«Գերմանական առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտությանը»․ Գերմանիայի առողջապահության նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի հնարավոր ռազմական հակամարտությանը, ասել է Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Կառլ Լաուտերբախը՝ գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում։

Նախարարի խոսքով՝ բժիշկների և հիվանդանոցների նախապատրաստումը ռազմական իրավիճակին ոմանց կողմից կարող է ընկալվել որպես վախ սերմանող։

«Մեզ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգում փոփոխություն, ավելին, Գերմանիան դաշնակցային պարտավորությունների շնորհիվ կարող է դառնալ այլ երկրներից վիրավորներին օգնություն ցուցաբերող կենտրոն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիան Ուկրաինայից արդեն ընդունել է ավելի շատ վիրավորի, քան ցանկացած այլ եվրոպական երկիր՝ գրեթե հազար մարդ։

«Ճգնաժամի դեպքում յուրաքանչյուր բժիշկ, յուրաքանչյուր հիվանդանոց և առողջապահական բաժանմունք պետք է իմանա, թե ինչ անել: Մեզ պետք է հստակ պատասխանատվություն, օրինակ՝ գերմանական հիվանդանոցների միջև մեծ թվով վիրավորների բաշխման համար: Անհրաժեշտ է հստակեցնել ճգնաժամի դեպքում բժշկական անձնակազմի տեղակայման և բաշխման կարգը: Եվ այս ամենը պետք է գործնականում մշակվի», – ասել է նախարարը:

Նա պարզաբանել է, որ անհրաժեշտ է ոչ միայն «ավելի լավ պատրաստվել ապագա համաճարակներին», այլև «խոշոր աղետներին և հնարավոր ռազմական հակամարտություններին»։ Նախարարը հավելել է, որ օրինագիծը կներկայացնի մինչև ամառ և ակնկալում է, որ կառավարությունն այն արագ կընդունի։

«Այն պետք է լավ պատրաստված լինի, մենք արդեն մտքեր ենք փոխանակել Գերմանիայի զինված ուժերի մասնագետների հետ և աշխատում ենք պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության հետ», – ասել է Լաուտերբախը։




Լրահոս