ համայնքներում իրազեկման մակարդակը բարձրացնող միջոցառումներ։  

 

Այս մասին ընդգծեցին ծրագրի պատասխանատուները ծրագրի փակման եւ արդյունքների ամփոփման միջոցառմանը՝ փետրվարի 29-ին, Երեւանում։ Ծրագիրն իրականացրել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ու «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ողջույնի խոսքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը նշեց, որ շրջակա միջավայրին վերաբերող տարատեսակ հարցերը մշտապես Եվրամիության ուշադրության կենտրոնում են, որի պատվիրակության հանձնառություններից մեկն էլ այդ հարցերում մասնագիտացված կառույցներին օգնելն ու աջակցելն է, երբ խոսք է գնում օրինակ գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին։

«Կանաչ գործարքը մեզ համար ունի կենսական նշանակություն, քանի որ մեր գործունեության մի ուղղությունը միտված է շրջակա միջավայրին առնչվող խնդիրների լուծմանը, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը, կենսաբազմազանության կորուստը, հետեւաբար սատարում ենք մի շարք ծրագրերի։ Դրանցից են, օրինակ, վերականգնվող էներգիայի աղբյուրների խթանումը, շրջանաձեւ տնտեսության զարգացումը եւ թափոնների նվազումը։ Ծրագրերի իրագործման գործում կիրառում ենք մեր իրավասության ներքո գտնվող հնարավորությունները։ «Կանաչ գործարքի» շրջանակում շատ կարեւոր է այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ հնարավոր կլինի ստանալ ավելի մաքուր էներգիա եւ բնապահպանական իրավիճակը դարձնել ավելի բարվոք»,- ասաց Հեսսը։

Նրա խոսքով՝ կլիմայական փոփոխություններին դիմագրավելու առումով կատարվում են զգալի աշխատանքներ՝ հաշվի առնելով էկոհամակարգի առանձնահատկությունները։ Իրականացման փուլում է նաեւ այնպիսի ծրագիր, որն առնչվում է Սեւանա լճի բնապահպանական խնդիրներին, իսկ Երեւանում ընթացքի մեջ է թափոնների վերահսկման ծրագիրը։ ԵՄ պատվիրակությունը Հայաստանում աշխատում է ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

«Մասնավորապես «Էյ Թի Փի» ծրագիրը շատ կարեւոր է այն առումով, որ ընդգրկում է շրջակա միջավայրի կոնկրետ հարցերի վերաբերող շրջանակ։ Մեզ համար մեծ նշանակություն ունի նաեւ այն հանգամանքը, որ երիտասարդները լինեն իրազեկված շրջակա միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասով եւ կարողանան պատշաճ քայլեր ձեռնարկել Եվրամիության կողմից աջակցության արժանացած ծրագրերի շրջանակում։ Վերջին երեք տարիների ընթացքում ԵՄ-ն ծախսել է 300 միլիոն դրամ, եւ սա այն ոլորտն է, որտեղ ծրագրերը պետք է կրեն շարունակական բնույթ»,- ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի համակարգող Ռուզաննա Առուստամյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, որի իրականացման ճանապարհն իրենք անցել են պատասխանատու գործընկերների հետ, որոնք ակտիվորեն ներգրավվել են ծրագրի տարբեր փուլերում։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԲԼՈԿՉԵՅՆ ՇՈՒԿԱՅԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

Հյուրընկալվելով հայաստանյան «Առաջին ալիք»-ի «Հարցազրույց» հաղորդաշարին՝ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է երկրում եւ ամբողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների տարածմանը եւ շուկայի միտումներին։

 

Պարոն Աբրահամյանը խոսել է վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի եւ նոր սերնդի «թվային վստահության ձեւավորման» մշակույթի մասին։ Այսօր բլոկչեյնի նորարարական լուծումները թույլ են տալիս համաշխարհային թվային ակտիվների շուկայում իրականացնել հեշտ եւ արագ գործարքներ՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։ Հարցին, թե ինչ կտա թվային դրամի ներմուծումը հայաստանյան կենցաղ եւ երկրի քաղաքացիներին, պարոն Աբրահամյանը պատասխանել է. «Թվային դրամի ներմուծումը հնարավորություն կտա «ծրագրավորված փող» օգտագործել  կյանքի տարբեր ոլորտներում` սկսած հարկերի ավտոմատ վճարումներից, պետական ֆինանսների օպտիմալ տնօրինումից մինչեւ առեւտրային գործարքներում տարբեր տեսակի երաշխիքների տրամադրումը»։

