Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ներդրվում է կենցաղային կոշտ թափոնների տեսակավորման համակարգ։
Ինչպես տեղեկացանք Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, օրերս Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, դպրոցի աշակերտների, Սեւանի համայնքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Սեւանում թափոնների տեսակավորում» ծրագրի համակարգող Հարություն Ալպետյանը:
Ըստ բանախոսի՝ Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ: Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է շուրջ 300 աղբանոցներ: Երկրի մի քանի բնակավայրերում մասնակի ներդրվել են թափոնների տեսակավորման համակարգեր, սակայն դրանց շնորհիվ հավաքվում է երկրում վերամշակվող ապակե, թղթե, պլաստիկ եւ մետաղյա թափոնների ոչ ավելի քան 5 տոկոսը: Դրանց հիմնական մասը՝ մոտ 95 տոկոսը, տեսակավորվում է հենց աղբանոցներում ոչ ֆորմալ խմբերի կողմից: Արդյունքում՝ առաջ են գալիս մի շարք խնդիրներ՝ ներառյալ անկառավարելի հրդեհներ, մթնոլորտային արտանետումներ եւ համայնքի ֆինանսական կորուստներ:
Հանդիպում-քննարկման ընթացքում, որը միաժամանակ նաեւ իրազեկվածության բարձրացմանն էր միտված, վեր են հանվել աղբահանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ, տեղական նշանակության հարցեր:
Ինչպես նշել են հանդիպման կազմակերպիչները, աղբահանության մշակույթի ձեւավորման ճանապարհին անգնահատելի է ուսումնական հաստատությունների դերը, աշակերտների ակտիվ եւ անմիջական մասնակցությունը, որի շնորհիվ ձեւավորված կամավորական շարժումը ոչ միայն ծրագրի ընթացքում, այլ դրանից հետո էլ կարող է տալ ցանկալի արդյունք:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականը, առաջարկել ոլորտային լուծումներ, որոնց առանցքում աղբի տեսակավորումն էր, այսինքն՝ այն հիմնախնդրի լուծումը, որը Սեւան քաղաքում իրականացվող այս ծրագրի վերջնանպատակն է:
Ավագ դպրոց աշակերտների կողմից ներկայացված շնորհանդեսային նյութն էլ աղբահանության ոլորտում առկա խնդիրների բացահայտմանը զուգահեռ լուծման տարբերակներ է առաջարկել:
Ինչպես նշեցին հանդիպման մասնակիցները, Սեւան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը կբերի մի շարք դրական փոփոխությունների:
«Ծրագրի հաջող իրականացման համար կարեւոր է Սեւանի բնակիչների աջակցությունը, որի շնորհիվ էլ հնարավոր կլինի ունենալ տեսանելի արդյունք աղբահանության ոլորտում նոր մշակույթի ձեւավորման ճանապարհին: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ Սեւանի համայնքապետարանի հետ համատեղ»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Փետրվարի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի արդեն նախագահ Գեղամ Գեւորգյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ բենզինի շուկայում ավելացել է երկու նոր տնտեսվարող: Նա հայտնեց, որ առաջին խոշոր տնտեսվարողի մասնաբաժինը կրճատվել է 10 տոկոսով:
ArmLur.am-ը կապ հաստատեց տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ նոր տնտեսվարողները բենզինի շուկայում. «Մեր կազմակերպության կողմից կատարվել է բենզինի շուկայի հետազոտություն, մասնավորապես՝ համադրել ենք միջազգային շուկան ձեւավորող գները, Հայաստանի Հանրապետության եւ ներքին շուկայի գները: ՀՀ-ում բենզինի գները որոշվում են ոչ թե ներքին որոշակի օլիգարխիկ համաձայնություններով, այլ սահմանին, այսինքն՝ եթե նայենք մեր շուկայի գները, համաշխարհային գները, ինչպես նաեւ սահմանին ձեւավորվող գները, համահունչ են ձեւավորվում»:
Տնտեսագետի խոսքով՝ 2023 թվականի երկրորդ կեսին բենզինի գնի թանկացման պատճառը հիմնականում համաշխարհային բենզինի գների թանկացումն էր, եւ դա ազդեց, որ թանկանա նաեւ Հայաստանում՝ ընդհուպ մինչ 580 դրամ:
«Ասեմ, որ արդեն իսկ մեզ մոտ բենզինի գները բավականին մրցակցային են, եւ այնպես չի, որ ներքին շուկայի վաճառողներն են գին թելադրողները. գինը թելադրում են սահմանին»-հավելեց նա:
Աղասի Թավադյանի կարծիքով՝ տնտեսվարողների ավելացումը կվերաֆիկացնի հայկական շուկան, դա չի ազդի գնի իջեցման վրա: Համաշխարհային բենզինի շուկայում գները կայունացել են:
«Կարելի է հետեւություն անել, որ մրցակցությունը մեծանալու է, ինչքան մեզ մոտ բենզին վաճառողները շատանան: Քանի որ այս տարի ՌԴ-ի ներքին շուկայում կարգավորումներ են, ապա բենզինի գինը հնարավոր է, որ մեզ մոտ էլ փոփոխություններ կրի: Հիմա մեզ մոտ Ռեգուլյարը 490 դրամ է, որը վերջին կետն է, առաջիկայում բենզինի գինը կա՛մ կպահպանվի, կա՛մ կաճի՝ կախված համաշխարհային շուկայից»,-հավելեց նա:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՉԻԿՑԻՆԵՐԻՆ
ՀՀ կառավարությունը որոշել է 65,7 միլիոն դրամ հատկացնել Վայոց ձորի Խաչիկ գյուղի այն բնակիչների պարտավորությունների մարմանը, որոնք, որպես երկու վարկառուի երաշխավոր, զեղծարարության զոհ են դարձել։
Այս մասին ՀՀ կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, որ այդպիսով կզրոյացվի Խաչիկ գյուղի բոլոր այն բնակիչների պարտավորությունները, ովքեր չիմացության ու վստահության զոհ էին դարձել որպես վարկառուների երաշխավոր։
Նա համառոտ ներկայացրեց, որ Խաչիկում տարիներ առաջ վարկառու երկու քաղաքացի ինչ-որ մեխանիզմներով որպես երաշխավոր ընդգրկել էին գյուղի մի քանի տասնյակ բնակիչների, սակայն այնուհետեւ չեն կատարել ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով տուժել էին գյուղացիները։
Փաշինյանի խոսքով՝ աջակցության առաջնային նպատակն այն է, որ սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչները եւս կարողանան օգտվել բնակելի տներ կառուցելու պետական աջակցության ծրագրից։
Ընդունված որոշման արդյունքում խաչիկցիները հնարավորություն կունենան որոշակի վարկեր ստանալ, օգտվել համապատասխան ծրագրերից, ինչից զրկված էին նախկինում։
Անդրադառնալով այդ աղմկահարույց, քրեական գործի հարուցմամբ ուղեկցված պատմությանը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն էլ պարզաբանել է, որ Խաչիկ գյուղի 77 բնակիչ դրա հետեւանքով նաեւ վարկառու է համարվում, չնայած իրենց փոխարեն այլ անձինք են ստացել վարկերը։
Հարուցված համապատասխան քրեական գործի արդյունքում այդ քաղաքացիների վարկային պարտավորությունները մարվել են։
Կառավարության որոշմամբ հատկացվող գումարի շնորհիվ կզրոյացվեն վարկային երկու կազմակերպությունում այդ քաղաքացիների ունեցած վարկային տոկոսների, տուգանքների, ինչպես նաեւ դատական ծախսերի մնացած մասը, որն ընդհանուր 50 մլն դրամ է կազմում։
Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, իրավական հիմքեր չկան եւ ճիշտ չէ վարկային համապատասխան շտեմարաններից ջնջել այդ քաղաքացիների պարտավորությունների պատմությունը։
«Մարելու հաջորդ օրվանից այնտեղ կերեւա, որ այդ մարդիկ զրո պարտավորություն ունեն։ Հատուկ նշում կարվի, որ այս դեպքում նրանք եղել են այդ զեղծարարության զոհը եւ պարտավորություններ իրականում չեն ունեցել»,-պարզաբանել է ԿԲ նախագահի տեղակալը։