ԱՐԽԻՎԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատ-Էսքիջյան» թանգարան-հետազոտական կենտրոնը (ԱԷԹՀԿ) եւ Հայոց ցեղասպանության հետազոտման կենտրոնը (ՀՑՀԿ) միասնաբար հայտարարում են, որ սկսել են թվայնացնել պրոֆ. Վահագն Տատրյանի արխիվը։

 

Պրոֆ. Վահագն Տատրյանը (1926-2019) Հայոց ցեղասպանության աշխարհառչակ ուսումնասիրող է, որը միաժամանակ ցեղասպանության հետազոտությունը ակադեմիական մակարդակի է բարձրացրել։ Բազմաթիվ դասախոսությունների ու գիտական հրատարակությունների միջոցով նա Հայոց ցեղասպանությանը մեծ ճանաչողություն է ապահովել։ Այս մասին իր ունեցած արխիվային նյութերը եւ գրքերը չափազանց կարեւորություն ունեն բոլոր նրանց համար, որոնք ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ենթահողը, ընթացքն ու հետեւանքները։

Իր երկարամյա գործունեության ընթացքում պրոֆ. Վ. Տատրյանը շատ հարուստ արխիվային նյութեր է հավաքել։ Նրա արխիվում կան բազմահազար էջեր ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, հայկական եւ օսմանյան արխիվներից,  ինչպես նաեւ ցարդ անտիպ նյութեր ու զանազան լեզուներով մամուլի հրապարակումներ։ Իր մահից առաջ պրոֆ. Տատրյանն այս արխիվը փոխանցել է «Արարատ-Էսքիջյան» թանգարանին,  իսկ նրա գրքերի մեծ հավաքածուն այժմ գտնվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Էդուարդ Դոհընի Կրտսերի անունը կրող գրադարանում։

2009 թ. Տատրյանի արխիվը Բոսթոնից փոխադրելու երկարատեւ աշխատանքներից հետո «Արարատ-Էսքիջյան» թանգարանը ձեռնամուխ եղավ այս նութերը թվայնացնելու ծրագրին դրանք մասնագետների հասու դարձնելու համար։ Արխիվի փոխադրման եւ նախնական թվայնացման աշխատանքները կազմակերպել է եւ իրականացրել թանգարանի տնօրեն Մագի Գոշին Մանգասարյանը. մի անձնավորություն, որը  ամբողջ հոգով ու սրտով նվիրված է այս կարեւոր գործին։ Այսպես, 2018 թ. 110.000 էջերից հնարավոր է եղել թվայնացնել եւ ցուցակագրել 28.000-ը։ 2023 թ. ստանալով մեծ դրամաշնորհ՝ թանգարանը պետք է սկսի թվայնացնել եւ ցուցակագրել մնացյալ 80.000 էջերը եւս։

Սույն ծրագրի շրջանակում հետազոտողներին դյուրություն ընծայելու նպատակով թվայնացված նյութերը պետք է օժտվեն բանալի բառերի փնտրելու համակարգով։ Այս աշխատանքին մասնակից է Քլարքի համալսարանից դոկտ. Աննա Ալեքսանյանը, իսկ ծրագիրը ղեկավարում է պրոֆ. Թաներ Աքչամը։ Այն նախատեսվում է ավարտին հասցնել  2025 թ. դեկտեմբերին, որից հետո արխիվը կտրամադրվի համացանցով։ Շուտով «Արարատ-Էսքիջեան» թանգարանն առցանց հանդիպումի միջոցով կներկայացինի իր այս ծրագիրը։ Այս մասին լրացուցիչ կհայտարարվի թանգարանի կայքէջով։

«Արարատ-Էսքիճեան» թանգարանը հիմնել է 1985 թ. հունիսին Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուտեր Էսքիջյանը։ Թանգարանում հավաքվել են յուրահատուկ նութեր ու գրքեր, ազգագրական տարատեսակ նմուշներ։ Թանգարանը նաեւ մշակութային կենտրոն է՝ արվեստագետների, հետազոտողների եւ համայնքային գործիչների համար, որոնք պարբերաբար ելույթներ են ունենում այնտեղ հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութերով։ Թանգարանը նաեւ դաստիարակչական նշանակություն ունի. պատահական չէ, որ  այցելուների շարքում են համայնքի դպրոցականները։ Իսկ Հայոց ցեղասպանության ծրագիրը հիմնվել է 2022 թ. UCLA համալսարանում՝ որպես “The Promise” հայկական հիմնարկի մաս։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՀՈՒՇԱՐՁԱՆ՝ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ

Հայտնի է հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հուշարձանի նախագծի հաղթող տարբերակը:

 

Ընդհանուր առմամբ ստացվել էր 60-ից ավելի հայտ, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում էին 100-ը: Հաղթող քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է, որը 9 ձայնով առաջ է ընկել մնացած տարբերակներից, երկրորդ տեղը 2 ձայնով զբաղեցրել է Արմենակ Վարդանյանի քանդակը, որը խրախուսական դրամական պարգեւի կարժանանա:

Ընտրող հանձնաժողովի կազմում 11-ն էին, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ եւ այլք:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ անելու են հնարավորը, որ մինչեւ տարեվերջ հուշարձանը կանգնած լինի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

«Մենք ընդամենը կոնցեպտն ենք համաձայնեցրել, ընտրված տարբերակը մշակումներ կանցնի, որը կրկին հանրության ուշադրության կենտրոնում կլինի: Սա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կարեւոր կատարվելիք աշխատանքներից մեկն էր: Նա մեր ազգի համար շատ մեծ նշանակություն ունի: Նա իր արվեստով, երգերով մեր ընտանիքները, մանկությունն ու երիտասարդությունն է լցրել: Վստահ եմ, որ այս քանդակը իրապես արտացոլելու է այն էներգիան, որը Ազնավուրը իր կյանքի ընթացքում փոխանցել է մեզ»,- ասաց քաղաքապետը:

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, շնորհակալություն հայտնեց բոլոր այն քանդակագործներին, որոնք մասնակցել են մրցույթին:

«Ես տեսնում եմ, որ բոլորն իրենց հոգին ու սիրտը ներդրել են իրենց գործերում: Դժվար էր ընտրությունը կատարել, բայց լիահույս ենք, որ այն, ինչ ընտրել ենք, կարդարացնի մեր եւ հասարակության սպասելիքները: Մենք այս քանդակի միջոցով տեսնում ենք նաեւ հասարակությանը: Հայրս այս քանդակում մենակ չէ, այլ իր հասարակության հետ, որը շատ կարեւոր է»,-ընդգծեց Նիկոլա Ազնավուրը: Նա տեղեկացրեց՝ Ֆրանսիայում տեղադրվող քանդակի աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն առաջինը կբացվի Շառլ Ազնավուրի անունը կրող այգին, որը լինելու է Փարիզի կենտրոնում:

 

 

 

ՁԳՏԵԼՈՒ Է ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԻՆ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները` Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը, ամփոփել են աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի արդյունքները:

«Իսկապես, դժվար է անընդհատ ոսկե մեդալ նվաճել, քանի որ դրա համար անդադար լավ մարզավիճակում պետք է լինես: Ես տեւական ժամանակ բուժվում էի վնասվածքից: Այս հավաքի ժամանակ միայն մի քիչ ուշ հաջողվեց մարզավիճակս կարգի բերել, բայց հաղթանակը հեշտ չի տրվում, ամեն ինչ պետք է անես երկրի պատիվը բարձր պահելու համար: Այստեղ բարդությունը նրանում է, որ դու կարողանաս ինքդ քեզ հաղթես: Այժմ վնասվածքներ չունեմ, աշխարհի առաջնությունից հետո ամբողջապես վերականգնվել եմ: Բայց սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է »,- ասաց Արթուր Դավթյանը:

Վերջինիս համար աշխարհի գավաթի խաղարկության փուլերում հիմնական մրցակիցն Ուկրաինան  ներկայացնող մարզիկն էր:

Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթների խաղարկության արծաթե եւ բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանի խոսքով` թե՛ Եգիպտոսում, թե՛ Գերմանիայում ինքը փորձել է առավելագույնս լավ մասնակցություն ունենալ մրցաշարին:

«Կարեւորն այն է, որ աշխարհ գավաթի խաղարկության երկու փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրեցինք: Կարող էի առավել բարձր հորիզոնականներ զբաղեցնել, բայց միավորների ցածր տարբերությամբ մրցակցային տեղերն այլ կերպ բաշխվեցին»,-ասաց նա:

Անդրադառնալով Փարիզի օլիմպիական խաղերի հնարավոր ուղեգրին` Վահագն Դավթյանը շեշտեց, որ աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին լավ է նախապատրաստվելու ու ձգտելու է առավելագույնին:

 

ՄԵԿՆԵԼ ԵՆ

Հայաստանի կանանց եւ տղամարդկանց բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչները մեկնել են Իտալիա` Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

Տղամարդկանց թիմի կազմից ուղեգրի համար կպայքարեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), իսկ կանանցից` Անուշ Գրիգորյանը (50 կգ), Տաթեւիկ Խաչատրյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ) եւ Անի Հովսեփյանը (70 կգ):

 




Լրահոս