Անդրադարձ է եղել նաեւ թվային ակտիվների տեսակներին եւ կիրառելիության ոլորտներին։ Հաղորդաշարի հյուրը պատմել է, որ դրանք կարող են օգտագործվել որպես արժույթ ժամանցային ոլորտում, վճարային նպատակներով տարբեր գործարքներ իրականցնելիս,  ինչպես նաեւ հանդիսանալ բլոկչեյն հարթակի հիմնական կրիպտոարժույթ։ Օրինակ՝ հայկական արմատներով առաջին թվային ակտիվը՝ FTN-ը, Bahamut բլոկչեյնի հիմնական արժույթն  է։

Աբրահամյանի խոսքով՝ տեղական շուկայում օրենսդրական կարգավորումներն ընթացքի մեջ են։ Նախատեսվում են հանդիպումներ բլոկչեյն ծրագրային լուծումներ եւ թվային ակտիվների ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ կարգավորող մարմնի միջեւ: Սա ոլորտի զարգացման գործընթացում կարեւոր քայլ է։

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ՄԱՐԶՊԵՏԸ

Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին նախկինում տեղեկատվական հարցում ենք արել՝ նրան հարցնելով՝ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ընդհանուր թվով քանի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Մարզպետը այդ հարցին չէր պատասխանել։ Փետրվարի 21-ին նորից ենք նրան տեղեկատվական հարցում ուղարկել, որի մեջ նշել ենք. «Փետրվարի 12-ին իմ ուղարկած հարցման 3-րդ կետով հարցրել եմ՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը սկսվելուց հետո մինչ այժմ Տավուշի մարզի դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել այդ գործընթացին։ Ձեր պատասխանում չեք հայտնել կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների ընդհանուր թիվը։ Խնդրում եմ հայտնել այդ թիվը»։ Մարզպետի պատասխանում նշված է. «Քանի որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորմանն իրենք են հայտագրվում, հետեւաբար մենք չունենք տեղեկատվություն այն մասին, թե քանի ուսուցիչ է մասնակցել այդ գործընթացին»: Ութ տասնյակ աշխատակից ունեցող Տավուշի մարզպետարանն ընդամենը երկու ոլորտ է ղեկավարում՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի առողջապահական հիմնարկները: Մարզպետն անտեղյակ է, թե իր ղեկավարած հանրակրթական դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Ուսուցիչները ատեստավորմանը կամավոր են մասնակցել, սակայն դրան մասնակցած ուսուցիչների մասին տեղյակ է տվյալ դպրոցի տնօրենը, որն էլ այդ տեղեկատվությունը տրամադրում է վերադասին՝ մարզպետարան։ Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների թվին անտեղյակ կամ անտեղյակ ձեւացող մարզպետ Ղալումյանը եւ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաները 2023 թվականին պետբյուջեից 71 միլիոն 960 հազար դրամ պարգեւավճար են ստացել: Ինչո՞ւ են ստացել, իրենց գործից անտեղյակությա՞ն համար։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՆ

Մարզպետարանից հայտնում են, որ ներկայումս Տավուշի մարզում բնակվում է Արցախից բռնի տեղահանված 2727 անձ։ Տավուշի մարզպետին հարցրել ենք, թե  Տավուշի մարզում վերաբնակված արցախցիներից քանիսը  Տավուշի մարզում հիմնական աշխատանք, սեփականության իրավունքով բնակարան, տուն ունի։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ  Տավուշի մարզում Լեռնային Ղարաբաղից  վերաբնակեցված 205 քաղաքացիներ ունեն հիմնական աշխատանք։ ՀՀ Տավուշի  մարզում վերաբնակեցված սեփականության իրավունքով  բնակարան կամ տուն ունեցող  քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս